Jump to content

ՏՏՀ/Կանխարգելիչ պատվաստումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կանխարգելիչ պատվաստումներ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 287
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ, որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ վարակամերժություն (իմունիտետ) ստեղծող պատվաստումներ. օրգանիզմ են ներմուծվում վակցինաներ կամ շիճուկներ։ Վակցինաները պարունակում են հիվանդությունների կենդանի (թուլացրած) կամ մահացած (սպանված) հարուցիչներ՝ բակտերիաներ և վիրուսներ, երբեմն բակտերիաների մզվածքներ կամ վնասազերծած թույներ (անատոքսիններ)։ Վակցինաներ ներմուծելիս օրգանիզմում մշակվում են պաշտպանական նյութեր՝ հակամարմիններ և հակաթույներ, որի հետևանքով որոշակի ժամանակ անց վարակամերժություն է ստեղծվում այն հիվանդության հանդեպ, որի հարուցիչները պարունակվում են վակցինայում։ Յուրաքանչյուր վակցինայի համար մշակված է որոշակի բաժնեչափ և ներմուծման եղանակ։ Որոշ վարակիչ հիվանդությունների հանդեպ վակցինացումն անցկացնում են 2 կամ 3 ընդունմամբ. օրինակ, պոլիոմիելիտի, կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ՝ 3 անգամ, 1,5 ամսվա ընդմիջումով։ Ժամանակի ընթացքում պատվաստումների օգնությամբ ստացված վարակամերժությունը կարող է թուլանալ, ուստի որոշակի ժամկետից հետո պատվաստումները հարկավոր է կրկնել (կրկնապատվաստում)։

Համաձայն Կ. պ-ի օրացույցի (հաստատված 1980-ին) երեխային կյանքի 4-7-րդ օրը վակցինացնում են տուբերկուլոզի, 3 ամսականից՝ պոլիոմիելիտի, կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ, 12 ամսականում՝ կարմրուկի, կյանքի երկրորդ տարում՝ խոզուկի դեմ, ինչպես նաև կատարում են կրկնապատվաստում պոլիոմիելիտի, երրորդ տարում՝ կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ։ Դպրոց ընդունվելուց առաջ կրկնապատվաստում են կարմրուկի, 7 տարեկանում (առաջին դասարան)՝ տուբերկուլոզի, 7-8 տարեկանում՝ պոլիոմիելիտի, 9 տարեկանում՝ դիֆթերիայի և փայտացման, 11-12 տարեկանում՝ տուբերկուլոզի, 15-16 տարեկանում՝ պոլիոմիելիտի, 16 տարեկանում՝ դիֆթերիայի և փայտացման, 16–17 տարեկանում՝ տուբերկուլոզի, այնուհետև 5-6 տարին մեկ մինչև 30 տարեկանը, դիֆթերիայի և փայտացման դեմ՝ 26, 36, 46 և 56 տարեկանում։

Կ. պ. կատարում են նաև այլ հիվանդությունների դեմ հատուկ ցուցումներով։ Եթե պահանջվում է շուտափույթ ստեղծել ժամանակավոր վարակամերժություն (օրինակ, կարմրուկով հիվանդի հետ շփվելիս, կենդանիների կծելու կամ կեղտոտված վերքի դեպքում), ներարկում են շիճուկներ կամ գամմա-գլոբուլիններ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ տվյալ վարակի հանդեպ։ Պատվաստումից առաջ կատարում են բժշկական զննում։ Սուր հիվանդության ժամանակ պատվաստումներ չեն կատարում։ Պատվաստումից հետո անհրաժեշտ է մի քանի օր խուսափել գերհոգնածությունից, գերտաքացումից կամ սառեցումից։ Այդ օրերին երբեմն մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, լինում է գլխացավ, ընդհանուր թուլություն, վակցինայի ներմուծման տեղում առաջանում են ցավ և բորբոքային ռեակցիաներ։ Այդ երևույթները սովորաբար տևում են մի քանի ժամից մինչև 1-2 օր և վտանգավոր չեն։ Կ. պ. բավականին թեթևացնում են վարակիչ հիվանդության ընթացքը, եթե արդեն այն սկսվել է։