Jump to content

ՏՏՀ/Հեռախոսային ապարատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՊԱՐԱՏ, բաղկացած է կոմուտացիոն-ազդանշանային և խոսակցական մասերից։ Ազդանշանների ընդունման համար Հ. ա-ում նախատեսված է էլեկտրական զանգ։ Իբրև կանչի ազդանշանային սարք կարող է օգտագործվել նաև սովորական էլեկտրական լամպը, որը վառվում է զանգի հետ միաժամանակ։ Լուսային ազդանշանը հարմար է թույլ լսողություն ունեցող մարդկանց համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ ձայնային ազդանշանն անցւսնկալի է։ Բաժանորդի կանչն իրականացվում է սկավառակավոր կամ կոճակավոր համարահավաքիչի միջոցով։ Վերջինս ունի 10 հիմնական (0-ից մինչև 9) և մի քանի լրացուցիչ կոճակներ։ Կանչվող բաժանորդի հեռախոսի համարը ավտոմատ հեռախոսակայան հաղորդելու համար բավական է հաջորդաբար սեղմել համապատասխան կոճակները։ Թողարկվում են էլեկտրոնային հիշողությամբ կոճակավոր Հ. ա-ներ։

Կան նաև սովորական հեռախոսի հետ օգտագործվող (կարճ հեռավորությունների համար) ռադիոհեռախոսներ։ Շարժական ռադիոկապի համաշխարհային կապի Հ. ա-ները, սովորական հեռախոսային կապից բացի, կարող են կապ ապահովել այդ համակարգի մեջ է մտնող շուրջ 20 երկրների բաժանորդների հետ։

Հ. ա-ի խոսակցական մասի առավել կարևոր տարրերն են միկրոֆոնն ու հեռախոսը, որոնք միավորված են միասնական կառուցվածքային հանգույցի միկրոհեռախոսափողի մեջ։ Միկրոֆոնը ձայնային ազդանշանները փոխարկում է էլեկտրական ազդանշանների և ուժեղացնում դրանք, իսկ հեռախոսը կապի գծից եկող էլեկտրական ազդանշանները փոխարկում է ձայնային տատանումների։