ՏՏՀ/Կոխ
ԿՈԽ, հայկական ազգային մարզական ըմբշամարտ։ Հնագույն ու ամենատարածված մարզաձևն է եղել հին Հայաստանում և մեծ ժողովրդականություն վայելել տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների և այլ հանդիսությունների ժամանակ։ Կ-ի տարբերակները կարելի է միավորել 3 խմբում, ա. գոտեմարտ ծնկած, բ. գոտեմարտ կանգնած, գ. գոտեմարտ ձի հեծած։ Ամենից շատ տարածված էր կանգնած դրությամբ գոտեմարտը։ Յուրաքանչյուր գավառ Կ-ի գոտեմարտեր անցկացրել է տվյալ տարածքի ավանդույթներին համապատասխանող կանոններով։ Կ-ի ամենատարածված տարատեսակներից առանձնացվում են չուխաներով (ոտք գցելով, սակայն ձեռքերով հակառակորդի ոտքերը չբռնելու պայմանով) «Լոռվա կոխը» և մերկ իրանով, միայն տաբատով (ոտք գցելով և հակառակորդի ոտքերը ձեռքերով բռնելու իրավունքով) «Շիրակի կոխը»։ «Լոռվա կոխի» հիման վրա կազմվել է մրցումների միասնական կանոնադրություն, և սկսած 1922-ից անցկացվում են հանրապետական մրցումներ 12 քաշային կարգերում։
1952 թվականից Կ. մտցվել է մարզական դասակարգման մեջ, և մարզիկները կարող են ստանալ սպորտի վարպետի կոչում։ Կ-ի տեխնիկական հնարքներում ընդգրկվում են հիմնական դրություններ (բարձր և ցածր կանգեր), տեղաշարժվելու տարբեր եղանակներ, հիմնական բռնվածքներ (չուխայից, մարմնի տարբեր մասերից, համակցված) և հիմնական գործողություններ (հարձակվելուն նախապատրաստվելու եղանակներ, հնարքներ, պաշտպանություն, հակահնարք, համակցումներ)։ Մրցումները անցկացվում են 7-9 մետր տրամագծով գորգի վրա։ Մարզիկները մրցում են չուխայով և փափուկ, ըմբշամարտին հատուկ մարզակոշիկներով։ Գոտեմարտի մաքուր տևողությունը 6 րոպե է (16-17 տարեկան պատանիների համար) և 8 րոպե (երիտասարդների ու մեծահասակների համար)։ Գոտեմարտից առաջ ըմբիշները ազգային երաժշտության նվագակցությամբ կատարում են 1 րոպե տևող ծիսական պար, որն ավարտվում է մրցակիցների աջ ձեռքերի վեր բարձրացումով ու ուժեղ հարված-ծափ զարկելով և նույն ձեռքով միմյանց հետ հրելով գոտեմարտը սկսելու համար։ Գոտեմարտում մաքուր հաղթանակ է տրվում այն մարզիկին, որը հակառակորդին պառկեցնում է թիակների վրա, հակառակորդին պարտադրում է ընդունել «կամրջակ» դրությունը, կամ կողքի պառկած այնպիսի դրություն, որ գորգի հետ մարմնի հպման անկյունը փոքր լինի 90 աստիճանից ու հակառակորդի նկատմամբ 10 և ավելի միավորի առավելություն ունենա։ Եթե մինչև գոտեմարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։ 1956-ից գործում է Կ-ի հանրապետական ֆեդերացիան, որը վարում է Կ–ի զարգացման, մարզումների կազմակերպման, քաղաքային, շրջանային խմբակների գործունեությունը։