Jump to content

ՏՏՀ/Հյուսում երկժանիով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍՈՒՄ «ԵՐԿԺԱՆԻՈՎ»։ Տարբեր հաստության, թույլ ոլորած թելերով հյուսում են երկար հատերի շերտեր։ Հյուսումը սկսում են հետևյալ կերպ. հարթության վրա թելը հորիզոնական պահելով՝ երկժանին դնում են վրան, թելը փաթաթում այնպես, որ հնարավոր լինի երկժանու կենտրոնում այն կապել։ Կապելուց հետո ստանում են 2 հավասար հատ երկժանու աջ և ձախ կողմում։ Երկժանին պահում են ձախ ձեռքում, իսկ հելունը՝ աջ և, երկժանին պտտելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, թելը փաթաթում վրան։ Յուրաքանչյուր պտույտի ընթացքում հելունը մտցնում են ձախ կողմի հատի մեջ, թել դուրս քաշում և հյուսում առանց հավելահատի սյունակ։ Այսպես պտտեցնելով ձախ կողմի յուրաքանչյուր հատն ամրացնում են առանց հավելահատի սյունակով։ Հաշվում են երկժանու վրայի միայն մի կողմի հատերը։ Հյուսելով անհրաժեշտ երկարության շերտ՝ այն զգուշորեն հանում են երկժանուց (այնպես, որ միջին մասը չոլորվի) և հյուսում մյուս շերտը։ Հարմարության համար, յուրաքանչյուր հարյուրյակը նշում են այլ գույնի թելով։ Հյուսելիս թելերը ձգում են այնքան, որ երկժանին չճկվի։ Շատ հատերի դեպքում դրանք իջեցնում են ներքև և կապում երկժանու աղեղնաձև մասին։

Երկար հատերի շերտերը միացնում են տարբեր եղանակներով. 1. մի շերտի եզրահատը այլ գույնի թելով հելունակարով միացնում են մյուս շերտի եզրահատին, 2. մի քանի երկար հատերի փունջը միացնում են առանց հիմնական թելի՝ իրար մեջ հյուսելով։ Որպեսզի հյուսված կտորը չձևափոխվի, յուրաքանչյուր շերտը նախորդին միացնում են վերջինիս նկատմամբ հակառակ ծայրից։

Տարբեր գույնի թելերով հյուսած շերտերն իրար միացնելով պատրաստում են շարֆեր, շալեր, անձեռոցիկներ, բարձեր։

Երկժանիով հյուսած շերտերի միացում։ 2-3 սմ լայնության երկժանիով հյուսում են նույն քանակի երկար հատերով մի քանի շերտ։ 2 շերտը զուգահեռ (ուղղաձիգ) դնում են իրար կողքի, այնուհետև, այլ գույնի թելով հելունով միացնում հետևյալ կերպ, հելունով յուրաքանչյուր շերտից 1-ական հատ են վերցնում և դրանց միջով կիսասյունակ հյուսում՝ այսպես շարունակելով մինչև վերջ։ Որպեսզի գործվածքը չթեքվի՝ 3-րդ շերտն այս երկուսին միացնում են հակառակ ծայրից։

Եզրերի ազատ մնացած հատերը նույնպես միմյանց են միացնում (ուղղաձիգ) այլ գույնի թելով։ Վերջին ազատ մնացած հատերը կամ թել-ասեղով ամրացնում են, կամ ծոպեր են անում։

Երկժանիով հյուսած շերտերի միացում հանգույցներից բաղկացած «աղեղներով»: 6-7 սմ լայնության երկժանիով հյուսում են նույն քանակի երկար հատերով մի քանի շերտ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 10-ի։ Մի կողմի 10-ական երկար հատով փունջ են կազմում. 10 երկար հատը հելունով վերցնում են և հյուսում առանց հավելահատի սյունակ, այնուհետև հյուսում են 12 հանգույց, իջեցնում հյուսած շերտի ու հաջորդ փնջի միջև և առանց հավելահատի սյունակով ամրացնում շերտի խիտ մասին, այնուհետև 12 հանգույցը բարձրացնում են վեր։ Երկար հատերով շերտի մյուս կողմը հյուսում են նույն կերպ՝ առաջինի նկատմամբ տեղաբաշխելով շախմատաձև։

Հատերը նախշաձև միացնելուց հետո միացնում են շերտերը։ Յուրաքանչյուր շերտի եզրով հյուսում են 7 հանգույցից բաղկացած «աղեղների» 1 շարք։ Յուրաքանչյուր «աղեղը» ամրացնում են փնջերը միացնող «աղեղների» կենտրոնին՝ առանց հավելահատի սյունակով։ Մյուս շերտի եզրով հյուսում են նույնպիսի «աղեղներ»։ Յուրաքանչյուր «աղեղի» 4-րդ հանգույցը ամրացնում են 1-ին շերտի «աղեղի» կենտրոնին, ապա սեփական շերտի «աղեղի» կենտրոնին։ Գործվածքը շրջահյուսում են 7 հանգույցից բաղկացած «աղեղների» 1 շարքով։ Պատրաստի գործվածքի ներքևի եզրը ձևավորում են ծոպերով։

Ծոպերի հյուսում։ Եռաժանու վրա հավաքում են ծոպի երկարության հատեր։ Եռաժանու նեղ մասի լայնությունը 2-3 սմ է, իսկ լայն մասինը՝ 10-12 սմ։ Հատերն ամրացնում են նեղ մասում և այդ մասի յուրաքանչյուր հատի վրա հելունով կիսասյունակ են հյուսում։ Ստացվում է ամուր եզր, որը միացնում են պատրաստի գործվածքին, իսկ չամրացվող մասի հատերը թողնում են ազատ, որպես ծոպեր։