Jump to content

ՏՏՀ/Հյութամզիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒԹԱՄԶԻՉ, թողարկում են ձեռքի (կոնաձև, պտուտակավոր, լծակավոր, պարուրակավոր փոխարկիչով, մսաղացի գլխադիրների տեսքով) և էլեկտրական Հ-ներ։

Կոնաձև Հ. ունի պարզ կառուցվածք և նախատեսված է ցիտրուսների համար, պատրաստում են ապակուց կամ պլաստմասսայից։ Չմաքրած կիտրոնը կամ նարինջը լայնակի կիսում են, մի մասը դնում կոնի վրա և սեղմելով պտտում 2 ուղղությամբ այնքան, մինչև ամբողջ հյութը մզվի տակը դրված անոթի մեջ։

Պտուտակավոր Հ. օգտագործելիս տրորած զանգվածը կամ հատապտուղները լցնում են ծակոտկեն ամանի մեջ և քամում պտուտակավոր մամլիչով։

Լծակավոր Հ. ունի շերեփի ձև, որը հոդակապով միացված է մամլիչ բռնակին։ Շերեփի մեջ տեղադրում են ծակոտկեն գլանաձև անոթը։ Տրորած բանջարեղենը կամ հատապտուղները լցնում են անոթի մեջ, ծածկում մամլիչ կափարիչով և սեղմում բռնակը։

Պարուրակավոր փոխարկիչով Հ. ունի մսաղացի տեսք, սեղանին ամրացվում է պտուտակամամուլով։ Նախատեսված է հատապտուղների հյութը մզելու համար։ Լվացած հատապտուղները լցնում են Հ-ի զետեղարանի մեջ։ Հյութը մետաղացանցի միջով հոսում է տակի անոթի մեջ, իսկ մզված զանգվածը ճզմվելով դուրս է մղվում իրանի անցքով։

Այս տեսակի Հ-ները թողարկում են նաև մսաղացի գլխադիրի տեսքով, որը բաղկացած է պարուրաձև միջուկից, կոնաձև ցանցից և կարգավորիչ պտուտակով իրանից։