Jump to content

ՏՏՀ/Հատակափայլիչ էլեկտրական

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՏԱԿԱՓԱՅԼԻՉ էլեկտրական, օգտագործվում է փայտասալահատակի, լինօլեումի և ներկած հատակի մեխանիկական փայլեցման համար։ Հատակը փայլեցվում է պտտվող խոզանակներով, որոնք շարժման մեջ են դրվում արագընթաց էլեկտրաշարժիչով։ ժամանակակից Հ-ներում նախատեսված է նաև խոզանակների պտտումից տարածվող փոշու ներծծման հարմարանք։ Կառավարման ձողի օգնությամբ Հ. տեղաշարժվում է հատակի վրայով։ Հ-ի իրանի ներքևի եզրը գոտևորված է ռետինե օղակով կահույքը և հատակի շրիշակները խոզանակներից պաշտպանելու համար։ Կառավարման ձողի պտտման հանգույցում սարքավորված է փոքրածավալ անջատիչ, որը միացնում է էլեկտրաշարժիչը ձողի թեք (աշխատանքային) դիրքում և անջատում այն՝ ձողի ուղղաձիգ (ոչ աշխատանքային) դիրքում։

Հատակը փայլեցնում են մածիկը քսելուց առնվազն 1 ժամ հետո։ Հ. սահուն տեղաշարժում են հետ ու առաջ առանց ձողին ուժ գործադրելու։ Հայելափայլ ստանալու համար խոզանակներին ամրացնում են ողորկիչ տափօղակներ և մեկ անգամ ևս փայլեցնում հատակը։

Հ-ի խոզանակները և ողորկիչ տափօղակները հարկավոր է ժամանակ առ ժամանակ լվանալ օճառաջրով կամ լվացափոշու լուծույթով, ցայել և չորացնել։

Գերտաքացումից խուսափելու համար Հ. 30-45 րոպե անընդմեջ աշխատելուց հետո պետք է անջատել և 15-20 րոպեից կրկին միացնել։ Խորհուրդ չի տրվում Հ. երկար ժամանակ պահել ուղիղ դիրքում, քանի որ ծանրության տակ խոզանակները կարող են ձևափոխվել։ Շարժական հանգույցների առանցքակալները պետք է յուղել առնվազն տարին մեկ։