ՏՏՀ/Հիվանդի խնամքը
ՀԻՎԱՆԴԻ ԽՆԱՄՔԸ, մեծ նշանակություն ունի առողջությունը վերականգնելու համար։ Ամեն մի հիվանդություն պահանջում է յուրահատուկ խնամք, սակայն մի շարք կանոններ ընդհանուր են բոլոր հիվանդությունների համար։ Հիվանդասենյակը պետք է լինի հնարավորին չափ լուսավոր, տաք (օդի ջերմաստիճանը՝ 18-20 °C)։ Այն պետք է մաքրել օրը 2 անգամ՝ խոնավ շորով, հաճախակի օդափոխել (ձմռանը՝ օրական առնվազն 3 անգամ, 10-15 րոպե)։ Ամռանը խորհուրդ է տրվում մշտապես բաց թողնել պատուհանը։ Օդափոխելիս հիվանդին պետք է ծածկել տաք վերմակով, գլուխը փաթաթել գլխաշորով կամ սրբիչով, երեսը բաց թողնել (եթե օդի ներհոսքը չի գրգռում շնչուղիները)։
Հիվանդության ընթացքում պետք է հետևել անձնական հիգիենայի կանոններին. օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան) մաքրել ատամները, ուտելուց հետո բերանը ողողել, եթե հակացուցված չէ՝ շաբաթը առնվազն 1 անգամ հիգիենային լոգանք ընդունել։ Ծանր հիվանդների ձեռքերը և երեսը պետք է մաքրել ջրով կամ լոսյոնով թրջած բամբակով, կոպերը՝ բորաթթվի 2 %-անոց գոլ լուծույթով։ Լեզուն, լնդերը և ատամները պետք է մաքրել 2 %-անոց բորաթթվի կամ կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթով թրջած բամբակով, ապա թանզիֆի անձեռոցիկով (բորաթթվի 1 %-անոց և գլիցերինի 10 %-անոց լուծույթի խառնուրդով թրջած)։ Պարանոցը, կուրծքը, թևատակերը ամեն օր մաքրել խոնավ (տաք) սրբիչով, ապա չորացնել։ Քրտնախաշից խուսափելու համար գեր հիվանդների թևատակերը, աճուկային մասերը պետք է պարբերաբար լվանալ կամ մաքրել ջրով նոսրացված օղիով (1:1) կամ օդեկոլոնով։ Որպեսզի պառկելախոցեր չառաջանան, հիվանդի մաշկն անհրաժեշտ է շփել քափուրի սպիրտով, մեջքից ներքև դնել մաքուր (բայց գործածված) կտորով փաթաթած ռետինե շրջանակ։ Ամեն օր պետք է սանրել հիվանդի մազերը, պարբերաբար կտրել եղունգները։ Կղելուց և միզելուց հետո անպայման պետք է գոլ ջրով լվացում անել։ Խորհուրդ է տրվում սպիտակեղենը փոխել շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ։ Ծանր հիվանդի սպիտակեղենը փոխելը հատուկ հմտություն է պահանջում. հիվանդին պետք է զգուշորեն տեղափոխել անկողնու եզրը, սավանի ազատ մասը բինտի նման ոլորել մինչև հիվանդի մարմինը, մաքուր սավան փռել և հիվանդին պառկեցնել իր տեղում։ Անշարժ հիվանդի սավանը փոխելու համար այն պետք է ոլորել ոտքերի կողմից դեպի գլուխը։ Նախ սավանը պետք է ոլորել մինչև գոտկատեղը՝ միաժամանակ փռելով մաքուր սավան, հին սավանը հանել մեջքի տակից՝ դնելով մաքուրը։ Ծանր հիվանդի շապիկը փոխելիս պետք է ձեռքը տանել մեջքի տակ, շապիկը բարձրացնել մինչև ծոծրակը, այնուհետև հերթով հանել թևքերը։ Եթե հիվանդի մի ձեռքը վնասված է, նախ պետք է ազատել առողջ ձեռքը։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդի շապիկը հանելիս ազատում են աջ թևը։ Շապիկն սկսում են հագցնել հիվանդ թևից։ Անշարժ պառկած հիվանդին խորհուրդ է տրվում հագցնել արձակ շապիկ։ Հիվանդի տակ միզանոթ դնելիս մի ձեռքը պետք է դնել սրբոսկրի տակ, հիվանդին մի փոքր բարձրացնել և մյուս ձեռքով դնել միզանոթը։ Դատարկելուց հետո միզանոթը պետք է լվանալ տաք ջրով և ախտահանել լիզոլի կամ քլորամինի 3 %-անոց լուծույթով կամ կալիումի գերմանգանատի թունդ լուծույթով։
Հիվանդի սնունդը պետք է լինի բազմատեսակ և լիարժեք։ Նրան պետք է կերակրել օրական 4 անգամ (երբեմն ավելի հաճախ) նույն ժամերին։ Սննդակարգը և հեղուկի քանակությունը նշանակում է բժիշկը։ Անշարժ պառկած հիվանդին ջուրը (կամ հեղուկը) տալիս են փոքր թեյամանով։ Կերակրելիս ցանկալի է մահճակալի վրա փոքր սեղան դնել կամ սրբիչ փռել։ Պետք է շատ ուշադիր լինել հիվանդի նկատմամբ, վիճակը վատանալիս անմիջապես բժիշկ կանչել։ Անհրաժեշտ է հետևել շնչառությանը, ուշադրություն դարձնել մաշկի գույնին, ցաներին, այտուցներին, հևոցին, հազին, միզարտադրությանը, տրամադրությանը, հոգեբանական վիճակին։
Դեղորայքը պետք է տալ հիվանդին բժշկի նշանակած ժամերին՝ սահմանված քանակությամբ։ Օրական առնվազն 2 անգամ նույն ժամերին (առավոտյան 8-9-ին և երեկոյան 5-8-ին), պետք է չափել հիվանդի մարմնի ջերմաստիճանը։ Որոշ հիվանդությունների ժամանակ բժշկի ցուցումով մարմնի ջերմաստիճանը չափում են ավելի հաճախ։ Հիվանդին խնամելիս պետք է կարողանալ կոմպրես, թրջոցներ դնել, ինհալացիա, հոգնա կատարել, բաժակ, սառցապարկ և ջեռակ դնել։ Աչքի հիվանդությամբ տառապողներին խնամելիս պետք է կարողանալ աչքի լվացում կատարել, կաթիլներ կաթեցնել (բամբակե խոնավ խծուծով իջեցնել ներքևի կոպը և լորձաթաղանթին կաթեցնել 1-2 կաթիլ)։ Աչքի քսուքը ապակե մաքուր ձողիկով կոպի ծալքին քսելուց առաջ կոպը պետք է ներքև ձգել (հիվանդը պետք է ներքև նայի)։
Ականջի կաթիլներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է այն տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը։ Հիվանդին պետք է պառկեցնել կողքի, ականջախեցին հետ տանել, կաթեցնելուց հետո ականջին բամբակ դնել, 20-25 րոպեից գլուխը շրջել, որ դեղի մնացորդը ծծվի բամբակի մեջ, ապա ականջի մեջ մի քիչ չոր բամբակ դնել։
Քթի մեջ դեղ կաթեցնելիս պետք է օգտվել կաթոցիչից։ Էմուլսիան ավելի լավ է քթի մեջ լցնել թեյի գդալով նախապես գոլացնելուց հետո։
Կոկորդի և բերանի խոռոչը պետք է ողողել գոլ լուծույթով։
Վարակիչ հիվանդին խնամելիս պետք է զգուշանալ վարակի տարածումից (տես Վարակազերծում, Մանկական վարակիչ հիվանդություններ, Աղիքային վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ):
Հիվանդ երեխայի խնամքը։ Մայրը պետք է գիտենա ինչպես խնամել հիվանդ երեխային։ Հիվանդությունն անմիջապես ազդում է երեխայի վարքագծի և տրամադրության վրա։ Նա դառնում է կամակոր, թմրած, ուզում է, որ իրեն գրկեն, հրաժարվում է ուտելուց։ Նման դեպքում պետք է չափել երեխայի մարմնի ջերմաստիճանը, անկողնում պառկեցնել և բժիշկ կանչել։ Խորհուրդ չի տրվում հիվանդ երեխային պոլիկլինիկա տանել կամ մինչև բժշկի այցը որևէ դեղ տալ։ Պետք է առավել ուշադիր լինել որովայնի շրջանում ցավերից գանգատվելու դեպքում։ Վտանգավոր է առանց բժշկի նշանակման որովայնին ջեռակ դնել կամ լուծողական տալ։ Լուծի կամ փսխման դեպքում երեխային պետք չէ կերակրել մինչև բժշկի գալը։ Պետք է խմեցնել միայն եռացրած ջուր կամ թեյ։ Կեղտոտ տակաշորը, կղանքով կամ փսխազանգվածով պետքամանը հարկավոր է պահել մինչև բժշկի գալը։ Հիվանդ (հատկապես, մարմնի ջերմաստիճանի բարձրացման ժամանակ ունեցող) երեխայի համար անհրաժեշտ է ստեղծել հանգիստ պայմաններ։ Մահճակալը պետք է դնել լուսավոր տեղում, սակայն այնպես, որ լույսն աչքերին չընկնի։ Սենյակն անհրաժեշտ է օդափոխել օրը մի քանի անգամ։ Ձմռանը երեխայի տաք հագուստը պետք է փոխել, երբ սենյակը բավականաչափ տաք է։
Հիվանդ երեխային կերակրելիս պետք է հետևել բժշկի խորհուրդներին։ Վատ ախորժակ ունեցող երեխային պետք է կերակրել փոքր բաժիններով, առանց ստիպելու։ Փսխումներով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ կրծքի երեխային պետք է տալ մայրական կթած կաթ և սենյակի ջերմաստիճանի եռացրած ջուր։ Հիվանդ երեխային (հատկապես ջերմության դեպքում) հարկավոր է քիչ-քիչ, բայց հաճախակի ջուր խմեցնել։ Լուծով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ երեխան շատ հեղուկ է կորցնում, ուստի նրան պետք է 15-20 րոպեն մեկ ջուր տալ։
Անհրաժեշտ է հետևել երեխայի մարմնի մաքրությանը: Եռացրած ջրով թրջած բամբակով մաքրել դեմքը, պարանոցը, ականջների հետևը, մաշկածալքերը, իսկ ձեռքերը լվանալ օրը մի քանի անգամ։ Ամեն անգամ կղելուց հետո պետք է երեխայի հետույքը լվանալ, ապա վազելին քսել։ Բժշկի թույլտվությամբ կարելի է հիգիենային լոգանք կատարել։ Քրտնախաշից խուսափելու համար պառկած երեխայի դիրքը պետք է հաճախ փոխել։ Ամեն առավոտ աչքերը պետք է մաքրել բորաթթվի 1-2 %-անոց լուծույթով (քունքից դեպի քիթը)։ Աչքի լորձաթաղանթի բորբոքման և արտադրության դեպքում պետք է երեխային պառկեցնել կողքի (հիվանդ աչքի կողմը) և բարձին մի քանի տակ ծալած շոր փռել։
Քթի արտադրությունը պետք է մաքրել փափուկ շորով։ Քթի մեջ վազելինը կամ ձեթը պետք է քսել ոլորած բամբակով։ Կաթիլներն օգտագործելուց առաջ քիթը պետք է լավ մաքրել։ Վերին շնչուղիների հիվանդության դեպքում երեխային պետք է հաճախակի շուռ տալ մի կողքից մյուսը, գրկել առանց ամուր սեղմելու (շնչառությունը չդժվարացնելու համար)։
Մաշկային հիվանդությունների դեպքում սպիտակեղենը անպայման պետք է եռացնել և արդուկել։ Թրջոցների համար պետք է չորս տակ ծալած թանզիֆը կամ մաքուր քաթանը թրջել դեղանյութի լուծույթով և դնել մարմնի հիվանդ հատվածին, և յուրաքանչյուր 20 րոպեն մեկ կտորը խոնավացնել առանց հանելու։ Խորհուրդ է տրվում քսուքով վիրակապը դեմքին դնել դիմակի տեսքով. թանզիֆը պատել քսուքով, քթի, աչքերի և բերանի համար բացվածք անել, դնել դեմքին և վիրակապի ծայրերն ամրացնել ծոծրակին։
Հեղուկ դեղերը պետք է տալ գդալով։ Հաբերը ցանկալի է մանրացնել և լուծել ջրում։ Դառը դեղը կարելի է քաղցրացնել կամ խմեցնելուց հետո երեխային քաղցր թեյ տալ։
Շատ հիվանդություններ ուղեկցվում են փորի փքվածությամբ, ծակող ցավերով, անհանգստությամբ։ Նման դեպքերում պորտի շուրջը պետք է 2-3 րոպե թեթևակի մերսել ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ ձեռքերին բարակ շերտով վազելին կամ կարագ քսելուց հետո։
Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ռետինե ջեռակ, որում ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 50-60 °C։ Տաքացնող կոմպրեսը պետք է դնել մի քանի տակ և գոլ (40-45 °C) ջրով թրջած թանզիֆով կամ մաքուր գործվածքով (տես Կոմպրես):
Մանանեխի ծեփոնները երեխայի մաշկին պետք է դնել մի շերտ թղթի (տես Մանանեխի ծեփոն) կամ ձեթով թրջած կտորի վրայից։ Ոտքերի համար մանանեխի լուծույթը կարելի է պատրաստել դույլի կամ մեծ ամանի մեջ (մեկ դույլ ջրին՝ 1 ճաշի գդալ մանանեխ, ջրի ջերմաստիճանը՝ 37-38 °C)։ Երեխային պետք է գրկել, ոտքերն իջեցնել դույլի մեջ ու դույլը փաթաթել շորով։ Ոտքերի լոգանքի տևողությունը 10-15 րոպե է։
Որպեսզի ջուրը չսառչի, պարբերաբար պետք է տաք ջուր ավելացնել։ Վերջում ոտքերը պետք է պարզաջրել, չորացնել, գուլպա հագցնել և անկողնու մեջ ոտքերի տակ տաք ջեռակ դնել։ Բուժական լոգանքի ժամանակ խորհուրդ է տրվում երեխային մինչև ուսերն ընկղմել ջրի մեջ (ջերմաստիճանը 36 °C), այնուհետև զգուշորեն բարակ շիթով ավելացնել տաք ջուր՝ ջերմաստիճանը հասցնելով մինչև 39-40 °C։ Գլուխը կարիք չկա լվանալ։ Լոգանքից հետո երեխային պետք է փաթաթել տաքացրած շորով և ծածկոցով, ոտքերի տակ տաք ջեռակ դնել։
Որոշ դեպքերում հիվանդ երեխային նշանակում են սառնաբուժում։ Սառցապարկը փաթաթում են անձեռոցիկով կամ շորով, կախում գլխավերևում կամ փորի վրա այնպես, որ պարկը միայն թեթևակի հպվի մաշկին և չճնշի իր քաշով։ Մրսելուց խուսափելու համար սառույցը պետք է պահել ընդմիջումներով (առնվազն 30 րոպեն մեկ)։