Jump to content

ՏՏՀ/Կոմպրես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոմպրես
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 291
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՈՄՊՐԵՍ, հատուկ բուժական վիրակապ։ Տարբերում են չոր և խոնավ Կ-ներ (տաքացնող, դեղորայքով, տաք և սառը)։

Չոր Կ., մանրէազերծ թանզիֆը մի քանի տակ ծալել, ծածկել բամբակով, դնել վնասվածքի (այրվածք, վերք) վրա և կապել բինտով (տես Վիրակապ

Ավելի հաճախ կիրառում են տաքացնող Կ.։ Մի քանի տակ ծալած թանզիֆը կամ գործվածքը թրջել սենյակի ջերմաստիճանի ջրով, լավ քամել և դնել ցավացող տեղին, վրայից դնել գործվածքից ավելի մեծ չափի մոմլաթի կամ մոմաթղթի կտոր, այնուհետև ծածկել ավելի մեծ չափի բամբակի շերտով և բինտով ամուր կապել այնպես, որ Կ. չշարժվի և միևնույն ժամանակ չնեղի հիվանդին։ Տաքացնող Կ. ունի հակաբորբոքային ազդեցություն, առաջացնում է արյունատար անոթների երկարատև լայնացում՝ մեծացնելով արյան հոսքը դեպի մարմնի համապատասխան մասը։ Ավելի լավ է Կ. անել քնելուց առաջ և պահել մինչև առավոտ (10-12 ժամ)։ Կ. հանելիս գործվածքը պետք է դեռ տաք և խոնավ լինի։ Տաքացնող Կ-ի ազդեցությունն ուժեղացնելու համար կարելի է ջեռակ դնել, իսկ գործվածքը թրջել ոչ թե ջրով, այլ օղիով կամ ջրով բացած գինու սպիրտով (1:1 հարաբերությամբ)։

Դեղորայքով Կ. նույն տաքացնող Կ. է, որի ազդեցությունն ուժեղացնելու համար, բժշկի խորհրդով, ջրին ավելացնում են տարբեր դեղորայքային նյութեր, օրինակ, սոդա (1 թեյի գդալ 1 բաժակ ջրին), բորաքսաջուր (1 ճաշի գդալ 1 բաժակ ջրին)։

Տաք Կ. ունի ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն։ Այն նշանակում են տեղային տաքացման համար, մկանային ցավերի, հոդացավերի և այլ դեպքերում։ Գործվածքը պետք է թրջել տաք ջրով (60-70 °C) և փոխել ամեն 5-10 րոպեն մեկ։ Տաք Կ. դնում են այնպես, ինչպես տաքացնողը։

Սառը Կ. կիրառում են վնասվածքների և արյունահոսությունների դեպքում։ Սառը Կ. ունի ցավազրկող ազդեցություն, պակասեցնում է արյան հոսքը դեպի մարմնի վնասված մասը։ Մի քանի տակ ծալած գործվածքի կտորը պետք է թրջել սառը ջրով (ցանկալի է սառցախառը), թեթևակի քամել և 2-3 րոպե պահել ցավացող հատվածի վրա։ Այս գործողությունը կրկնել մի քանի անգամ։

Կ-ի սխալ կիրառումը ոչ միայն դրական արդյունք չի տալիս, այլև կարող է ունենալ անցանկալի հետևանքներ։