Jump to content

ՏՏՀ/Կոտրվածք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոտրվածք
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 292
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՈՏՐՎԱԾՔ, ոսկրի վնասումը դրա ամբողջականության խախտմամբ։ Տարբերում են վնասվածքային Կ-ներ, որոնք սովորաբար առաջանում են ոսկրի վրա հանկարծակի, ուժեղ մեխանիկական ազդեցության (հարված, վայր ընկնել, հրազենային վիրավորումներ) հետևանքով, և ախտաբանական՝ ոսկրային հյուսվածքի հիվանդագին փոփոխությունների (օստեոմիելիտ, ուռուցքներ և այլն) ժամանակ։ Վերջիններս սովորաբար լինում են աննշան վնասվածքի հետ կապված կամ նույնիսկ ինքնուրույն։ Կ-ները լինում են փակ և բաց, երբ ախտահարվում են մկանները և մաշկը։ Հաճախ հանդիպում են վերջույթների երկար ոսկրերի վնասվածքային Կ-ներ։

Կ-ի ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթից օգտվելու անհնարինությունը, վնասված վերջույթի շարժողության և ձևի փոփոխությունը, երբեմն ոսկրաբեկորների ճարճատյունը, շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումը և այտուցվածությունը։ Կողոսկրերի Կ-ին բնորոշ է ցավը խորը շնչառման ժամանակ և հազալիս։

Ոչ մի դեպքում չի թույլատրվում ինքնուրույն ուղղել Կ., այսինքն վերացնել վերջույթի ձևի փոփոխությունը (ծռվածությունը) փակ Կ-ի դեպքում կամ ուղղել դուրս ցցված ոսկրը բաց Կ-ի դեպքում։ Տուժածին հարկավոր է հնարավորին չափ շուտ հասցնել բուժհիմնարկություն։ Ցանկացած ոսկրի Կ-ի դեպքում հարկավոր է ամենից առաջ ապահովել դրա լրիվ հանգիստը և անշարժությունը, քանի որ յուրաքանչյուր տեղաշարժ առաջացնում է ուժեղ ցավ և կարող է հանգեցնել մաշկի պատռման, արյան անոթների վնասման և արյունահոսության։

Կ-ի ժամանակ հարկավոր է անմիջապես բեկակալ դնել ցանկացած պինդ նյութից (փայտ, մետաղ, պլաստմասսա)։ Բեկակալ կարող է ծառայել ձողը, հովանոցը, գավազանը, տախտակը, քանոնը և այլն։ Բեկակալը, որպես կանոն, դնում են հագուստի և կոշիկի վրայից։ Մերկացրած մակերևույթին դնելիս, հարուկներից խուսափելու համար, պետք է պաշտպանել ոսկրային ցցվածքները (կոճերը, ոսկրաթմբիկները) թանզիֆե կամ բամբակե տակդիրով։ Բեկակալը կապում են կոտրված վերջույթին մի քանի տեղից, նպատակահարմար է վիրակապով (տես Վիրակապ): Վերջինիս բացակայության դեպքում՝ փոկերով, գործվածքի կտորով, պարանով և այլն։ Բեկակալի երկարությունը պետք է ընդգրկի այն երկու հոդերը, որոնց միջև է Կ. (օրինակ, ազդրոսկրի Կ-ի դեպքում կոնքազդրային և ծնկային հոդերը)։ Չի կարելի բեկակալը չափից ավելի ձիգ կապել, կապից ներքև վերջույթը չպետք է կապտի կամ գունատվի, բայց պիտի լինի անշարժ։ Եթե հնարավոր չէ բեկակալ պատրաստել, կարելի է վնասված ոտքը կապել առողջին, ձեռքը կախ տալ գլխաշորով։ Եթե Կ. բաց է, ապա հարկավոր է վերքի շուրջը քսել յոդի թուրմ, իսկ վերքին դնել ախտահանած վիրակապ։ Տուժածի հագուստը հանելիս սկզբում ազատում են առողջ ձեռքը կամ ոտքը, այնուհետև՝ վնասվածը։ Հագուստը հագցնում են հակառակ կարգով։ Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց Կ-ի ժամանակ, մինչև բեկակալ դնելը, հարկավոր է վերջույթը կապել արյունահոսությունը դադարեցնող լարանով՝ ժգուտով։ Տուժածին ձեռքերի վրա կարելի է տեղափոխել միայն կարճ տարածություն։ Երկար տարածություն տեղափոխում են պատգարակով, որը կարելի է պատրաստել վերարկուի մեջ երկար ձողեր հագցնելով և վերարկուի փեշերը հանգուցելով՝ տուժածի ոտքերի վրայից։ Տուժածին պատգարակի վրա դնելիս վնասված ոտքը կամ ձեռքը պահում է օգնողը, տուժածին գետնից բարձրացնում և պատգարակին են դնում որևէ մեկի հրահանգով։ Աստիճաններից իջեցնելիս տուժածին հարկավոր է տանել ոտքերն առաջ։

Տարբեր Կ-ների ժամանակ կիրառվող վիրակապեր: Նախաբազկի ոսկրերի Կ-ի դեպքում բեկակալը պետք է ամրացնել ձեռքին մատների հիմքից մինչև արմունկը։ Դրանից հետո ձեռքը հարկավոր է կախ տալ գլխաշորով կամ վիրակապով կապել մարմնին։ Բազկոսկրի Կ-ի ժամանակ նրա վրա դնում են բեկակալ, իսկ նախաբազուկը կախում գլխաշորով։ Անհրաժեշտ չափերով գլխաշորի բացակայության դեպքում կարելի է գործածել վիրակապ, որի կապելու ձևը ցույց է տրված նկարում (2)։ Ծնկոսկրերի Կ-ի ժամանակ դնում են 2 բեկակալ ծնկի դրսային և ներսային մակերևույթներին, ազդրի միջին մասից մինչև կրունկը (3)։ Ազդրոսկրի Կ-ի դեպքում մի բեկակալը (անութային փոսից մինչև կրունկը) դնում են վնասված ծայրանդամի դրսային, իսկ մյուսը՝ ներսային մակերևույթին (աճուկից մինչև կրունկը), երբեմն ներքևից դնում են նաև 3-րդ բեկակալը (4)։ Կողերի Կ-ի դեպքում կրծքավանդակը կապում են չափավոր ձգվող կապով (սրբիչ, սավան, վիրակապ), տուժածը նախապես պետք է արտաշնչի։ Անրակի կամ թիակի Կ-ի դեպքում վնասված կողմի ձեռքը նույնպես կապում են գլխաշորով։ Ողնաշարի Կ. կասկածելու դեպքում տուժածին զգուշորեն պառկեցնում են նրբատախտակի կամ լայն տախտակի վրա և միայն դրանից հետո տեղափոխում բուժհիմնարկության։