Jump to content

ՏՏՀ/Կոմպոտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՄՊՈՏ, չամչարակ, պատրաստում են մրգաչրից, թարմ, պահածոյած, թարմ սառեցրած մրգերից և հատապտուղներից։

Կ. խնձորի (տանձի). խնձորը (տանձը) կեղևել, բաժանել 6-8 մասի և միջուկը հանել։ Չմգանալու համար խորհուրդ է տրվում եփելուց առաջ խնձորը պահել կիտրոնաթթվով քիչ թթվեցրած սառը ջրի մեջ։ Կաթսայի մեջ շաքարավազ և 2 բաժակ տաք ջուր լցնել, ավելացնել կտրտած խնձորը (տանձը) և եփել 10-15 րոպե (կախված սորտից)՝ մինչև փափկելը։

500 գ խնձորին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Կ. ծիրանի. ծիրանը սառը ջրով լվանալ, երկայնական կտրվածքներ անել և կորիզը հանել։ Կաթսայի մեջ շաքարավազ և 2 բաժակ տաք ջուր լցնել, խառնել, ավելացնել միրգը և եռացնել։

500 գ մրգին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Կ. խնձորի և բալի. բալը սառը ջրով լվանալ, կորիզները հանել և լցնել ափսեի մեջ։ Բալի կորիզները եռացնել 2 բաժակ տաք ջրով։ Ստացված հյութը քամել թանզիֆով կամ մաղով, ավելացնել շաքարավազ, կեղևած, կտրտած խնձորը և 10 րոպե եփել մարմանդ եռքով մինչև խնձորի փափկելը։ Այնուհետև ավելացնել բալը և եռման հասցնել։

300 գ խնձորին և 200 գ բալին՝ 3/4 բաժակ շաքարավազ։

Սառեցրած մրգերից ու հատապտուղներից նույնպես կարելի է Կ. պատրաստել (առանց նախապես եփելու)։ Առանձին շաքարաջուր եփել (500-700 գ մրգին՝ 3/4 բաժակ շաքարավազ և 2 բաժակ ջուր) և հովացնելուց հետո ավելացնել միրգը։

Կ. մրգաչրի. մրգաչիրը լվանալ, խնձորն ու տանձը առանձնացնել որպես ուշ եփվող, վրան սառը ջուր լցնել և 15-20 րոպե եփել մարմանդ եռքով։ Ավելացնել շաքարավազ, վանիլին կամ կիտրոնի կեղև, մնացած միրգը և շարունակել եփել ևս 5-6 րոպե։

200-300 գ մրգաչրին՝ մոտ 1 բաժակ շաքարավազ, 4 բաժակ ջուր, վանիլինը և կիտրոնի կեղևը՝ ըստ ճաշակի։

Կ. սև սալորաչրի. սև սալորաչիրը լվանալ, վրան տաք ջուր լցնել, ավելացնել շաքարավազ և եփել 10-15 րոպե։

200-300 գ սև սալորաչրին՝ 3/4 բաժակ շաքարավազ, 3 բաժակ ջուր։

Մրգերից և հատապտուղներից Կ. են պատրաստում նաև երկարատև պահելու համար (տես Պահածոյում հոդվածում)։