ՏՏՀ/Կոսմետիկա
ԿՈՍՄԵՏԻԿԱ (հուն. հարդարելու, գեղեցկացնելու արվեստ), մարդու մաշկը խնամելու և արտաքինը գեղեցկացնելու միջոց։ Կ. լայն տարածում է ունեցել դեռևս հին դարերում։ Եգիպտացիները, հռոմեացիները, արաբները ներկում էին այտերը, թարթիչները, կոպերը, գանգրացնում մազերը, օգտագործում էին օծանելիքին փոխարինող բուրումնավետ յուղեր։ Հին Հայաստանում տարածում գտած Կ-ի մասին տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչները։ Կոսմետիկական միջոցների բաղադրության մեջ (ինչպես և այժմ) մտնում էին կենդանական և բուսական ճարպեր, եթերայուղեր, խեժեր, ներկեր ևն։ Տարբերում են բուժական և գեղազարդիչ Կ.։
Կոսմետոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կոսմետիկական հիվանդության և արտաքին թերությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու դրանց բուժման մեթոդները։ Այդ նպատակով ստեղծված են հատուկ բուժարաններ և կաբինետներ։ Առավել տարածված կոսմետիկական հիվանդություններից են պզուկները, մազաթափումը, մազոտությունը, մաշկի գունակավորման (պիգմենտացիայի) խախտումը, բարորակ նորագոյացությունները (գորտնուկներ, խալեր, պտկուռուցքներ) ևն։
Կոսմետիկական վիրաբուժությունը հնարավորության է տալիս շտկել տարբեր ձևախախտումներ (քթի, շրթունքների, ականջախեցու), հեռացնել խալերը և դաջվածքները, դեմքի մաշկի (ճակատի, կոպերի, կզակի, պարանոցի) հավելյալ գոյացությունները ևն։ Գեղազարդման Կ-ի միջոցներից են կոպերի և հոնքերի մատիտները, կոպերի ստվերաներկը, թարթիչների սևաներկը, մազերի ներկերը, այտերի կարմրաներկը, դիմափոշին, շրթներկը, օդեկոլոնը, օծանելիքը, քրտնելու դեմ միջոցները ևն։