ՏՏՀ/Ծովակաղամբ
ԾՈՎԱԿԱՂԱՄԲ, ծովային գորշ ջրիմուռներ։ Արդյունահանում են ճապոնական, Օխոտի, Սպիտակ և Բարենցի ծովերում։ Ծ. պարունակում է ածխաջրեր, օրգանական թթուներ, հանքային նյութեր և վիտամիններ (A, C և B խմբի)։ Խոհարարության մեջ (հատկապես ճապոնական և չինական) օգտագործվում է բրնձի, մսի և ձկան կերակրատեսակներում, աղցաններում, բանջարեղենի ապուրներում՝ որպես համեմունք։ Վաճառվում է պահածոյացված, սառեցրած և չորացրած։ Չորացրած Ծ. պետք է մաքրել ավելորդ խառնուրդից և օգտագործելուց 10-12 ժամ առաջ թրջել սառը ջրում (1 կգ Ծ-ին՝ 7-8 լիտր ջուր), որից հետո լավ լվանալ։ Սառեցրած Ծ. պետք է հալեցնել սառը ջրում, հետո լվանալ։ Ծ. եփելու համար վրան լցնում են սառը ջուր, եռացնում ուժեղ կրակի վրա և եփում 15-20 րոպե։ Եփուկը քամելուց հետո Ծ. պետք է լցնել տաք ջրի մեջ (45-50 °C) և նորից եփել 15-20 րոպե։ Նորից փոխել ջուրը և եփել երրորդ անգամ, որից հետո եփուկը դատարկել։ 3 անգամ եփված Ծ. համեղ է։
Թթու դրած Ծ. Ծ. եփել (վերը նշված ձևով), քամիչով քամել, վրան լցնել սառը թթվաջուր և պահել 8-10 ժամ։
500 գ եփած Ծ-ին՝ 150 գ 3 %-անոց քացախի լուծույթ, 1,5 ճաշի գդալ շաքարավազ, 2-3 դափնու տերև, 5-6 մեխակ, աղը՝ ըստ ճաշակի։