Jump to content

ՏՏՀ/Հիպերտոնիկ հիվանդություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիպերտոնիկ հիվանդություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 308
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՀԻՊԵՐՏՈՆԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, սիրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից։ Բնորոշ ախտանշանը արյան զարկերակային ճնշման բարձրացումն է (հիպերտենզիան), որը անոթային լարման կարգավորման խանգարումների հետևանք է։ Հ. հ-յան առաջացմանը նպաստում են մշտական նյարդային լարվածությունը, հոգեկան հուզումները, ոչ լիարժեք ավելցուկային սնունդը, քիչ շարժուն ապրելակերպը։ Հ. հ. զարգանում է սովորաբար 40 տարեկանից հետո, երբեմն ավելի երիտասարդ տարիքում։

Հ. հ-յան սկզբնական փուլում, զարկերակային ճնշման անկայուն բարձրացումից բացի, պարբերաբար կարող են առաջանալ գլխացավեր, սրտխփոց, երբեմն սրտի շրջանում ցավեր, ծոծրակում ծանրության զգացում։ Հետագայում առաջանում են գլխապտույտ, ձեռքերի և ոտքերի մատների թմրածություն, դեպի գլուխն արյան առլեցուններ, աչքերի առջև երևում են «մժեղներ»։ Հիվանդներն արագ հոգնում են, խանգարվում է քունը։

Հ. հ-յան վտանգը պայմանավորված է հնարավոր բարդություններով (սրտամկանի ինֆարկտ, կաթված, երիկամային անբավարարություն) և պահանջում է երկարատև կայուն բուժում, որի արդյունավետությունը կախված է հիվանդության փուլից և հիվանդի վարքագծից։ Հիվանդը որքան վաղ է դիմում բժշկի և ճշտորեն կատարում նրա նշանակումները, այնքան արագ և կայուն է բուժման արդյունքը։ Կարևոր նշանակություն ունի ռեժիմը։ Հիվանդը պետք է հնարավորության դեպքում խուսափի ֆիզիկական, առավել ևս հոգեկան գերլարվածությունից, խստորեն պահպանի աշխատանքի և հանգստի ռեժիմը, հրաժարվի ծխելուց և ոգելից խմիչքներից, քնի 8 ժամից ոչ պակաս։

Քանի որ զարկերակային արյան ճնշման բարձրացումն ուղղակիորեն կապված է երիկամների միջոցով նատրիումի քլորիդի արտազատման նվազման հետ, ուստի Հ.հ-յան զարգացումը կանխելու և հիվանդի վիճակը բարելավելու նպատակով կարևոր են սննդի օրաբաժնում աղի և թթու սննդամթերքի սահմանափակումը, ինչպես նաև բժշկի նշանակմամբ միզամուղ (օրգանիզմից աղերի արտազատումն ուժեղացնող) դեղամիջոցների ընդունումը։ Կարևոր գործոն է նաև շարժողական ակտիվությունը (զբոսանքներ, մատչելի մարզաձևեր, չափավոր ֆիզիկական աշխատանք)։

Բժշկի նշանակած համալիր բուժումը, որն ընդգրկում է զարկերակային ճնշումն իջեցնող միջոցները, կարող է արագ բարելավել հիվանդի վիճակը։ Սակայն, որպես կանոն, այդ արդյունքը ժամանակավոր է և հիվանդությունը լրիվ չի բուժվում։ Ուստի հարկավոր է բժշկի բոլոր նշանակումները շարունակել։ Բուժման ընթացքում չհիմնավորված ընդմիջումները, ռեժիմի խախտումները, հոգեհուզական գերբեռնվածությունները կարող են ծանրացնել հիվանդության ընթացքը, հանգեցնել հիպերտոնիկ ճգնաժամի, հիվանդության ախտանշանների կտրուկ սրացման, որը կարող է ուղեկցվել գլխուղեղի, մի շարք դեպքերում նաև այլ օրգանների, արյունամատակարարման խանգարումներով։

Հիվանդի վիճակը վատանալիս հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել և մինչև նրա գսղը հիվանդին անկողնում կամ հարմար բազկաթոռում կիսանստած դիրք տալ։ Հարկավոր է ոտնաթաթերը և ծնկները տաքացնել (փաթաթել ջեռակով), տալ 30-35 կաթիլ կորվալոլ կամ վալոկորդին, ինչպես նաև նախապես նշանակված արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցի արտահերթ դեղաչափ։

Անհրաժեշտ է խուսափել առատ սննդից։ Հետկրծոսկրային ցավերի ժամանակ հարկավոր է ընդունել նիտրոգլիցերին (լեզվի տակ)։

Հիվանդները ենթակա են դիսպանսերային հսկողության։ Բազմամյա փորձը վկայում է, որ կանոնավոր բուժման և ճիշտ ռեժիմի դեպքում հիվանդները երկար տարիներ պահպանում են կենսունակությունը։