ՏՏՀ/Կվաս
ԿՎԱՍ, զովացուցիչ ըմպելիք։
Կ. կարելի է պատրաստել տանը։ Աշորայի հացը կտրտում են և չորացնում ջեռոցում՝ մինչև կարմրելը։ Չորահացը դնում են ապակե կամ արծնապատ ամանում (ալյումինե ամանում Կ. չի կարելի պատրաստել), վրան եռացրած ջուր լցնում, ամանի կափարիչը դնում և թողնում 3-4 ժամ։ Ստացված թուրմը քամում են և ավելացնում ջրով բացած խմորիչ, շաքարավազ, անանուխ, ծածկում սրբիչով և 10-12 ժամ թողնում, որ խմորվի։ Փրփուր առաջանալուց հետո քամում են 2–րդ անգամ, լցնում շշերի մեջ և ավելացնում չամիչ։ Շշերն ամուր փակում են (եռացրած ջրում թրջած և առասանով կապած խցանով), 2-3 ժամ թողնում սենյակի ջերմաստիճանում, ապա դնում սառը տեղ։ Կ. պատրաստ կլինի 3 օրից։
500 գ աշորայի չորահացին՝ 4-5 լ ջուր, 10-12 գ խմորիչ, 100 գ շաքարավազ, 10 գ անանուխ, 25 գ չամիչ։
Խոցային հիվանդություններով, քրոնիկական ստամոքսաբորբով, կոլիտով, աղիքաբորբով հիվանդներին Կ. խմելն արգելվում է։ Կ. խորհուրդ չի տրվում նաև պոդագրայի և լյարդի հիվանդությունների դեպքում։ Կ. երկար պահել չի կարելի, քանի որ այն շատ շուտ փչանում է, պղտորվում և դառնանում։