Jump to content

ՏՏՀ/Կեքս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՔՍ, քաղցր խմորեղեն։ Պատրաստում են խմորիչով կամ բիսքվիտի խմորից։

Կ. կիտրոնով. փափուկ կարագը, շաքարավազը, կիտրոնի քերած կեղևը և վանիլինը խառնել, հարել, ավելացնել ձու, աղի և սոդայի հետ խառնած ալյուր և արագ խմոր հունցել։ Պատրաստի խմորը լցնել նախապես յուղած կաղապարների մեջ (կաղապարի 3/4-ը պիտի լցվի), հավասարեցնել խմորի մակերևույթը և դնել սաճի մեջ։ 180-200 °C ջերմաստիճանի դեպքում 60-100 գ-անոց Կ. թխվում է 25-35, ավելի մեծը՝ 40-50 րոպեում։

500 գ Կ-ի համար՝ 1 բաժակ ցորենի ալյուր, 100 գ կարագ, 1/2 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ շաքարի փոշի (Կ-ի վրա ցանելու համար), 3 ձու, 1/2 կիտրոնի կեղև, աղը, սոդան, վանիլինը՝ ըստ ճաշակի։

Կ. խմորիչով. խմորիչը գոլ ջրով բացել, խառնել 1 բաժակ ալյուրի հետ և դնել տաք տեղ խմորվելու (2 ժամ)։ Կարագը և շաքարավազը հարել, ավելացնել ձու, լավ հարել, ապա ավելացնել մնացած մթերքը, ալյուրը և թթխմորը։ Լավ խառնելուց հետո թողնել 1 ժամ, որ խմորը հասունանա։ Այնուհետև խմորը լցնել կաղապարների մեջ և թողնել, որ բարձրանա (ծավալը 2 անգամ պիտի մեծանա)։ Կ-ի վրա ձու քսել, ընկույզ ցանել և դնել ջեռոցը։

500 գ ալյուրին՝ 30 գ խմորիչ, 1/2 բաժակ ջուր, 1/2 բաժակ շաքարավազ, 100 գ կարագ, 3 ձու, 1 թեյի գդալ աղ, 3/4 բաժակ չամիչ, մի պտղունց վանիլին, 1 1/2 թեյի գդալ շաքարի փոշի, 15 գ մանրացրած ընկույզ։

Կ. զոլավոր. կարագը (կամ մարգարինը) և շաքարավազը հարել, ավելացնել ձու, վանիլին կամ կիտրոնի քերած կեղև, սոդայի հետ խառնած ալյուր։ Խմորը կիսել, լցնել տարբեր ամանների մեջ։ Կակաոն խառնել մի քիչ շաքարավազի հետ, ավելացնել մի կեսին, ապա լավ խառնել։ Կ-ի կաղապարը յուղել, պաքսիմատ կամ ալյուր ցանել, ապա լցնել 1-ական գդալ մուգ և բաց գույնի խմորը։ Թխել 45-50 րոպե։

200 գ ալյուրին՝ 200 գ կարագ կամ մարգարին, 150-200 գ շաքարավազ, 4 ձու, վանիլին կամ կիտրոնի կեղև, 1 թեյի գդալ սոդա, 1 1/2-2 ճաշի գդալ կակաո։