ՏՏՀ/Հյուսում ձևանմուշով
ՀՅՈՒՍՈՒՄ ՁԵՎԱՆՄՈՒՇՈՎ։ Ձևանմուշը տափակ շրջան կամ քառակուսի է՝ մետաղական ձողիկների համար նախատեսված, մի քանի շարք անցքերով։ Կարելի է պատրաստել տանը փայտի և պողպատալարի ձողիկներից։ Պողպատալարի տրամագիծը պետք է համապատասխանի անցքին, ձողիկի երկարությունը 3-4 սմ է։ Մեկ ձևանմուշի համար պետք է ունենալ 40 ձողիկ։
Հյուսում են հաստ և թույլ ոլորած թելերով։ Ծաղիկ հյուսելու համար ձողիկները շարում են մեկ կամ մի քանի շարքով։ Մեծ շրջանագծով բաշխված անցքերում շարում են 12 ձողիկ։ Թելի ծայրը անցկացնում են կենտրոնում գտնվող անցքով և ձախ ձեռքով սեղմած պահում։ Աջ ձեռքով, ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևի և ներքևի կիսաշրջանագծերի ձողիկները 8-աձև փաթաթում են (թելը տանելով վերևի ձողիկներից դեպի ներքևինը)։ Յուրաքանչյուր ձողիկը կարելի է փաթաթել մի քանի անգամ (կախված թելի հաստությունից)։ 1-ին շրջանի ձողիկները փաթաթելուց հետո շարում են 2-րդ շրջանի ձողիկները (12 ձող) և նույն կամ այլ գույնի թելով փաթաթում ձողիկների 2-րդ շարքը ինչպես 1-ինը։ Յուրաքանչյուր նոր գույնի թելի ծայրը անցկացնում են կենտրոնի անցքով և հակառակ կողմից ամրացնում։ Նույն կամ այլ գույնի թելով ծաղկի թերթիկների բոլոր փաթույթներն ամրացնում են հելունակարով կամ դարձկարով, ասեղը մտցնում են ձևանմուշի կենտրոնի անցքով և փաթույթի միջին մասով դուրս հանում շիտակ երեսի կողմը։ Փաթույթներն ամրացնելուց հետո հեռացնում են ձողիկները և ծաղիկը հանում ձևանմուշից։ Հյուսած ծաղիկներն իրար են միացնում հելունով։