Jump to content

ՏՏՀ/Կրեմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԵՄ, քաղցրախյուս, աղանդերային քաղցր կերակրատեսակ, որն օգտագործվում է նաև հրուշակեղենի լցոնման և զարդարման համար։

Աղանդերային Կ. պատրաստում են հիմնականում սերուցքով, շաքարով և դոնդողանյութով (ժելատին)։ Ավելացնում են նաև մուրաբա, մանրած ընկույզ, կակաո, սուրճ, չամիչ, բուրավետության համար՝ վանիլին, լիկյոր։ Պատրաստի Կ. լցնում են կաղապարների մեջ և սառեցնում, իսկ մատուցելուց առաջ լցնում են փոքր ափսեների կամ հատուկ սկահակների մեջ։

Հրուշակեղենի Կ. սովորաբար պատրաստում են կարագով, ձվով, շաքարավազով, կաթով, ավելացնում են նաև սուրճ, կակաո, վանիլին, ընկույզ, նուշ, կոնյակ, աղանդերային թունդ գինիներ։

Վանիլի Կ. 20-30 %-անոց սառեցրած սերուցքը լցնել սառույցի կամ սառը ջրի մեջ դրած ամանի մեջ (ամանը պետք է տարողունակ լինի, քանի որ սերուցքի ծավալը հարելուց 1,5-2 անգամ մեծանում է) և հարել այնքան, մինչև ստացվի թանձր փրփրանման զանգված, ավելացնել շաքարափոշի, վանիլաշաքար և խառնել։ Դոնղողանյութին տաք կաթ ավելացնել, խառնել, քամել և հովացնել (25-30 °C), ապա անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնել հարած սերուցքի մեջ։ Ստացված Կ. լցնել կաղապարների մեջ և սառեցնել։ Մատուցելուց առաջ Կ-ով կաղապարը 1-2 վայրկյան պահել տաք ջրում, ապա թեթևակի թափահարելով շուռ տալ ափսեի կամ սկուտեղի մեջ և կաղապարը հանել։

0,5 լ սերուցքին՝ 1 բաժակ շաքարափոշի, մի պտղունց վանիլաշաքար, 4 թեյի գղալ դոնղողանյութ, 2 ճաշի գդալ կաթ։

Շոկոլադի Կ. պատրաստում են նույն եղանակով, ինչ վանիլի Կ.՝ վանիլաշաքարի փոխարեն ավելացնելով շաքարափոշու հետ խառնած կակաոյի փոշի։

0,5 լ սերուցքին՝ 1 բաժակ շաքարափոշի, 2 ճաշի գդալ կակաոյի փոշի, 4 թեյի գդալ դոնղողանյութ, 2 ճաշի գդալ կաթ։

Սուրճի Կ. պատրաստում են նույն եղանակով, ինչ վանիլի Կ.՝ դոնդողանյութը լուծելով 1/2 բաժակ թունդ սուրճի մեջ։

Հատապտղի Կ. պատրաստում են վերը նշված եղանակով՝ կակաոյի կամ սուրճի փոխարեն ավելացնելով թարմ ելակ, մոռ կամ գետնամորի։ Հատապտուղն ընտրել, սառը ջրով լվանալ և մաղով անցկացնել։ Ստացված խյուսը խառնել շաքարափոշու հետ, ապա լցնել հարած սերուցքի մեջ։

Խնձորի Կ. խնձորը կեղևել, միջուկը հանելուց հետո կտրտել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, ջուր և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Ստացված զանգվածը սառեցնել։ Մեկ բաժակ թթվասերը հարել շաքարափոշու հետ։ Մատուցելուց առաջ հարած թթվասերը խառնել մրգազանգվածին, վրան լցնել մոռի կամ բալի օշարակ։

1,5 կգ խնձորին՝ 2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ջուր, 1-2 ճաշի գդալ շաքարափոշի։

Սերուցքային (կարագով) Կ.. շաքարավազն ու ձուն տրորել, կաթ ավելացնել և անընդհատ խառնելով եռման հասցնել, ապա կրակից վերցնել և սառեցնել։ Կարագը լավ հարել և, շարունակելով խառնելը, փոքր բաժիններով ավելացնել պատրաստի խառնուրդը։ Բուրավետության համար կարելի է ավելացնել վանիլին կամ լիկյոր։

200 գ անալի կարագին՝ 1 բաժակ շաքարավազ, 1/2 բաժակ կաթ, 1 ձու, մի պտղունց վանիլին կամ 1 փոքր գավաթ լիկյոր։

Սերուցքային Կ. խտացրած կաթով. խտացրած կաթը ջրով բացել, մարմանդ կրակի վրա եռման հասցնել (առանց եռացնելու), ապա սառեցնել։ Փափուկ կարագը հարել այնքան, մինչև սպիտակի, այնուհետև շարունակելով հարելը ավելացնել խտացրած կաթի և ջրի խառնուրդը, վանիլին (լիկյոր) կամ կակաոյի փոշի։

300 գ կարագին՝ 250 գ խտացրած կաթ, 1/3 բաժակ ջուր, մի պտղունց վանիլին, 1 ճաշի գդալ լիկյոր, 1 ճաշի գդալ կակաոյի փոշի։

Եփովի Կ. 7 ձուն, շաքարավազը, ալյուրը, վանիլինը խառնել, սառը կաթ ավելացնել և անընդհատ խառնելով եռման հասցնել։

0,5 լ կաթին՝ 4 ձու, 1 բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ ցորենի ալյուր, մի պտղունց վանիլին։

Շոկոլադի կարագով Կ. անհրաժեշտ մթերքը լցնել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով եփել մինչև զանգվածի թանձրանալը։

50 գ կարագին՝ 1/2 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ կաթ, 3 թեյի գդալ (լիքը) կակաոյի փոշի։

Նարնջի Կ. նարնջի հյութը խառնել մեկ նարնջի քերած կեղևի հետ, ավելացնել 4 ձվի դեղնուց, 1 լրիվ ձու, գինի և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Կրակից վերցնել և խառնելով հովացնել։ 4 ձվի սպիտակուցն առանձին հարել մինչև ստացվի թանձր փրփրանման զանգված, որը քիչ–քիչ ավելացնել պատրաստի խառնուրդին՝ անընդհատ խառնելով։

1/4 բաժակ նարնջի հյութին՝ 5 ձու, 1/3 բաժակ սեղանի սպիտակ գինի։