Jump to content

ՏՏՀ/Կնճիռներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կնճիռներ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 291
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՆՃԻՌՆԵՐ, առաջանում են օրգանիզմի ծերանալու հետևանքով, որի ընթացքում մաշկը մի շարք փոփոխությունների է ենթարկվում։ Արյան և ավշի շրջանառության փոփոխություններն ամենից առաջ անդրադառնում են դեմքի մաշկի, պարանոցի և ձեռքերի մաշկի վրա։ Արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների (արև, սառը քամի, չոր օդ) մշտական ազդեցության հետևանքով մարմնի բաց մասերն ավելի արագ են ծերանում, քան հագուստով ծածկված մասերը։ Միշտ չէ, որ Կ. ծերության նշան են։ Կ-ի վաղաժամ առաջացմանը նպաստում են ճակատը կնճռոտելու, ունքերը վեր բարձրացնելու կամ հավաքելու, աչքերը կկոցելու, շրթունքները սեղմելու, բերանի անկյուններն իջեցնելու, կզակը վզին սեղմելու սովորությունը։ Կ-ի առաջացմանը նպաստում են ինչպես արտաքին և ներքին միջավայրերի անբարենպաստ գործոնները, այնպես էլ օրգանիզմի երկարատև քրոնիկական հիվանդությունները։ Կ-ի առաջացման պատճառ են նաև դեմքի և պարանոցի մաշկը չխնամելը, սպիրտային լուծույթներ, սպիտակեցնող մաշկաքսուքներ հաճախակի օգտագործելը, դիմահարդարման միջոցներից մաշկը ժամանակին չմաքրելը։ Կ-ի առաջացմանը նպաստում է ատամների բացակայությունը (դեմքի մկանները թուլանում են, մաշկը կախվում է՝ առաջացնելով խոր ծալքեր)։ Կտրուկ նիհարելը նույնպես Կ-ի առաջացման պատճառ կարող է լինել։

Կ-ի առաջացումը կանխելու համար հարկավոր է հետևել ընդհանուր առողջական վիճակին, պահպանել սնվելու, աշխատելու, հանգստի կանոնավոր ռեժիմ, մշտապես զբաղվել մարմնամարզությամբ, չտարվել արևային լոգանքներով և պահպանել դեմքը սուր քամուց։ Գոյություն չունեն դիմահարդարման այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է ընդմիշտ վերացնել Կ., սակայն դեմքի, պարանոցի և ձեռքերի մաշկի ամենօրյա ճիշտ խնամքը կարող է Կ. դարձնել քիչ նկատելի (տես Մաշկ, Մաշկաքսուք, Դիմակ)։ Խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել դեմքի մերսում։ Որոշ դեպքերում թուլացած մաշկը ձգելու և Կ. վերացնելու նպատակով դիմում են վիրաբուժական միջամտության։