Jump to content

ՏՏՀ/Հոկեյ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈԿԵՅ, թիմային մարզախաղ՝ մականով և տափօղակով (կամ գնդակով), որի նպատակը տափօղակը կամ գնդակը հակառակորդի դարպասն անցկացնելն է։ ՀՀ-ում առավել զարգացած է մականախաղը (խոտի հոկեյ)։

Տափօղակով Հ.։ Առաջ է եկել 19-րդ դ. 60-ական թթ. Կանադայում։ Խաղում են փայտակողերով (կամ ձյունաթմբերով) պարսպված դաշտում։ Սառցապատված դաշտի վրա կարմիր գծեր են անցկացնում (դարպասի գծերը), դրանց միջև ընկած հրապարակի հատվածը բաժանում են 3 հավասար մասերի երկու կապույտ (գոտիների գծեր) և մեկ կարմիր գծերով։

Խաղին մասնակցում են երկու թիմ՝ յուրաքանչյուրում 20 խաղացող, 6–ական խաղացող (դարպասապահը և դաշտի խաղացողները)։ Խաղացողներին կարելի է փոխարինել խաղի ընթացքում կամ ընդմիջումներին։

Խաղն սկսվում է (և վերսկսվում տափօղակը դարպասի մեջ նետելուց հետո) միջին գծի կենտրոնական կետից։ Խաղի ընթացքում չի կարելի ընդունել կապույտ գծով սահմանափակված սեփական գոտուց նետած կարմիր գծի վրայով անցնող տափօղակը։ Տափօղակի համար պայքարելիս թույլ է տրվում կիրառել ուժային գործողություններ (իրանով հրել հակառակորդին)։ Արգելվում է հարվածել ձեռքով և մականով, ոտք գցել։ Նշված խախտումների համար խաղացողը հեռացվում է դաշտից 2 րոպեով, իսկ թիմը շարունակում խաղը մնացած խաղացողներով։

Խաղի տևողությունը 1 ժամ է՝ 20 րոպեանոց 3 խաղափուլ՝ 10 րոպեանոց ընդմիջումներով։

Գնդակով Հ.։ Առաջացել է 19-րդ դ. կեսերին Մեծ Բրիտանիայում։ Խաղադաշտը (90-110 մ x 50-65 մ) գծանշվում է հետևյալ կերպ. տուգանային հրապարակը սահմանազատվում է 17 մ շառավղով կիսաշրջանագծով, որի վրա նշված է «ազատ հարվածի» 2 կետ, տուգանային հրապարակում կա 12 մետրանոց հարվածի համար նախատեսված կետ։ Խաղում են պլաստիկից, խցանանյութից կամ կաշվից պատրաստված 6 սմ տրամագծով գնդակով, որը ցանցապատված է առասանով և ներկված վառ գույնի։

Խաղին մասնակցում է 2 թիմ՝ յուրաքանչյուրում 11 խաղացող, որոնք կարող են փոխարինվել առանց սահմանափակման։

Խաղն սկսվում է (նաև վերսկսվում գնդակը դարպասն անցկացնելուց հետո) կենտրոնական շրջանից գնդակին ցանկացած ուղղությամբ հարվածով։ Խաղացողներն իրավունք ունեն գնդակը կանգնեցնել մականով, ոտքով կամ մարմնով, սակայն փոխանցումը կատարվում է միայն մականով։ Գնդակի համար պայքարելիս չի կարելի հակառակորդին հրել, բլոկավորել, պահել ձեռքով, ոտքով, մականով կամ ոտք գցել։ Կոպիտ խաղի համար խախտման տեղից նշանակվում է տուգանային կամ 12 մետրանոց հարված (եթե խախտումը կատարվել է տուգանային հրապարակում)։ Վտանգավոր խաղի, տեխնիկական խախտումների և անկարգապահության համար կանոնների խախտման տեղից նշանակվում է «ազատ հարված» (տուգանային հարվածով խփված գնդակը հաշվում են, իսկ «ազատ հարվածով»՝ ոչ)։ Գնդակը եզրային գծից դուրս գալու դեպքում նշանակվում է եզրային հարված եզրային գծից մեկ մետր հեռավորությունից։ Եթե գնդակը դուրս է հանվում սեփական դարպասային գծից, հակառակորդները ստանում են անկյունային հարվածի իրավունք։ Վերջինիս ժամանակ պաշտպանվող թիմի խաղացողները շարվում են իրենց դարպասային գծի երկայնքով, իսկ հակառակորդները՝ տուգանային հրապարակից դուրս։ Խաղի տևողությունը 90 րոպե է (45 րոպեանոց երկու խաղակես 10 րոպեանոց ընդմիջումով)։

Մականախաղ (խոտի հոկեյ)։ Մրցախաղն անցկացվում է հարթ խոտածածկ ունեցող դաշտում։ Սովորաբար օգտագործվում է ֆուտբոլային խաղադաշտը լրացուցիչ համապատասխան նշագծումներով։ Ստեղծված են նաև սինթետիկ ծածկեր ունեցող դաշտեր։ Խաղադաշտի երկարությունը 81–91 մետր է, լայնությունը՝ 50-55 մ։ Խաղադաշտը լայնությամբ բաժանվում է երկու հավասար մասի և լայնաբաժան այդ գծի վրա, կենտրոնում, գնդակի նախնական խաղարկումների համար նշագծվում է 4,5 մ տրամագիծ ունեցող շրջան։ Յուրաքանչյուր դարպասի առջև նշանագծվում է 14,6 մետր շառավիղ ունեցող կիսաշրջան, որտեղից էլ հենց թույլատրվում է դեպի դարպաս հարված կատարելը։ Դաշտի յուրաքանչյուր կեսը ևս բաժանվում է երկու մասի։ Դարպասի լայնությունը 3,66 մ է, բարձրությունը՝ 2,14 մ։ Խաղարկվող գնդակի տրամագիծը 71-74 մմ է, զանգվածը՝ 156-163 գ։ Գնդակը պատրաստվում է կաուչուկի ու խցանանյութի խառնուրդից և դաշտում լավ երևալու համար ներկվում սպիտակ գույնով։

Մականը, որ մեկ մետրից ոչ ավելի երկարություն ունեցող ցուպ է, ունի իր բռնակը և կեռացված ծայրամասը։ Մականի լայնությունը բոլոր հատվածներում չպետք է լինի հինգ սանտիմետրից ավելի։ Գնդակին հարվածել կամ կասեցնել թույլատրվում է միայն մականակեռի ձախ հարթությունով։

Մրցախաղի տևողությունը 60 ր է (30 րոպեանոց երկու խաղակես 10 րոպեանոց ընդմիջումով)։

Խաղի նպատակը դաշտի երկայնքով և լայնքով գնդակի հեռահար փոխանցումներով մրցակցի դարպասի գրավումն է։

Խաղին մասնակցում է երկու թիմ՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։ Թույլատրվում է կատարել փոփոխություններ՝ ներգրավելով պահեստային խաղացողներին։ Միջազգային պաշտոնական խաղերում թույլատրվում է կատարել երկու փոփոխություն, Հայաստանի Հանրապետության առաջնություններում՝ հինգ։ Խաղը վարում են երկու մրցավարներ։ Խաղի կանոնների խախտման դեպքում նշանակվում են անկյունային, տուգանային-անկյունային հարվածներ, 6,4 մետրանոց տուգանային նետում։ Հայաստանում մականախաղով սկսել են զբաղվել 1969-ից։ Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց թիմերը մասնակցել են ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններին և գրավել մրցանակային տեղեր։ Առաջատար դիրքերում են Հրազդանի, Երևանի և Գյումրու թիմերը։

Դեռևս հնագույն ժամանակներում հայերը ունեցել են իրենց ազգային-ժողովրդական այս խաղը։ Թիմային այս մրցախաղը, որ տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում և անցկացվել է հեծյալ ու հետիոտն ձևերով, ունեցել է իր տարբերակները համապատասխան անվանումներով՝ «հեծյալ մականախաղ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»։