Jump to content

ՏՏՀ/Կինոնկարահանման ապարատ սիրողական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ սիրողական (կինոխցիկ), օգտագործվում է տեսարանային, փաստագրական, խաղային և մուլտիպլիկացիոն սիրողական ֆիլմեր նկարահանելու համար։ Սիրողական կինոխցիկն ունի համեմատաբար փոքր չափ և զանգված, պարզ կառուցվածք, հարմարավետ է։ Առավել հաճախ օգտագործում են 8 մմ և հազվադեպ 16 մմ լայնության կինոժապավեններ։

Կինոնկարահանման ապարատի կառուցվածքը։ Կ. ա. ունի օբյեկտիվ, դիտոց, ժապավենաձգիչ մեխանիզմ, օբտյուրատոր (սահափական), հաղորդակ։ Ժամանակակից կինոխցիկներից շատերն ունեն նաև լուսակայաչափական հարմարանքներ։ Մի շարք ապարատներ ունեն լիցքավորման պարկուճային (կասետային) համակարգ, որն ավելի կատարելագործված է քան ժապավենակոճայինը։ Սիրողական Կ. ա-ի կառուցվածքի սկզբունքային սխեման տես նկ. 1-ում։

Կինոնկարահանման օբյեկտիվը կինոկադրի սահմաններում ժապավենի լուսազգայուն շերտի վրա ստեղծում է նկարահանվող առարկաների օպտիկական պատկերը։ Օբյեկտիվը 5-7 ոսպնյակից բաղկացած օպտիկական բարդ սարք է։ Պատկերի որակը հիմնականում պայմանավորված է օբյեկտիվով, որի տեխնիկական բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, հարաբերական բացվածքը և լուծունակությունը։

Որքան մեծ է օբյեկտիվի կիզակետային հեռավորությունը (f), այնքան պատկերը խոշոր է ստացվում։ Սիրողական Կ. ա-ների օբյեկտիվների կիզակետային հեռավորություններն են՝ 1250 մմ (16 մմ-անոց կինոխցիկներում) և 812 մմ (8 մմ-անոց կինոխցիկներում)։ Որպես կանոն, օբյեկտիվների կիզակետային հեռավորությունը հաստատուն մեծություն է, ուստի կինեմատոգրաֆիական էֆեկտներ ստանալու նպատակով պատկերի մասշտաբը փոխելիս, օգտագործում են տարբեր կիզակետային հեռավորությամբ փոխովի օբյեկտիվներ կամ օբյեկտիվի գլխադիր ոսպնյակներ։ Փոխովի օբյեկտիվները և գլխադիր ոսպնյակները Կ. ա-ի վրա տեղադրվում են կամ յուրահատուկ փոխադրիչ շրջանակներով, կամ տուրելով (պտտող սարք)։ Կատարելագործված կինոխցիկներն ունեն սահունորեն փոփոխվող կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվներ։

Հարաբերական բացվածքը բնութագրում է օբյեկտիվի լուսաուժը նկարահանման ընթացքում օպտիկական պատկերի լուսավորվածությունը կինոժապավենի վրա և որոշվում է օբյեկտիվի լուսաբացվածքի տրամագծի և կիզակետային հեռավորության հարաբերությամբ։ Պատկերի լուսավորվածությունը փոխվում է օբյեկտիվի դիաֆրագմայով (ձեռքով կամ ավտոմատ եղանակով)։

Որպես կանոն սիրողական կինոխցիկների օբյեկտիվները կիզակետման հարմարանքներ չունեն։ Այս օբյեկտիվները կիզակետված են որոշակի (գերկիզակետային) հեռավորության նկատմամբ և պատկերի հստակության մեծ խորության հաշվին ժապավենի վրա ստեղծում են խցիկից 1,5-2 մ-ից հեռու գտնվող առարկայի հստակ պատկերը։ Չկիզակետվող օբյեկտիվով նկարահանելիս օպտիմալ հեռավորությունն առարկայից համարվում է 5-6 մ-ը։

Օբյեկտիվի լուծունակությունը բնութագրվում է 2 մոտ գտնվող կետերի անջատ պատկերներ ստեղծելու ունակությունը, այսինքն` որոշում է առարկայի մանրամասների վերարտադրման հստակության աստիճանը։ Կինոնկարահանման օբյեկտիվների մեծ մասի լածունակությունը լուսանկարչականից ավելի մեծ է։

Դիտոցը (դիտան՝ տեսադաշտ որոնող հարմարանք) նախատեսված է պատկերի սահմանները (կինոկադրը) որոշելու, առարկայի պատկերը կինոկադրում տեղաբաշխելու, որոշ կինոխցիկներում օբյեկտիվի կիզակետման համար։ Սիրողական կինոխցիկներում օգտագործում են պարալաքսային (սովորաբար հեռադիտակային) և ոչ պարալաքսային (հայելային և լուսաբաժանիչով դիտոցներ։ Հեռադիտակային դիտոցներում (նկ. 2,ա) դիտագիծը շեղված է նկարահանող օբյեկտիվի օպտիկական առանցքի նկատմամբ (այս շեղվածությունը կոչվում է պարալաքս)։ Պարալաքսի դեպքում դիտվող պատկերի և կինոկադրի սահմանները ներքևից և վերևից չեն համընկնում, ուստի մոտ գտնվող առարակաները այդպիսի դիտոցով կինոխցիկներով նկարելիս ճշտումը պետք է կատարել ըստ պարալաքսի։

Հայելային (նկ. 2,բ) և լուսաբաժանիչով (նկ. 2,գ) դիտոցները պարալաքս չունեն։ Առաջինի թերությունն այն է, որ նկարահանելիս օպերատորի աչքին է ընկնում օբտյուրատորով ընդհատվող լուսային հոսք, որը նկարահանման փոքր հաճախությունների դեպքում առաջացնում է պատկերի թրթռոց։

Առավել կատարյալ են լուսաբաժանիչով (օրինակ, կիսաթափանցիկ հայելային շերտով լուսաբաժանիչ պրիզմա) դիտոցները, քանի որ օբյեկտիվի լուսաբացվածքի փոփոխության դեպքում պատկերի պայծառությունը չի փոխվում։

Ժապավենաձգիչ մեխանիզմը սիրողական Կ. ա-ներում ունի հաղորդիչ և ընդունիչ ժապավենակոճեր (կամ կինոժապավենով պարկուճ), կադրի լուսամատով ֆիլմուղի, ուղղորդիչ հոլովակներ, ցատկի մեխանիզմ (նկ. 1) և հաղորդակ։ Նկարահանելիս չլուսակայված ժապավենը ժապավենակոճից անցնում է վերևի ուղղորդիչ հոլովակ, այնուհետև ֆիլմուղի։ Լուսակայված ժապավենը դուրս է գալիս ֆիլմուղուց, պարուրում ներքևի ուղղորդիչ հոլովակը և փաթաթվում տակի ընդունիչ ժապավենակոճին։ Ֆիլմուղում ժապավենը տեղաշարժվում է գրեյֆերային տեսակի ցատկի մեխանիզմով, որն ապահովում է ժապավենի ընդհատվող շարժումը` կադրերի փոփոխության որոշակի հաճախությամբ (կինոնկարահանման հաճախություն)։ Սիրողական կինոխցիկի մեծ մասի կինոնկարահանման հաճախությունը կարելի է փոփոխել ըստ ցանկության՝ 8-54 կադր/վ-ի սահմաններում։ Սովորաբար, նկարահանումը կատարվում է կինոպրոյեկցիայի նորմալ հաճախությամբ (տես Կինոպրոյեկտոր)։ 8 մմ-անոց ֆիլմերի համար այդ հաճախությունը 16 և 18 կադր/վ է, իսկ 16 մմ-անոց ֆիլմերինը՝ 16 և 24 կադր/վ։ Սիրողական կինոխցիկներում որպես հաղորդակ օգտագործում են լարովի զսպանակային մեխանիզմներ կամ հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներ։ Կինոնկարահանման հաճախությունը կառավարելու համար հաղորդակին կցում են պտտման հաճախության կառավարիչ։ Էլեկտրահաղորդակը սնուցվում է կինոխցիկի իրանում տեղադրված էլեկտրական տարրերից կամ մարտկոց կուտակիչներից։

Ֆիլմուղին ապահովում է կինոժապավենի խիստ ուղղահայաց դիրքը օբյեկտիվի օպտիկական առանցքի նկատմամբ։ Կադրի լուսամուտի (ուղղանկյուն բացվածք ֆիլմուղու առջևի պատին) չափն է. 3,55x4,7 (8 մմ-անոց ֆիլմի սովորական ձևաչափ), 4,12x5,69 մմ և 7,42x10,05 (16 մմ-անոց ֆիլմի համար)։ Ժապավենի հետ շփվելուց ֆիլմուղու ուղղորդիչ ակոսի վրա այրուք է առաջանում (էմուլսիոն շերտից քերված միկրոմասեր), որը մաքրում են ացետոնով կամ սպիրտով թրջած լաթով։

Ժամանակակից սիրողական Կ. ա-ների մեծ մասն ունի լուսակայաչափական հարմարանք, որն ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով հաստատում է օբյեկտիվի լուսաբացվածքի անհրաժեշտ մեծությունը՝ ըստ նկարահանվող առարկայի պայծառության, կինոժապավենի լուսազգայունության և կինոնկարահանման հաճախության։ Լուսաէլեկտրական լուսակայացույցը լուսակայաչափական սարքի հիմնական մասն է և միացված է դիաֆրագմայի մեխանիզմին։ Սիրողական կինոխցիկներում լուսակայաչափական սարքով կարգավորվում է միայն դիաֆրագման, քանի որ նկարահանման հաճախությունը (հետևաբար, նաև համապատասխան պահաժամը) կամ հաստատուն է, կամ հաստատվում է նախօրոք և նկարահանման ընթացքում չի փոխվում։

Կ. ա-ներն ունեն նաև լուսակայված (կամ չլուսակայված) կինոժապավենի մետրաքանակի հաշվիչ, երբեմն նաև ժապավենը հետ փաթաթող մեխանիզմ։ Կինոխցիկի լրակազմում կարող են լինել նաև փոխովի ոչ կիզակետային գլխադիրներ, լուսազտիչներ, հովարներ (բլենդներ), անցումային օղակներ, ատրճանակտտիպ բռնակ և այլ հարմարանքներ։

Կինոժապավեն։ Կինոսիրողների համար թողարկվում են տարբեր երկարության (7, 5, 10, 15, 30 մ) և 8 մմ լայնության (1x8 մմ և 1x80 մմ) միակողմանի ծակատումով, կրկնակի (2x8 մմ և 2x80 մմ) երկկողմանի ծակատումով և 16 մմ լայնության (1x16 մմ) միա- և երկկողմանի ծակատումներով կինոժապավեններ (նկ. 3)։ 8-մմ-անոց ժապավենի կինոկադրի չափերն են՝ 3,55x47 մմ (սովորական ձևաչափ) և 4,12x5,69 մմ։ 16 մմ-անոց ժապավենի կինոկադրի չափերն են՝ 7,42x10,05 մմ։ «C» տեսակի կինոժապավենը սովորականից տարբերվում է կադրի մեծացված ձևաչափով, ծակատումների տեղաբաշխումով և անցքերի ձևով։

Սիրողական ֆիլմերը նկարում են սև-սպիտակ կամ գունավոր հակադարձելի կինոժապավենի վրա, որը նվազեցնում է ֆիլմի ծախսերը, դյուրացնում մոնտաժումը և հնարավորություն տալիս ստանալ բարձրորակ պատկեր։

Ֆիլմերի մոնտաժումը և պահպանումը։ Սիրողական հնչյունավորված ֆիլմը մոնտաժելու համար ըստ սյուժեի ընտրում և իրար են սոսնձում կինոժապավենի առանձին կտորների վրա նկարահանված պիտանի հատվածները։ Հակադարձելի կինոժապավենի վրա նկարված ֆիլմերում ցանկալի է, որ միացման տեղերը քիչ լինեն, քանի որ դա իջեցնում է ֆիլմի որակը։

8 մմ-անոց նեղժապավենային ֆիլմերի մոնտաժման համար թողարկվում են հատուկ սեղանիկներ։ Դրանք բաղկացած են անհրաժեշտ կադրերն ընտրելու և ճիշտ մոնտաժմանը հետևելու կինոպրոյեկցիոն սարքից (ունի ժապավենաձգիչ մեխանիզմ, լույսի աղբյուր, օբյեկտիվ, լուսավորվող էկրան), կոճերով երկու բարձակից և սոսնձման մամլիչից։ Կինոպրոյեկցիոն սարքով էկրանի վրա ստեղծվում է շարժապատկերը։ Կինոժապավենի դեպի առաջ կամ հետ շարժումն ապահովում է ժապավենաձգիչ մեխանիզմը։ Սոսնձման մամլիչը փոքր սալիկ է, որին ծխնիներով ամրացված են սեղմիչ թիթեղներ և դանակ։ Սալիկի վրայի ատամիկները նախատեսված են ժապավենի սոսնձվող մասերը ճիշտ միակցելու համար։ Որպես սոսինձ օգտագործում են 15 մլ էթիլային սպիրտի և 35 մլ քլորոֆորմի խառնուրդը։

Պատրաստի ֆիլմերը պահում են հատուկ ֆիլմապահարաններում (մետաղե տուփ՝ ցանցավոր հատակով, որի տակ դրվում է խոնավացնող լուծույթով ներծծված պորոլոնի կամ գործվածքի կտոր)։ Ժապավենը տուփի մեջ տեղադրելիս թուլացնում են հոլովակի փաթաթվածքը, որպեսզի խոնավացնող նյութի գոլորշին հասնի կինոժապավենի մակերևույթին։ Որպես խոնավացնող նյութ օգտագործում են 13 գ իզոպրոպիլային սպիրտի, 40 գ գլիցերինի և 47 մլ թորած ջրի խառնուրդը։

Կարելի է օգտագործել նաև որոշ աղերի, օրինակ, կերակրի աղի լուծույթը, որը ապահովում է մոտ 70 % հարաբերական խոնավություն։

Ֆիլմերի հնչյանավորում։ Սիրողական ֆիլմերը հնչյունավորում են ձայնագրելով կամ նկարահանման ընթացքին զուգահեռ, կամ նկարահանելուց և մոնտաժելուց հետո։

Զուգահեռ ձայնագրությունը կատարում են առանձին մագնիտոֆոնի կամ Կ. ա-ի վրա տեղադրված ձայնագրման հարմարանքով։ Կինոսիրողների մեծ մասը ֆիլմը հնչյունավորում է նկարահանելուց և մոնտաժելուց հետո։ Լավագույն արդյունք է ստացվում, երբ ձայնը վերարտադրվում է նույն կինոժապավենի (պատկերով) վրայի մագնիսական հնչյունագրից։

8-մմ-անոց ֆիլմերը հնչյունավորելու համար ձայնը գրանցում են առանձին մագնիտոֆոնի վրա։ 16 մմ-անոց ֆիլմերը նկարահանելուց և մոնտաժելուց հետո հնչյունավորելու համար ձայնագրումը նպատակահարմար է կատարել կինոժապավենի մագնիսական շավիղի վրա։ Մագնիսական շավիղով 8 մմ-անոց կինոժապավեններ և համապատասխան Կ. ա-ներ ՀՀ-ում չեն արտադրվում, այդ պատճառով 8 մմ-անոց սիրողական ֆիլմերի հնչյունավորման մատչելի եղանակը մնում է նկարահանելուց և մոնտաժելուց հետո ձայնագրումը և համաժամացումը։ Երբեմն կիրառվում է «հնչյունագրով» նկարահանման եղանակը (նկարահանումը կատարվում է նախօրոք ձայնագրված երաժշտության ուղեկցությամբ), որն ապահովում է կատարողների շարժումների և նվագակցման համաժամությունը։

Հնչյունավորված ֆիլմի ցուցադրումը պահանջում է կինոպրոյեկցիոն սարքի և մագնիտոֆոնի միաժամանակյա աշխատանք, որն իրականացվում է համաժամացնող կցուրդի միջոցով։