ՏՏՀ/Հյութեր
ՀՅՈՒԹԵՐ, պատրաստում են մրգից, հատապտղից և բանջարեղենից։ Հ. դյուրամարս են, պարունակում են թարմ մրգի, հատապտղի և բանջարեղենի բոլոր սննդարար նյութերը։ Ձմռանը և վաղ գարնանն օգտագործվող սնունդը քիչ վիտամիններ է պարունակում, ուստի Հ. հատկապես անհրաժեշտ են։ Պտղամսով Հ-ի (օրինակ, ծիրանի, դեղձի, սալորի) մեջ, բացի այլ օգտակար նյութերից, պահպանվում են նաև բջջանյութը և պեկտինային (դոնդողացնող) նյութերը, որոնք խթանում են աղիքների աշխատանքը։
Խաղողի հյութը հարուստ է հեշտ յուրացվող շաքարով (գլյուկոզ, ֆրուկտոզ), օրգանական թթուներով (խնձորի, գինու և կիտրոնի), հանքային աղերով։ Խաղողի հյութի մեջ պարունակվող վիտամինները քիչ են, հիմնականում կարոտին (A նախավիտամին ) և B, C վիտամիններ։ Խաղողի հյութը շատ բարձր կալորիականությամբ դիետիկ մթերք է։ Խնձորի հյութը հարուստ է շաքարով, պեկտինային նյութերով և հանքային, հատկապես երկաթի աղերով։ Ծիրանի հյութը (պտղամսով) հարուստ է երկաթի և կալիումի աղերով և հատկապես կարոտինով։ Սալորի հյութը պատրաստում են պտղամսով և շաքարով։ Այն պարունակում է շատ պեկտինային նյութեր, ծարավը հագեցնող է, ունի լուծողական հատկություն։ Նարնջի և մանդարինի Հ. հարուստ են վիտամիններով, հատպակես C վիտամինով, ունեն հակալնդախտային հատկություններ։ C վիտամինով շատ հարուստ է պտղամսով պատրաստված սև հաղարջի հյութը։ Փոքր-ինչ պակաս քանակի վիտամին են պարունակում մորու և կոկռոշի Հ.։ Պոմիդորի հյութը պարունակում է բուսական սննդի մեջ եղած համարյա բոլոր վիտամինները։ Պոմիդորի հյութը հարուստ է հատկապես կարոտինով և C վիտամինով, հանքային աղերով, շաքարով և օրգանական թթուներով, ծարավը հագեցնող է, ունի ցածր թթվայնություն, հաճելի թարմացնող հատկություն։ Գազարի հյութը պարունակում է կարոտին, կալցիումի, ֆոսֆորի և երկաթի աղեր, ունի ավելի բարձր կալորիականություն և ավելի դյուրամարս է, քան բանջարեղենի մյուս Հ., անհրաժեշտ է երեխաներին, հղի և կերակրող կանանց։ Ճակնդեղի հյութը հարուստ է շաքարով, հանքային աղերով և ազոտային նյութերով։ Արտադրվում են խառնահյութեր և թանձր Հ., որոնք ունեն բարձր սննդային և համային հատկություններ։ Խառնահյութերը (օրինակ, խնձորի և լոռամրգի, խնձորի և գազարի) բաղկացած են երկու և ավելի տեսակի Հ-ից։ Թանձր Հ. ստանալու համար բնական հյութը (հիմնականում խնձորի) հատուկ սարքում եփելով թանձրացնում են։ Թանձր հյութի մեջ չոր նյութերը 6 անգամ ավելի են, քան բնականում։
Մրգահատապտղային և բանջարեղենի Հ. տան պայմաններում կարելի է պատրաստել հյութամզիչի օգնությամբ։ Տես նաև Պահածոյում: