ՏՏՀ/Հեծանիվ
ՀԵԾԱՆԻՎ, Հ-ով երթևեկելը, որ մատչելի է ամեն տարիքի մարդկանց համար, զարգացնում է դիմացկունություն, ուժ և ճարպկություն, նպաստում համարձակության ու հնարամտության դաստիարակմանը, վերացնում է լարվածությունը և բարձրացնում տրամադրությունը։ Հ. հաստատապես մտել է ժամանակակից մարդու կենցաղ։ Ոմանց համար այն փոխադրամիջոց է, ուրիշների համար՝ հանգստի հիանալի ձև, մյուսների համար՝ առողջության վերականգնման և ամրապնդման միջոց։ Ըստ կառուցվածքի և նպատակի՝ լինում են ճամփորդական, թեթև ճամփորդական, մարզական և հատուկ Հ-ներ։ Հիմնական մասը ճամփորդական Հ-ներն են։ Գոյություն ունեն այդ Հ-ների կառուցվածքի բազմազան տեսակներ, որոնք իրարից տարբերվում են հենոցի չափերով և ձևերով, անիվների չափերով և դողերի հաստությամբ, ղեկի ձևերով, արգելակների տեսակներով, արագության փոխարկիչների, բեռնատեղերի առկայությամբ ևն։ Հիմնական կառուցատարրերը պատրաստվում են պողպատից, ալյումինից և դրանց համահալվածքներից, որոնք ապահովում են բավարար մեխանիկական ամրություն։ Հ-ի զանգվածի փոքրացման նպատակով հենոցը, առջևի մասի երկժանին, թամբի հենակը և ղեկը պատրաստվում են խողովակներից։
Ճամփորդական հեծանիվները նախատեսված են ամեն տեսակի ճանապարհներով և կածաններով, խոտի և ավազի վրա, անտառում և դաշտում երթևեկելու համար։ Դրանց բնորոշ են մեծ դիմացկունությունը և շահագործման համեմատական պարզությունը, ունեն նշանակալի զանգված (15-17 կգ), լայն դողեր, բարձրադիր ղեկ, զսպանակավորված թամբ։ Ոչ մեծ բեռներ փոխադրելու համար Հ-ներն ունենում են բեռնատեղեր, իսկ համեմատաբար ավելի մեծ բեռների համար՝ երկանիվ կցանքներ։ Հատկապես ճամփորդական Հ-ների համար թողարկվում են երեխաներ փոխադրելու նստոցներ, որոնք ամրացվում են հենոցին կամ ղեկին։
Թեթև ճամփորդական հեծանիվներն օգտագործվում են գլխավորապես ասֆալտածածկ ճանապարհներով երթևեկելու համար։ Դրանք ունեն համեմատաբար ավելի թեթև ընթացք, ճամփորդական Հ-ներից ավելի փոքր զանգված (14-15 կգ), ավելի նեղ դողեր, բայց ավելի բարդ կառուցվածք (օրինակ, ունեն ձեռքի արգելակ, արագությունների փոխարկիչ), ուստի պահանջում են ավելի ջանադիր խնամք և կարգավորում։
Լայն տարածում են ստացել «Կամա» և «Դեսնա» տեսակի չափազանց հարմար ծալովի ճամփորդական հեծանիվները: Դրանց տարբերիչ առանձնահատկությունը ծալովի հենոցն է, որը բաղկացած է հոդակապով միացվող երկու մասերից, ինչը հնարավորություն է տալիս արագորեն ծալել և բացել Հ.։ Իբրև կանոն, այդպիսի Հ-ներն ունեն ավելի փոքր տրամագծով անիվներ, քան ճամփորդական Հ-ները (դողերի լայնությունը նույնն է), ղեկի և թամբի բարձրության կարգավորման մեծ ընդգրկույթ (վերջին հանգամանքը դրանք դարձնում է օգտագործելի ինչպես մեծահասակների, այնպես էլ դեռահասների համար)։ Ծալովի Հ-ներն ամփոփ են, քիչ տեղ են զբաղեցնում, հարմար են տեղափոխելու և պահելու ժամանակ։
Դեռահասների հեծանիվները մեծահասակների համար թողարկվող ճամփորդական Հ-ների պարզեցված պատճեններն են, դրանցից տարբերվում են գլխավորապես առանձին հանգույցների (օրինակ, հետևի անիվի սայլակի, թամբի ամրակապի) ավելի պարզ կառուցվածքով և պատրաստման նվազ ճշգրտությամբ։
Մանկական հեծանիվները լինում են եռանիվ և երկանիվ, ինչպես նաև համակցված («Վետերոկ»), որոնք աննշան վերափոխումից հետո եռանիվից դառնում են երկանիվ և հակառակը։ Որոշ երկանիվ մանկական Հ-ներ ունեն երկու լրացուցիչ հանովի փոքր անիվներ, որոնք հատուկ «ոտիկ»–կալունակներով ամրացվում են հետևի անիվի սռնուն և երկանիվ Հ-ին տալիս են եռանիվի կայունություն։ Մանկական Հ-ները թողարկվում են թափածու և փչովի դողերով։
Մարզական հեծանիվները լինում են խճուղային և մրցուղային։ Մարզական Հ-ներին հատկանշական են փոքր զանգվածը (6-10 կգ), նեղ դողերը՝ առանց օդախցիկի (այսպես կոչված «միախողովակ»), առավելագույն թեթև ընթացքը։ Խճուղային մրցարշավային Հ-ներն ունենում են ձեռքի արգելակներ և արագության փոխարկիչներ (8-10 դիրքով), մրցուղային Հ-ները, որոնք նախատեսված են հեծանվային բոլոր ուղիներում մարզումների և մրցումների համար, խիստ թեթևացած կառուցվածք ունեն ի հաշիվ հատուկ գերկարծր համահալվածքների և դյուրալյումինի օգտագործման, կինեմատիկ սխեմայի առավելագույն պարզեցման (նրա յուրաքանչյուր տարրի պատրաստման բարձր ճշգրտության պայմանով) ընդհուպ մինչև ընթացքի վերացումը արգելակումն իրականացվում է մրցարշավորդի ոտքերի մկանների ճիգով, որը ոտնակի և շղթայավոր փոխանցիչի միջոցով հաղորդվում է հեծանիվի տանող անվին։ Այս ամենը թույլ է տալիս բոլորուղու վրա հասնել 60-65 կմ/ժամ արագության։
Հատուկ հեծանիվների շարքին են դասվում, օրինակ, կրկեսային-բեռնատար, տարեց մարդկանց համար նախատեսված Հ-ները, հեծանվասայլակները ևն։ Հ-ի շահագործման սկզբնական շրջանում պետք է հատկապես ուշադիր հետևել նրա տեխնիկական վիճակին, հարկավոր է մանրազնին ստուգել բոլոր միացումները, ձգել հեղույսներն ու պնդօղակները, ստուգել շարժական մասերի յուղվածությունը և կարգաբերել արգելակները։ Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել անիվների ամրակապմանը, անվաճաղերի ձգմանը, դողերին և արգելակներին։
Անիվի ամրակապումը պետք է ապահովի նրա սահուն ազատ պտույտը (իներցիայով հրումից հետո), եթե բացակայում են խաղացքը ակնոցի վրա և թեքվածությունը երկժանու նկատմամբ։ Անվաճաղերը պետք է հավասարաչափ ձգված լինեն։ Դա կարելի Է հեշտությամբ պարզել դարձակով թեթևակի հարվածելով դրանց. ուժեղ ձգված անվաճաղը բարձր տոնայնության ձայն է արձակում, թույլ ձգվածը ավելի ցածր (խուլ) ձայն։ Անվաճաղերի ոչ հավասարաչափ ձգման դեպքում տեղի է ունենում անիվների ձևափոխում դրանց օղագոտիները կորցնում են ուղիղ ձևը, դառնում ձվաձև և ութաձև (հարվածում են կողային հարթություններին)։ Դարձակով հենոցին հարվածելով դժվար չէ հայտնաբերել նաև նրա մեջ առաջացած ճաքերը, որոնք կարող են ժամանակից շուտ շարքից դուրս բերել Հ.։
Դողերի փչման աստիճանը կախված է ճանապարհի պատվածքից, ասֆալտապատ կամ բետոնապատ ճանապարհով երթևեկելիս դողերն ավելի ուժեղ են փչում, գյուղամիջյան ճանապարհով կամ ճանապարհազուրկ վայրում երթևեկելիս ավելի թույլ։ Անհրաժեշտ է նաև մշտապես հետևել արգելակների սարքինությանը, անսարք կամ վատ գործող արգելակներով երթևեկելը վտանգավոր է կյանքի համար։ Կարևոր նշանակություն ունի շղթայի ճիշտ ձգումը, թույլ ձգված շղթան կարող է ընթացքի ժամանակ դուրս թռչել ատամնանիվներից, իսկ չափից ավելի ձգված շղթան դժվարացնում է ոտնակները պտտելը։
Որպեսզի Հ. երկար ծառայի և լավ տեսք ունենա, հարկավոր է պարբերաբար, և հատկապես տևական ուղևորություններից հետո, այն մաքրել փոշուց ու կեղտից, լվանալ և յուղապատել առանցքակալները, վերացնել անիվների խաղացքը և ժամանակին կատարել անհրաժեշտ նորոգումները։ Ձմռանը, երբ Հ-ից չեն օգտվում, առավել նպատակահարմար է այն պահել չոր, տաքացվող շինություններում հավաք կամ քանդած վիճակում, նախապես յուղապատելով (օրինակ, տեխնիկական վազելինով) շարժական մասերը, դողերը պետք է փչված լինեն։ Սառը, խոնավ տեղում պահելիս Հ-ի շարժական մասերը հարկավոր է յուղապատել հաստ շերտով, իսկ ներկված և քրոմապատ մակերևույթները պատել վաճառքում առկա մոմազանգվածային կամ սիլիկոնային հատուկ բաղադրություններով։ Լավ կլինի նաև նրա վրա գցել անջրանցիկ նյութից պոլիէթիլենային թաղանթից, բրեզենտից կամ այլ նյութից պատրաստված ծածկոց։ Եթե Հ. պահելու տեղը փոքր է, կարելի է հանել անիվները։ Ուժեղ սառնամանիքները քայքայում են ռետինը, ուստի բռնակները, թամբը և դողերը ավելի հարմար է պահել տանը։