ՏՏՀ/Կապույտ հազ
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ, սուր վարակիչ հիվանդություն. առավելապես բնորոշ է մինչև 8 տարեկան երեխաներին։ Երբեմն հիվանդանում են նաև մեծահասակները։ Հիվանդները վարակիչ են հիվանդությունն սկսվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Հարուցիչը՝ բակտերիան, հիվանդից փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հարուցիչի անկայունության պատճառով, վարակը հազվադեպ կարող է փոխանցվել հիվանդի հետ շփված առարկաների (խաղալիքներ կամ ամանեղեն) միջոցով։ Գաղտնի շրջանը 2-15 (հաճախ 5-7) օր է։
Սովորաբար Կ. հ. տևում է 6-7 շաբաթ, սկսվում է հազով, երբեմն ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ, թեթև հարբուխով։ Աստիճանաբար հազն ուժեղանում է (հատկապես գիշերը)։ 2-3-րդ շաբաթում այն դառնում է ջղաձգային։ Հաճախ նոպան ավարտվում է փսխումով։ Այդ շրջանը տևում է 2 շաբաթ, հազվադեպ մինչև 2 ամիս։ Այնուհետև հազը թուլանում է, նոպաները դառնում են հազվադեպ, ընթանում են թեթև, և հիվանդն առողջանում է։ Փոքրերի և թուլակազմ երեխաների Կ. հ. երբեմն ուղեկցվում է բրոնխաբորբով, թոքաբորբով։ Հիվանդությունը (հատկապես մեծահասակների և պատվաստված երեխաների) առանձին դեպքերում կարող է ընթանալ ոչ բնորոշ ձևով՝ առանց հազի ջղաձգային նոպաների, սակայն այդպիսի հիվանդները նույնպես վարակի աղբյուր են։ Եթե երեխան հազում է, անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի Կ. հ. ժամանակին հայտնաբերվի։ Հիվանդների հետ շփված մինչև 7 տարեկան երեխաներին հարկավոր է մեկուսացնել, չթույլատրել մանկական հիմնարկ հաճախել 14 օր՝ մեկուսացման օրից սկսած և 25 օր եթե հիվանդը չի մեկուսացվել։ Չի կարելի երեխային տրանսպորտով փոխադրել։
Մաքուր օդում երկարատև զբոսանքը բարելավում է հիվանդության ընթացքը։ Ամռանը խորհուրդ է տրվում ամբողջ օրը լինել դրսում, ձմռանը -10 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում և քթային ազատ շնչառության առկայության դեպքում օրը 4-5 ժամ։ Անհրաժեշտ է հիվանդի սենյակը լավ օդափոխել, կերակրել հաճախակի (օրը մինչև 10 անգամ), բայց փոքր բաժիններով։ Կերակուրը պիտի լինի սննդարար և մանրացրած (ապուրներ, տրորած կաթնաշոռ, մրգերի խյուս, աղացած միս)։ Հետաքրքիր խաղերով, խաղալիքներով զբաղված երեխաների Կ. հ-ի նոպաները հաճախակի չեն և ընթանում են թեթև։ Հազի նոպայի ժամանակ ծնողները պիտի իրենց հանգիստ պահեն, սարսափած տեսքով չվախեցնեն երեխային, փոքրիկներին գրկեն, իսկ մեծերին նստեցնեն։ Ուժեղ նոպայի ժամանակ պետք է երեխայի գլուխը բռնել։ Հիվանդության ընթացքում երեխան պիտի գտնվի բժշկի հսկողության տակ։ Հիվանդության ավարտից հետո հատուկ վարակազերծում չի պահանջվում, բավական է սենյակն օդափոխել, կատարել խոնավ մաքրում։ Կ. հ-ի պատվաստումները կարող են երեխային զերծ պահել հիվանդությունից, իսկ հիվանդանալու դեպքում՝ թեթև տանել։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Կանխարգելիչ պատվաստումներ։