Jump to content

ՏՏՀ/Հավաքածուի կազմում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ, գեղարվեստական, պատմական, գիտական արժեք ունեցող միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների նպատակամղված հավաքում։ Հավաքածուի առարկա կարող են դառնալ նյութական և հոգևոր մշակույթի նմուշներ (գրքեր, ամսագրեր, արվեստի ստեղծագործություններ, նամականիշներ, դրամներ, կրծքանշաններ, ձայնագրություններ, ասացվածքներ, առածներ, երգեր ևն), ինչպես նաև բնական իրեր (օրինակ, միներալ, քարեր ևն)։

Հ. կ. որպես մարդու գործունեության հատուկ ուղղություն ձևավորվել է Վերածննդի ժամանակաշրջանում։

Հ. կ. նախատեսում է նյութերի հայտնաբերում, հավաքում, ուսումնասիրում, համակարգում, ձևավորում, պահպանում և կիրառում մշակութալուսավորական և ուսումնադաստիարակչական նպատակներով։ Հավաքածուների առավել տարածված տեսակներն են. ֆիլատելիան, ֆիլոկարտիան, կերպարվեստի ստեղծագործությունների վերատպությունների և դիաֆիլմերի հավաքումը, ֆիլումենիան, ֆալերիստիկան, սիրողական դրամագիտությունը, ֆիլոֆոնիան ևն։

Թեմատիկ հավաքածու՝ նույն թեմային նվիրված տարբեր նյութերի հավաքում։ Օրինակ, թատրոնին նվիրված թեմատիկ հավաքածուն կարող է ընդգրկել գրքեր, բուկլետներ, բացիկներ, թատերական ծրագրեր, գրախոսականներ, ձայնասկավառակներ, նամականիշեր, կրծքանշաններ ևն։

Հ. կ. պահանջում է գիտելիքներ պատմության, աշխարհագրության, օտար լեզուների, արվեստի բնագավառներում, միևնույն ժամանակ նպաստում է գիտելիքների ընդարձակմանը, մտահորիզոնի և գեղարվեստական ճաշակի զարգացմանը։ Հավաքածու կազմելու ընթացքում կատարելագործվում են նյութը հավաքելու, մշակելու և դասակարգելու ձևերը, զարգանում հետազոտական աշխատանքի հմտություն։

Հավաքածուներով հրապուրվող երեխաներին և պատանիներին ծնողները պետք է օգնեն ճիշտ հասկանալ հավաքածուի բնույթը և իմաստը։

Երբեմն ծնողներին թվում է, թե Հ. կ. երեխաներին շեղում է ուսումից, և արգելում են դրանով զբաղվել։ Դա հանգեցնում է ոչ բնական հարաբերությունների և երեխան իր սիրած գործով զբաղվում է ծնողներից գաղտնի։ Անհրաժեշտ է նրբանկատորեն հսկել երեխային, որպեսզի Հ. կ. չվերածվի առուծախի և չկրի պարզապես կուտակելու բնույթ։

Հաճախ արժեքավոր հավաքածուները, որոնք աչքի են ընկնում նյութի համակարգվածությամբ, ամբողջությամբ, հազվադեպությամբ, մշակութապատմական և գիտական արժեքով, դառնում Են համաժողովրդական սեփականություն (ցուցադրվում են տարբեր թանգարաններում և ցուցահանդեսներում)։