Jump to content

ՏՏՀ/Կոփում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոփում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 293
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿՈՓՈՒՄ, եղանակակլիմայական անբարենպաստ պայմանների ներգործության հանդեպ օրգանիզմի կայունությունը բարձրացնող միջոցառումների համախումբ։ Կ-ման հիմնական միջոցներն են օդը, ջուրը, արևի ճառագայթները։ Դրանք ֆիզիկական վարժությունների հետ զուգակցելիս Կ-ման արդյունավետությունը բարձրանում է։

Կ-ման առավել տարածված և մատչելի միջոցներից է մաքուր օդը. տարվա տաք եղանակին տևական զբոսանքները, 16°C–ից ոչ պակաս ջերմաստիճանում բաց լուսամուտով սենյակում քնելը։ Օգտակար է տանը ոտաբոբիկ քայլելը. անհրաժեշտ է սկսել 1 րոպեից, յուրաքանչյուր 5-7 օրից ավելացնել այն 1-ական րոպե՝ ոտաբոբիկ քայլելու տևողությունը հասցնելով 10-15 րոպեի։ Տարվա ցուրտ եղանակին զբոսանքների տևողությունը չափավորում են։ Կ-ման համար օգտակար են դահուկասահքը, դանդաղ վազքը թեթև հագուստով, չմշկասահքը ևն։

Առավել արդյունավետ է ջրային Կ., քանի որ ջրի ջերմահաղորդականությունը 28 անգամ ավելի է, քան օդինը։ Ջերմայինից բացի, ջուրը մաշկի վրա թողնում է նաև մեխանիկական ազդեցություն՝ յուրօրինակ մերսում, որը բարելավում է մազանոթներում արյան շրջանառությունը։ Տանը ջրային Կ-ման առավել տարածված ձևերն են շփումները, ջրցողումը և ցնցուղը։ Կ. հարկավոր է սկսել 34-35°C–ից ոչ պակաս ջերմաստիճանի ջրով։ Ամենօրյա ջրցողումների (շփումների) դեպքում յուրաքանչյուր 6-7 օրից հետո ջրի ջերմաստիճանը հարկավոր է նվազեցնել 1°–ով՝ հասցնելով այն 22-24°C-ի։ Նշված ջերմաստիճանի ջրով շփումներն ու ջրցողումները խորհուրդ է տրվում շարունակել 2-3 ամիս։ Բացասական հետևանքների (վերին շնչառական ուղիների բորբոքում, թուլություն, ջարդվածության զգացում, դյուրագրգռություն, քնի խանգարում, ախորժակի վատացում) բացակայության դեպքում կարելի է ջրի ջերմաստիճանն իջեցնել մինչև 10-12 °C (յուրաքանչյուր 10 օրը 1°–ով)։ Կ-ման արդյունավետ միջոց է ցնցուղը, հատկապես, այսպես կոչված, տաք ու սառը ցնցուղը (խորհուրդ է տրվում միայն առողջ և բավականաչափ կոփված մարդկանց), մոտավորապես 3 րոպեի ընթացքում հարկավոր է ջրի ջերմաստիճանը մի քանի անգամ կտրուկ փոխել տաքից (մոտ 40 °C) սառի։

Կոփող գործոններ են նաև արևի ճառագայթները և ֆիզիկական վարժությունները, մասնավորապես առավոտյան մարզանքը, որը ցանկալի է կատարել մաքուր օդում կամ լավ օդափոխված սենյակում (տես Մարզանք): Յուրտ եղանակին բացօթյա մարզանքը պետք է անել ավելի արագ, ոչ երկարատև, որպեսզի օրգանիզմը չսառչի։ Շոգ եղանակին, հատկապես բարձր խոնավության պայմաններում, պետք է միջոցներ ձեռնարկել գերտաքացումից խուսափելու համար (տես Արևահարություն և ջերմահարություն)։ Մարզանքից հետո խորհուրդ է տրվում ցնցուղ ընդունել։

Օգտակար է բաց ջրավազանում լողանալը (տես Լողանալը)։ Ձմեռային լողով պարապելու համար պետք է օրգանիզմն աստիճանաբար (մեկ տարվա ընթացքում) նախապատրաստել ցրտի ներգործությանը։ Սառցաջրում կարելի է մնալ 20-30 վայրկյանից ոչ ավելի, այն էլ շարժման մեջ գտնվելով։

Կոփիչ է նաև շոգեբաղնիքը, որտեղ ջերմության, գոլորշու և մեխանիկական (մարմինը ճիլոպով տրորելը) ներգործությունը խթանում է նյութափոխանակությունը, շնչառությունը և արյան շրջանառությունը։ Շոգեբաղնիք կարելի է հաճախել շաբաթական 1-2 անգամից ոչ հաճախ՝ շոգեխցիկում մնալով 10-15 րոպեից ոչ ավելի։

Երեխաներին պետք է կոփել նրանց կյանքի առաջին իսկ օրերից, պարբերաբար և զգույշ՝ հաշվի առնելով, որ երեխայի որոշ օրգաններ և համակարգեր ֆունկցիոնալ առումով դեռևս հասուն չեն։ Թերսնուցումից, ռախիտից, կրկնվող և քրոնիկական հիվանդություններից թուլացած երեխաները հատկապես Կ-ման կարիք ունեն, քանի որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Հիվանդ և թույլ երեխաներին պետք է կոփել բժշկի հսկողությամբ։ Երեխաները շատ զգայուն են մաքուր օդի պակասի նկատմամբ։ Երկար ժամանակ վատ օդափոխվող սենյակում գտնվելով՝ նրանք դառնում են ծույլ և դյուրագրգիռ։ Խանգարվում է քունը, վատանում է ախորժակը, առաջանում են գլխացավեր, սրտխառնոց։ Մաքուր օդը բարերար ազդեցություն է ունենում ցանկացած հիվանդության դեպքում։ Ելնելով երեխայի առողջական վիճակից, ընդհանուր օդային լոգանքները (սենյակում) երբեմն փոխարինում են մարմնի կարճատև մերկացմամբ՝ հագուստը փոխելու ժամանակ։ Լուսաօդային և արևային լոգանքները պետք է խստիվ չափավորել։ Երեխաները դրանք պետք է ընդունեն պառկած՝ ժամանակ առ ժամանակ շրջվելով։ Թույլ երեխաներին պետք է կոփել ջրային բուժարարողություններով, լվացումներով, խոնավ շփումներով, ջրցողումով։ Մինչև մեկ տարեկան երեխաների Կ-ման մասին տես Կրծքի երեխա հոդվածում։

Տարեց մարդիկ պետք է կոփվեն զգուշորեն, բժշկի հսկողությամբ։ Գերադասելի են օդային լոգանքները սենյակում, պատշգամբում, թեթև հագուստով կարճատև զբոսանքները։ Արևային լոգանքները ցանկալի է ընդունել վրանածածկի տակ։ Մարզանքից հետո հարկավոր է կատարել շփումներ, ջրցողում կամ ցնցուղ ընդունել, իսկ տարվա տաք եղանակին՝ լողալ բաց ջրավազանում (ոչ երկարատև)՝ ջրի և օդի 20-22 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում։

Կ-ման ռեժիմը պիտի սահմանի բժիշկը՝ ելնելով տարիքից, անհատական առանձնահատկություններից և առողջական վիճակից։ Հիվանդության նշաններ ի հայտ գալուն պես Կ. ժակավորապես պետք է դադարեցնել և առողջանալուց հետո վերսկսել սկզբնական փուլից։