ՏՏՀ/Հյուսում շյուղերով
ՀՅՈՒՍՈՒՄ ՇՅՈՒՂԵՐՈՎ, շյուղերով հյուսելիս կարելի է օգտագործել տարբեր տեսակի թելեր, բրդե, կիսաբրդե, մետաքսե, բամբակե, ճագարի և այծի աղվամազ, սինթետիկ մանվածք ևն։ Գործվածքին ձև տալու համար ըստ ձևվածքի կամ հաշվարկի ավելացնում կամ պակասեցնում են հատերը, մեծացնում կամ փոքրացնում հյուսքի խտությունը (հաստ կամ բարակ շյուղեր օգտագործելով)։ Հյուսելու համար օգտագործում են տարբեր տրամագծի, երկսայր, միասայր և կլոր շյուղեր։ Շյուղի տրամագիծը պետք է 2 անգամ ավելի լինի թելի տրամագծից։
Գործվածքը լինում է հարթ և կլոր (խողովակաձև)։ Հարթ գործվածքը հյուսում են ուղիղ և հակառակ ուղղություններով, այսինքն շիտակ և հակառակ երեսից։ Օգտագործում են 2 շյուղ կամ կլոր շյուղեր։ Կլոր գործվածքը հյուսում են միայն շիտակ երեսից, այսինքն մի ուղղությամբ, անհրաժեշտ են երկսայր կամ կլոր շյուղեր։
Նախշերի նկարագրության մեջ, որպես կանոն, կենտ շարքերը համապատասխանում են շիտակ, իսկ զույգ շարքերը հակառակ երեսին։
Սկզբնական շարք։ Թելը բռնում են ձախ ձեռքով (նկ. 1)։ Երկու շյուղը միասին անցկացնում են կծիկից եկող թելի տակով, վերցնում ցուցամատի վրայի թելը և անցկացնում բթամատի վրայի օղակի միջով (նկ. 2)։ Բթամատը հանում են օղակից և թելը ձգում։ Այս գործողությունների կրկնությամբ ստացվում է հատերի շղթա՝ սկզբնական շարքը (նկ. 3)։
Եզրահատերը յուրաքանչյուր շարքի առաջին և վերջին հատերն են։ Շարքի սկզբի հատը չեն հյուսում, այլ վերցնում են աջ շյուղով։ Եթե հյուսելիս օգտագործում են տարբեր գույնի թելեր, ապա յուրաքանչյուր գույնի առաջին հատը շիտակ են հյուսում, որպեսզի նոր թելն ամուր կապվի կողքի հատին։ Գործվածքի հավասար (ծամի նման) եզր ստանալու համար շարքի վերջին հատը թարս են հյուսում։
Անհավասար (ատամնաձև) եզր ստանալու համար շարքի վերջին հատը շիտակ են հյուսում։
Շիտակ և թարս հատերը կարելի է հյուսել 2 եղանակով։
1. Շիտակ հատը հյուսում են հատի առջևի կողմից, շյուղն անցկացնում են ձախից աջ ձախ շյուղի հատի միջով, աշխատաթելը շյուղի ծայրով հանում հատի արանքով և ձգում (նկ. 4)։ Այս հատին համապատասխանում է նկ. 4, ա-ում բերված թարս հատը։
2. Շիտակ հատը հյուսում են հատի հետևի կողմից, շյուղը մտցնում են հատի մեջ աջից ձախ (նկ. 5)։ Այս հատին համապատասխանում է նկ. 5-ում բերված թարս հատը։ Քանի որ այսպիսի հատերով գործվածքը խիտ է ստացվում, խորհուրդ է տրվում նշված եղանակը կիրառել երիզահյուսքի և ուղիղ հյուսքի համար։ Ուռուցիկ նախշերը նման հատերով հյուսելիս տափակ են ստացվում, իսկ որոշ նախշեր (հիմնականում հավելահատով) աղավաղվում են։
Հավելահատերը լինում են շիտակ և թարս։ Շիտակ հավելահատը (նկ. 6) ստացվում է շյուղը թելի տակով աջից ձախ անցկացնելով։ Թարս հավելահատը (նկ. 6, ա) ստացվում է շյուղը թելի տակով ձախից աջ անցկացնելով։ Թարս հավելահատերը հազվադեպ են օգտագործում, քանի որ շատ նախշեր (օրինակ, անգլիականը) աղավաղվում են, իսկ ցանցահյոաքի անցքերը շատ մեծ են ստացվում։
Հատերի պակասեցումը։ Հատերը պակասեցնում են ամրացնելով (փակելով) և ձգելով։ Սովորաբար նմուշը նկարագրելիս պակասեցնելու ձևը նշվում է։ Գործվածքի եզրերից մեկական հատ պակասեցնելու համար 2 հատ միասին են հյուսում։ Մի քանի հատ պակասեցնելու համար հատերը հաջորդաբար ամրացնում են այնպես, ինչպես վերջին շարքը փակելիս։ Հատերը կարելի է պակասեցնել և՛ շիտակ, և՛ հակառակ երեսից։ Հատերը շարքընդմեջ պակասեցնելու դեպքում մի եզրից ամրացնում են շիտակ, իսկ մյուս եզրից՝ թարս շարքի հատերը։
Շիտակ երեսից 2 հատ միասին կարելի է վերցնել՝ շյուղը մտցնելով ձախից աջ (նկ. 7) կամ աջից ձախ (նկ. 7, ա)։ 3 հատ միասին կարելի է հյուսել, ա. շյուղը մտցնելով աջից ձախ (նկ. 8), բ. շյուղը մտցնելով ձախից աջ (նկ. 8, ա), գ. միջին և առաջին հատերի տեղերը փոխելով և վերցնելով 3 հատ միասին՝ ձախից աջ (նկ. 8, բ. 8, գ)։
Երկու հատ միասին թարս հյուսելու համար հատերը շյուղով վերցնել աջից ձախ և հյուսել թարս։ 2 հատ միասին ձախից աջ թարս հյուսելու դեպքում հատերը կխաչվեն (նկ. 9)։
Հատերի ավելացումը․ ա. մի հատից հյուսել իրար հաջորդող թարս ու շիտակ հատերի շարք (նկ. 10), բ. 2 հատի արանքից նոր հատ հյուսել (նկ. 10, ա), գ. հավելահատով (1 հավելահատ, 1 շիտակ ևն), դ. ձախ շյուղի վրայի հավելահատը հյուսել ձախից աջ (նկ. 10, բ), որպեսզի արանք չառաջանա։
Ցանցահյոաք ստանալու համար աջ շյուղով հավելահատ են վերցնում։ Առաջացած լրացուցիչ հատը հետագայում կա՛մ թողնում են, կա՛մ պակասեցնում (ըստ նախշի)։ Հաջորդ շարքում հավելահատը հյուսում են։ Հավելահատի տեղում անցք է առաջանում։ Ավելի խոշոր անցք ստանալու համար հաջորդաբար 2 հավելահատ են վերցնում, իսկ հաջորդ շարքը հյուսելիս դրանցից մեկը հյուսում են շիտակ կամ թարս, իսկ մյուսը՝ շյուղի վրայից գցում։ Կարելի է նաև հավելահատերից մեկը շիտակ հյուսել, իսկ մյուսը՝ թարս։
Տեղափոխված հատեր (ոլորահյուսք) (նկ. 11)։ Ոլորահյուսք ստանալու համար շյուղից մեկ կամ մի քանի հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա, այնուհետև հյուսում հաջորդ հատը կամ հատերի խումբը, որից հետո լրացուցիչ շյուղի հատը կամ հատերը։ Եթե ըստ նախշի լրացուցիչ շյուղի հատերը պետք է տակով անցնեն, ապա լրացուցիչ շյուղը թողնում են գործվածքի հետևի կողմում, իսկ եթե այդ հատերը պետք է վրայով անցնեն, ապա լրացուցիչ շյուղը թողնում են գործվածքի առջևում։
Պարուրող հատեր։ Աջ շյուղը մտցնում են 3-րդ և 4-րդ հատերի արանքը (նույն շարքում կամ մի քանի շարք ներքև) և երկար հատ վերցնում (նկ. 12)։ Այս հատերը հյուսում են առանձին կամ մեկ այլ հատի հետ նույն կամ հաջորդ շարքում։
Ձգած կամ հանած հատեր (նկ. 13)։ Ձախ շյուղից չհյուսած հատ են վերցնում աշխատաթելը՝ թողնելով գործվածքի առջևից կամ հետևից (ըստ նախշի)։ Հաջորդ շարքում հանած հատը կամ հյուսում են, կամ էլ իրար հաջորդող մի քանի շարքում վերցնում առանց հյուսելու։ Ամեն անգամ շիտակ շարքում նույն հատը հանելով, իսկ թարսում թարս հյուսելով կարելի է ստանալ ուղղաձիգ ծալք։
Հանած հատ հավելահատով (նկ. 14)։ Շյուղով հավելահատ և չհյուսած հատ են վերցնում։ Եթե մի քանի շարքում ամեն անգամ նույն հատերն են չհյուսած վերցնում, ապա յուրաքանչյուր հատ հանելուց առաջ նոր հավելահատ են վերցնում։ Հանած հատերը հյուսելիս պետք է հետևել, որ շյուղն անցնի բոլոր հատերի միջով (նկ. 14, ա)։
Երկարացված կամ պարուրված հատեր։ Աջ շյուղը մտցնում են հատի մեջ (շիտակ՝ նկ. 15 կամ թարս՝ նկ. 15, ա) և, շյուղի ծայրը պտտելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, թելով պարույրներ անում։ Հաջորդ շարքը հյուսելիս հատերը հյուսում են, իսկ պարույրները շյուղից գցում։ Կարելի է նաև պարույրները գցել, իսկ հատն առանց հյուսելու վերցնել մյուս շյուղի վրա։
Վերջին շարքի հատերի ամրացումը կատարվում է երկու եղանակով.
ա. «հատը հատին» ամրացնելու հաճար եզրի հատը հանում են, իսկ հաջորդը հյուսում ըստ նախշի։ Աջ շյուղի վրա կլինի 2 հատ։ Առաջին հատը ձգում են ձախ շյուղի ծայրով և դրա միջով աջ շյուղով անցկացնում երկրորդ (ձախ) հատը։ Այնուհետև հյուսում են հաջորդ հատը և նույն կերպ անցկացնում նոր հատի միջով ևն։ Այսպիսով փակում են բոլոր հատերը (նկ. 16), թելը կտրում և դուրս քաշում վերջին հատի միջով։
բ. Երկու հատ հյուսում են միասին։ Ստացված հատը տեղափոխում են ձախ շյուղի վրա և նորից 2 հատ միասին հյուսում և այսպես շարունակ, մինչև վերջին հատը։ Մերակը լինում է հորիզոնական և ուղղաձիգ։
Հորիզոնական մերակ (նկ. 17) ստանալու համար տվյալ շարքում առանց աշխատաթելի մի քանի հատ փակում են (ըստ կոճակի տրամագծի), այնուհետև փակած հատերի թվով հանգուցահատեր վերցնում և շարունակում հյուսել։
Ուղղաձիգ մերակ (նկ. 18)։ Մի կողմը հյուսում են կոճակի տրամագծին համապատասխան։ Աջ շյուղով այնքան պարուրահատ են վերցնում, որքան «ծամիկ» կամ հանգույց է ստացվել մերակի հյուսած կողմի եզրին։ Մյուս կողմը հյուսելիս վերջին հատը և առաջին պարույրը միասին են վերցնում, հյուսում մինչև մերակի հյուսած կողմին հավասարվելը, որից հետո աշխատանքը շարունակում իր ընթացքով։
Կարճացրած շարքերով մասնակի հյուսման դեպքում հատերի թիվը գործվածքի եզրից դեպի կենտրոն նվազում է, իսկ երկարացրած շարքերով հյուսելու դեպքում՝ կենտրոնից դեպի եզրերն ավելանում։
Կարճացրած շարքեր (նկ. 19)։ Երբեմն անհրաժեշտ է լինում պատրաստի գործվածքի մի կողմը մյուսից երկար անել կամ տարբեր երկարության դետալները միացնել։ Նման դեպքերում հյուսում են կարճացրած շարքերով, շարքի վերջին 5-6 հատը չեն հյուսում, գործվածքը շրջում են, հյուսում հաջորդ շարքը՝ վերջին 5-6 հատը թողնելով չհյուսած։ Ընդհանուր շարքը հյուսելիս դարձահատն ամուր ձգում են (նկ. 19, ա)։
Երկարացրած շարքերը (նկ. 20) կիրառում են նույն նպատակով, ինչ կարճացրած շարքերը։ Հյուսում են վերևից ներքև։ Շարքերի երկարացումը կատարում են գործվածքի կենտրոնից դեպի եզրերը կամ մի եզրից մյուսը։ Երկարացրած շարքերով հյուսելիս դարձահատերը ձգում են այնպես, որ հյուսքի խտությունը չխախտվի (նկ. 20, ա)։
Գործվածքի խծպումը։ Եթե գործվածքը սկսում են հյուսել ներքևից, ապա բամբակե թելով անհրաժեշտ թվով հատեր են հավաքում, հյուսում 3-5 շարք, որից հետո ավելի բարակ շյուղերով և գործվածքի հիմնական թելով հյուսում ուղիղ հյուսքով (շիտակ երեսից՝ շիտակ, իսկ հակառակ երեսից՝ թարս հատերով) 2,5-3 սմ, այնուհետև շիտակ երեսից 1 շարք հյուսում թարս հատերով, որպեսզի ծալատեղն ուղիղ ստացվի։ Ատամնաձև եզր ստանալու համար շիտակ երեսից հաջորդաբար հյուսում են 2 հատ միասին՝ 1 հավելահատ վերցնելով, իսկ հաջորդ շարքի բոլոր հատերը հյուսում են թարս։
Ծալվող մասի լայնության կտոր հյուսելուց հետո բամբակե թելը ձգելով կտրում են (այսինքն իրարից անջատում հիմնական և բամբակե թելերով հյուսված մասերը), հիմնական թելով գործվածքի հատերը հավաքում են լրացուցիչ շյուղի վրա և հյուսում 2 հատ միասին, մի հատը՝ հիմնական, մյուսը՝ լրացուցիչ շյուղից։ Այնուհետև հյուսում են ըստ նախշի։ Կարելի է նաև 2 եզրերի ազատ հատերը մեկումեջ հավաքել մեկ շյուղի վրա, ապա 2 հատ միասին վերցնելով հյուսել մինչև շարքի վերջը։ Խծպելու այս եղանակը կիրառում են կարելուց խուսափելու համար։ Եթե նախշը թույլ չի տալիս միացնել հյուսված կտորը, ապա կարելի է առաջին շարքի բաց հատերը կարելով միացնել գործվածքի հակառակ երեսի թարս հատերի թմբիկներին (տես Հյուսում մեքենայով): Վերևից ներքև հյուսելիս ծալատեղի շարքը հյուսում են այնպես, ինչպես ներքևից վերև հյուսելու դեպքում և վերջին շարքի բաց հատերը խծպում են գործվածքի հակառակ երեսից։
Գրպան:
Հորիզոնական կտրվածքով ներդրվող գրպան։ Հասնելով գրպանատեղին՝ հիմնական թելը թողնում են և բամբակե թելով (այլ գույնի) հյուսում գրպանի կտրվածքին համապատասխանող շիտակ հատերի շարք։ Այնուհետև այդ հատերը տեղափոխելով ձախ շյուղի վրա՝ շարունակում են հյուսել հիմնական թելով։ Այսպիսով գործվածքի վրա կտրվածքի գիծն ստացվում է այլ գույնի թելով։ Գրպանը հյուսելու համար բամբակե թելը զգուշորեն դուրս են քաշում, վերևի և ներքևի ազատված հատերը հավաքում շյուղերի վրա։ Վերևի հատերին 2 կողմից մեկական հատ են ավելացնում և ուղիղ հյուսքով հյուսում գրպանի ներսի կողմը, որն այնուհետև 3 կողմից կարում են գործվածքին։ Ներքևի հատերով հյուսում են դրվագող զոլակը։
Ուղղաձիգ կտրվածքով ներդրվող գրպան։ Հյուսում են մինչև գրպանատեղը, այնուհետև գրպանի կտրվածքի սկզբից մինչև գործվածքի եզրի հատերը վերցնում լրացուցիչ շյուղի վրա։ Մնացած հատերը շարունակում են հյուսել (դրվագող զոլակի հետ) մինչև գրպանի կտրվածքի վերջը, ապա հավաքում լրացուցիչ շյուղի վրա։
Երկրորդ կծիկի թելով հավաքում են գրպանի լայնությանը համապատասխանող թվով հատեր և ուղիղ հյուսքով հյուսում ներսի կողմը։
Գրպանի ներսի կողմն աջ մասի հետ միացնելու համար լրացուցիչ շյուղի վրա հավաքած հատերը և ներսի կողմի հատերը հավաքում են և շարունակում հյուսել՝ շիտակ երեսից ամեն շարքում մեկ հատ պակասեցնելով։ Զոլակը գործվածքին միացնելու համար աջ մասից և զոլակից մեկական հատ են վերցնում և միասին հյուսում։ Գրպանի ներսի կողմը կարում են հակառակ երեսից։ Բոլոր հատերը մի շյուղի վրա հավաքելուց հետո հյուսումը շարունակում են։
Թեք կտրվածքով ներդրվող գրպան։ Հյուսում են մինչև գրպանի կտրվածքի սկիզբը։ Կտրվածքի սկզբից մինչև աջ եզրի հատերը վերցնում են լրացուցիչ շյուղի կամ անգլիական քորոցի վրա։ Ձախ մասի հատերը հյուսում են մինչև կտրվածքի վերջը (դրվագող զոլակի հետ)։ Դրվագող զոլակից անմիջապես հետո շիտակ երեսից 2 հատ միասին հյուսելով ստանում են գրպանի կտրվածքի թեքությունը։ Որպեսզի պակասեցման տեղերը չերևան, զոլակի վերջին և անմիջապես կողքի հատերը միասին են հյուսում։
Գրպանի կտրվածքի անհրաժեշտ չափը ստանալուց հետո հատերը հավաքում են լրացուցիչ շյուղի վրա։ Երկրորդ կծիկի թելով շյուղի վրա հավաքում են անհրաժեշտ քանակի հատեր (մոտավորապես այնքան, որքան պակասեցվել է) և ուղիղ հյուսքով ուղղանկյուն հյուսում։ Այնուհետև անգլիական քորոցի վրայի հատերն անցկացնում են հիմնական շյուղի վրա և հյուսում ըստ նախշի։ Զոլակն աջ մասին միացնում են վերը նկարագրված եղանակով։
Հյուսքի տեսակներ
Ուղիղ հյուսք (նկ. 21)։ Կլոր (խողովակաձև) գործվածքի դեպքում ուղիղ հյուսք ստանալու համար հյուսում են միայն շիտակ հատերով։ Հարթ գործվածքի դեպքում շիտակ երեսից հյուսում են միայն շիտակ, հակառակ երեսից՝ թարս հատերով։
Սնամեջ հյուսք (պարկաձև, նկ. 22)։ Գործվածքի շիտակ և հակառակ երեսից հյուսում են միանման։
1-ին շարք. *1 հատ շիտակ, 1 հատ շիտակ վերցնում են առանց հյուսելու (աշխատաթելն առջևից)։
2-րդ և մնացած շարքերը. շիտակ հատերը հյուսում են շիտակ, իսկ թարս հատերը վերցնում առանց հյուսելու (աշխատաթելն առջևից)։
Շորտիք հյուսք (նկ. 23)։ Կլոր գործվածքի դեպքում մի շարք հյուսում են շիտակ հատերով, մյուսը՝ թարս։ Հարթ գործվածքի դեպքում երկու երեսից էլ հյուսում են կա՛մ միայն շիտակ, կա՛մ միայն թարս հատերով։
Երիզահյուսքն ստացվում է շիտակ և թարս հատերի որոշակի համադրությամբ, օրինակ, 1 շիտակ, 1 թարս կամ 2 շիտակ, 3 թարս ևն։
Նկարներում բերված կրկնանախշերը (նախշի կրկնվող հատվածներ) հյուսքի նկարագրության մեջ առանձնացնում են աստղանիշերով։ Աստղանիշերով առանձնացված հատերի համակցությունը կրկնում են մինչև շարքի վերջը։ Եթե աստղանիշից առաջ նշվում է մեկ կամ մի քանի հատ, նախ հյուսում են այդ հատերը, ապա կրկնանախշը։ Շարքի վերջում հյուսում են երկրորդ աստղանիշից հետո նշված հատերը։ Հյուսել ըստ նախշի նշանակում է շիտակ հատերը հյուսել շիտակ, թարս հատերը՝ թարս։ Երկու եզրային հատերը չեն մտնում նախշի հատերի մեջ։
Շրջած հատով երիզահյուսքը հյուսում են սովորական երիզահյուսքի նման այն տարբերությամբ, որ շիտակ հատը հյուսում են հետևի կողմից աջից ձախ, իսկ թարսը սովորականի պես։ 1x1 երիզահյուսքի և՛ շիտակ, և՛ թարս հատերը հետևի կողմից հյուսելու դեպքում ստացվում է կրկնակի շրջած հատով երիզահյուսք։
Անգլիական երիզահյուսք. 1-ին շարք. *1 շիտակ հավելահատ, 1 հատ առանց հյուսելու (աշխատաթելը հետևից), 1 շիտակ հատ*։
2-րդ և հաջորդ բոլոր շարքերը. *1 շիտակ հավելահատ, 1 հատ առանց հյուսելու (աշխատաթելը հետևից), նախորդ շարքի 1 հատն ու հավելահատը միասին շիտակ (աջից ձախ)*։
Կրկնակի (կլոր) եզր (նկ. 24)։ Հիմնական հյուսքի համար նախատեսված շյուղերից բարակ շյուղերով և բամբակե թելով հավաքում են անհրաժեշտ թվով հատեր, հյուսում մի քանի շարք, որից հետո հիմնական թելով հյուսում են 4-6 շարք ուղիղ հյուսքով։ Բամբակե թելը կտրում են, հիմնական թելով հյուսած բաց հատերը հավաքում լրացուցիչ շյուղի վրա, գործվածքը ծալում, 2 եզրերի հատերն ազատում են և մեկումեջ հավաքում 1 շյուղի վրա, 2 հատը միասին վերցնելով հյուսում մինչև վերջ։ Այնուհետև ավելի հաստ շյուղերով հյուսում են դրվագող զոլակը 1x1 երիզահյուսքով կամ որևէ երկկողմանի նախշով։
Ուռուցիկ նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. բոլոր հատերը թարս։
2-րդ շարք. բոլոր հատերը շիտակ։
3-րդ շարք. *4 հատ շիտակ, 2 հատ առանց հյուսելու (աշխատաթելը հետևից)*։
4-րդ շարք. *2 հատ առանց հյուսելու (աշխատաթելը՝ հետևից), 4 հատ թարս*։
5-րդ շարքը հյուսում են ինչպես 3-րդը։
6-րդ շարքը ինչպես 4-րդը։
7-րդ շարքը՝ ինչպես 3-րդը։
8-րդ շարքը՝ ինչպես 4-րդը։
9-րդ շարք. բոլոր հատերը թարս։
10-րդ շարք. բոլոր հատերը շիտակ։
11-րդ շարք. 1 հատ շիտակ, *2 հատ առանց հյուսելու (աշխատաթելը հետևից), 4 հատ շիտակ*։
12-րդ շարք. 1 հատ թարս, 4 հատ թարս, 2 հատ առանց հյուսելու (աշխատաթելը հետևից)*։
13-րդ և 15-րդ շարքերը հյուսում են ինչպես 11-րդը։
14-րդ և 16-րդ շարքերը՝ ինչպես 12-րդը:
17-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Ցանցաժանյակ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 4-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *2 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), 1 հավելահատ*։
2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են թարս հատերով։
3-րդ շարք. *1 հավելահատ, 2 հատ շիտակ միասին, 2 հատ շիտակ*։
5-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Կանացի զգեստի նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *1 հավելահատ, 2 հատ շիտակ միասին՝ առաջինը նախապես շրջելով, 2 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), 1 հավելահատ*։
2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։
3-րդ շարք. *3 հատ թարս (*1 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ շիտակ միասին՝ առաջինը նախապես շրջելով, 2 հատ միասին (աջից ձախ), 1 հավելահատ, 1 հատ շիտակ*։
5-րդ շարք. *2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 2 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ շիտակ միասին առաջինը նախապես շրջելով*։
7-րդ շարք. *1 հատ շիտակ, 2 հատ միասին (աջից ձախ), 2 հավելահատ, 2 հատ միասին՝ առաջինը նախապես շրջելով, 1 հատ շիտակ*։
9-րդ շարքը հյուսում են ինչպես 5-րդը։
11-րդ շարքը՝ ինչպես 3-րդը։
13-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
«Ծամահյուսք» (նկ. 25)։ Հատերի թիվը պետք է բաժանվի 11-ի, գումարած 3 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *3 հատ շիտակ, 1 հատ թարս (7 հավելահատ, 1 հատ թարս), կրկնել 6 անգամ, 1 հատ թարս*, 3 հատ շիտակ։
2-րդ շարք. հյուսում են ըստ նախշի, հավելահատերը հանում և թողնում են շիտակ կողմից։
3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ շարքերը հյուսում են ըստ նախշի։
7-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Ծանոթագրություն. վերջին շարքը հյուսելուց առաջ երկար հատերը հելունով հյուսում են։ 6 հատը հելունով անցկացնում են վերևի 6 հատի միջով որպես մեկ հատ և այսպես մինչև շարքի վերջը։
Վերջին շարքը. *3 հատ շիտակ, 2 թարս, ծամի 6 հատը վերցնում են աջ շյուղով։ Ձախ շյուղից 4 թարս հատ առանց հյուսելու անցկացնում են այդ 6 հատի միջով։ 4 թարս հատը տեղափոխում են ձախ շյուղի վրա և հյուսում ըստ նախշի, 2 հատ թարս*, 3 հատ շիտակ։
Ոլորքներով հյուսվածք (նկ. 26)։ Հատերի թիվը պետք է բաժանվի 24-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *3 հատ թարս, 18 հատ շիտակ, 3 հատ թարս*։
2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։
3-րդ շարք. *3 հատ թարս (3 շիտակ հատն անցկացնում են լրացուցիչ շյուղին կամ անգլիական քորոցին և թողնում գործվածքի հետևից, 3 հատ շիտակ, ապա՝ լրացուցիչ շյուղի 3 շիտակ հատը), կրկնում են 3 անգամ, 3 հատ թարս*։
5-րդ շարք, հյուսում են ինչպես 1–ինը։
7-րդ շարք. *3 հատ թարս, 3 հատ շիտակ (3 շիտակ հատն անցկացնում են լրացուցիչ շյուղին կամ անգլիական քորոցին և թողնում գործվածքի առջևից, 3 հատ շիտակ. 3 հատ շիտակ լրացուցիչ շյուղից), կրկնում են 2 անգամ, 3 հատ շիտակ, 3 հատ թարս*։ 9-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսած նախշը։
Ձգած հատերով բանվածք (նկ. 27)։ Հատերի թիվը պետք է բաժանվի 10-ի, գումարած 1 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *1 հատ շիտակ, 1 հավելահատ. 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 5 հատ շիտակ, 2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ*, 1 հատ շիտակ։
2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։ 2 միասին հյուսած հատերը վերցնում են առանց հյուսելու (թելը առջևից)։
3-րդ շարք. *2 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 3 հատ շիտակ, 2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 1 հատ շիտակ*, 1 հատ շիտակ։
5-րդ շարք. *3 հատ շիտակ, 1 հավելահւստ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 1 հատ շիտակ, 2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 2 հատ շիտակ*, 1 հատ շիտակ։
7-րդ շարք, ձախ կողմի 3 անցքի միջով 3 երկար հատ են դուրս քաշում (ներքևից վերև), անցկացնում են ձախ շյուղին և առաջին հատի հետ հյուսում շիտակ, *9 հատ շիտակ, 6 անցքի (վերևի աջ կողմի անցքից, մինչև վերևի ձախ կողմի անցքը) միջով 6 երկար հատ դուրս են քաշում, անցկացնում են ձախ շյուղին և հաջորդ հատի հետ հյուսում շիտակ*, 9 հատ շիտակ, աջ կողմի 3 անցքի միջով դուրս են քաշում 3 երկար հատ, անցկացնում ձախ շյուղին և հաջորդ հատի հետ հյուսում շիտակ։
9-րդ շարք. 3 հատ շիտակ, *2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 1 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 5 հատ շիտակ*, 2 շիտակ միասին (աջից ձախ), 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 3 հատ շիտակ։
11-րդ շարք. 2 հատ շիտակ, *2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 3 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 3 հատ շիտակ*, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 3 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 2 հատ շիտակ։
13-րդ շարք. 1 հատ շիտակ, *2 հատ միասին շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ, 5 հատ շիտակ, 1 հավելահատ, 2 հատ միասին շիտակ (ձախից աջ), 1 հատ շիտակ*։
15-րդ շարք. *5 հատ շիտակ, 6 անցքերի (աջ կողմի վերևի անցքից մինչև ձախ կողմի վերևի անցքը) միջով դուրս են քաշում 6 երկար հատ, անցկացնում ձախ շյուղին և հաջորդ հատի հետ հյուսում շիտակ, 4 հատ շիտակ*, 1 հատ շիտակ։
17-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Հյուսակ շորտիքի ֆոնի վրա (նկ. 28)։ Հատերի թիվը պետք է բաժանվի 12-ի, գումարած 2 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։
1-ին, 3-րդ, 5-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ շարքեր. բոլոր հատերը շիտակ:
2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 22-րդ, 24-րդ շարքեր. 2 հատ շիտակ, *2 հատ շիտակ, 6 հատ թարս, 4 հատ շիտակ*:
7-րդ շարք. *4 հատ շիտակ, 2 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի առջևից. 4 հատ շիտակ. լրացուցիչ շյուղից 2 հատ շիտակ, 2 հատ շիտակ*, 2 հատ շիտակ:
9-րդ շարք. *2 հատ շիտակ, 2 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի հետևից, 4 հատ շիտակ, լրացուցիչ շյուղի 2 հատը հյուսում են շիտակ, 2 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի առջևից, 2 հատ շիտակ, լրացուցիչ շյուղի 2 հատը շիտակ*, 2 հատ շիտակ։
10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ և 20-րդ շարքերը. 2 հատ շիտակ, *2 հատ թարս, 4 հատ շիտակ, 4 հատ թարս, 2 հատ շիտակ*։
21-րդ շարք. *2 հատ շիտակ, 4 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի առջևից, 2 հատ շիտակ, լրացուցիչ շյուղից 4 հատ շիտակ, 2 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի հետևից, 2 հատ շիտակ, լրացուցիչ շյուղի 2 հատը շիտակ*, 2 հատ շիտակ։
23-րդ շարք. *4 հատ շիտակ, 4 հատ անցկացնում են լրացուցիչ շյուղին և թողնում գործվածքի առջևից, 2 հատ շիտակ, լրացուցիչ շյուղի, հատը շիտակ, 2 հատ շիտակ*, 2 հատ շիտակ։
25-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։
Գործվածքների հյուսում:
Մինչև աշխատանքն սկսելն անհրաժեշտ է վերցնել չափսերը և պատրաստել ձևվածքը։
Հատերի հաշվարկը։ Հաշվում են հատերի թիվը ըստ լայնության և շարքերի թիվը ըստ բարձրության։ Նախատեսված նախշով, թելով և շյուղերով հյուսում են 30 հատից և 30 շարքից բաղկացած նմուշ։ Հյուսած նմուշն արդուկում են խոնավ շորով (արդուկը թեթևակի հպելով խոնավ շորին), թողնում չորանա, ապա սանտիմետրով չափում լայնությունը և բարձրությունը, որից հետո հաշվում են 1 սմ-ում պարունակվող հատերի և շարքերի թիվը։ Եթե նմուշի լայնությունը 10 սմ է, իսկ բարձրությունը՝ 8 սմ, ապա 1 սմ-ում պարունակվում է 3 հատ (30:10=3) և 3,8 շարք (30:8=3,8)։ ճշգրիտ հաշվարկի համար բաժանումը կատարում են հարյուրերորդականի, իսկ կլորացումը՝ տասնորդականի ճշտությամբ։
Շարքերի թիվը որոշում են նաև գործվածքի եզրերի «ծամիկներով» կամ «հանգույցներով»։ Ամեն «ծամիկը» կամ «հանգույցը» կազմված է 2 շարքից՝ հյուսքի ճիշտ և հակառակ կողմերից։
Ունենալով ձևվածքը և իմանալով հյուսքի խտությունը՝ հեշտությամբ որոշում են անհրաժեշտ հատերի թիվը։ Օրինակ, եթե թիկնամասի լայնությունը 50 սմ է, ապա հավաքում են 50x3=150 հատ, եթե երկարությունը 60 սմ է, ապա հյուսում են 60x3,8=228 շարք։ Եթե գործվածքը հյուսում են տարբեր նախշերով (դրվագող զոլակ ևն), ապա դրանցից յուրաքանչյուրի համար հյուսում են առանձին նմուշ, համեմատում իրար հետ և մի նախշից մյուսին անցնելիս համապատասխանաբար ավելացնում կամ պակասեցնում հատերի թիվը։ Խորհուրդ է տրվում հյուսել հետևյալ հաջորդականությամբ. նախ թիկնամասը, հետո թևքերը, ապա առաջամասը (կանանց հագուստի համար՝ նախ ձախ, ապա աջ մասը, իսկ տղամարդկանց հագուստի համար՝ նախ աջ, ապա ձախ մասը)։
Ինչպես ճիշտ տեղաբաշխել նախշը։ Եթե նախշը բաղկացած է երկայնական նեղ զոլերից, ապա հետևում են, որպեսզի և թիկնամասի, և թևքերի նախշն սկսվի և ավարտվի նման հատերով (եզրահատերը չհաշված)։ Օրինակ, անգլիական երիզահյուսքով հյուսելիս, եթե շարքն սկսվում է շիտակ հատով, ապա պետք է ավարտվի նույնպես շիտակ հատով։ Այս կանոնը վերաբերում է նաև լայնական զոլանախշերին։ Եթե նախշը կազմված է երկայնական լայն զոլերից, ապա դրանք առաջամասում բաշխում են համաչափ կենտրոնի, իսկ թիկնամասում՝ եզրերի նկատմամբ։
Տարբեր նախշերի համադրումը։ Առաջամասը և զոլակը սովորաբար հյուսում են տարբեր նախշերով։ Պետք է հաշվի առնել, որ կան նախշեր, որոնք երկարում են ամեն շարքում (ուղիղ հյուսքը, պարզ երիզահյասքը ևն), և կան նախշեր, որոնք երկարում են շարքընդմեջ (օրինակ, անգլիական երիզահյուսքը)։ Հնարավոր է, որ զոլակը, նախշից կախված, երկար կամ կարճ ստացվի։ Եթե առաջամասը և զոլակը հյուսում են միաժամանակ, պետք է հետևել, որ դրանք հավասարաչափ երկարեն։ Եթե զոլակի նախշը դանդաղ է երկարում, ապա ժամանակ առ ժամանակ լրացուցիչ շարք են հյուսում (այսինքն հյուսում են կարճացրած շարքեր)։ Եթե առաջամասի նախշն է դանդաղ երկարում, ապա լրացուցիչ շարքերը հյուսում են առաջամասում։
Գործվածքի արդուկումը։ Կարելուց առաջ առանձին հյուսած մասերն ամրացնում են ձևվածքին և, վրան փռելով խոնավ շոր, թեթևակի արդուկում, թողնում, որ չորանա, ապա անջատում ձևվածքից: Ուռուցիկ նախշերով գործվածքը կարիք չկա արդուկելու։ Բավական է հյուսված մասերն ամրացնել ձևվածքին, ծածկել խոնավ շորով և թողնել, որ չորանա։ Լվացած գործվածքը խորհուրդ չի տրվում չորացնել կախած վիճակում։ Այն քամում են, փաթաթում խավավոր սրբիչով, և անհրաժեշտ ձև և չափեր տալով, փռում սեղանին՝ սավանի կամ սրբիչի վրա։ Չորանալուց հետո թեթևակի արդուկում են խոնավ շորով։
Ցանցկեն բլուզ (նկ. 29)։ Չափսը՝ 44-46։ Թելի քանակը՝ 250-300 գ։ Շյուղերը՝ № 4, 5, հելունը՝ № 4։
Հյուսքի տեսակները. ցանցահյուսք, ուղիղ հյուսք, դարձահյուսք (տես Հյուսում հելունով)։
Հատերի հաշվարկը (ցանցահյուսը). 13 հատը = 10 սմ, 24 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Հավաքում են 62 հատ և ցանցահյուսքով հյուսում 38 սմ, 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, ապա 1-ական հատ։ Թևքատեղից մինչև ուսերիզը պետք է լինի 21-23 սմ։ Վզի թիկնամասի կտրվածքը ձևավորելու համար 50-րդ սմ-ից գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի (ըստ հատերի թվի) և յուրաքանչյուրը հյուսում առանձին։ Ուսագծի թեքությունը ստանալու համար շարքընդմեջ ամրացնում են 2 անգամ 5-ական և 2 անգամ 4-ական հատ։ Վզի բացվածքը ստանալու համար 1 անգամ ամրացնում են 5 հատ և 1 անգամ 3 հատ։ Թիկնամասի մյուս կեսը հյուսում են նույն կերպ։
Առաջամաս։ Հավաքում են 62 հատ և ցանցահյուսքով հյուսում են 40 սմ։ 41-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը 2 կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, 1-ական հատ։
57-րդ սմ-ից վզի բացվածքը ձևավորելու համար գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի (ըստ հատերի թվի) և հյուսում առանձին՝ շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 3 անգամ 1-ական հատեր։ Հյուսում են 3 սմ առանց որևէ փոփոխության։ Ուսերիզին թեքություն տալու համար 1 անգամ ամրացնում են 5 հատ և 3 անգամ 4-ական հատ։ Առաջամասի մյուս կեսը հյուսում են նույն կերպ։
Թևքը հյուսելու համար հավաքում են 24 հատ և 12 սմ հյուսում ուղիղ հյուսքով։ Ապա ավելացնում են 23 հատ (մի շարքում մեկումեջ հավելահատ վերցնելով) և հյուսում ցանցահյուսքով։ 32 սմ հյուսում են ցանցահյուսքով։ 45-րդ սմ-ից ձևավորում են թևքագլուխը՝ 2 եզրից շարքընդմեջ ամրացնելով 4, 3 և 2 անգամ 1-ական հատ։ Հետո յուրաքանչյուր շարքում 21 անգամ ամրացնում են 1-ական հատ, ապա շարքընդմեջ 2-ական և 3-ական հատ։
Բլուզի մասերն արդուկում են խոնավ շորով (ինչպես նկարագրված է վերևում) և կարում։ Վզի բացվածքը և թիկնամասի կտրվածքը, թեզանիքը և ներքևի եզրը հելունով շրջահյուսում են։
Ուսադիրներով սվիտեր (նկ. 30)։ Չափսը՝ 46։ Թելի քանակը՝ 500 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղեր՝ № 2,5։
Հյուսքի տեսակները. երիզահյուսք (1 շիտակ x 3 թարս) և ոլորքներով հյուսք (նկ. 27)։
Հատերի հաշվարկը (երիզահյուսք). 33 հատը = 10 սմ, 43 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Հավաքում են 154 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 16 սմ, ապա հյուսում 22 սմ 1x3 երիզահյուսքով։ 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը 2 եզրից ամրացնելով 5, 4, 2 և 2 անգամ 1-ական հատ, ապա հյուսում առանց փոփոխության։ 55-րդ սմ-ից ձևավորում են ուսագծի թեքությունը։ Անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա 2 եզրից շարքընդմեջ վերցնում են 3 անգամ 8-ական և 4 անգամ 7-ական հատ։ Մնացած մեջտեղի 24 հատը մի քանի շարք հյուսում են բամբակե թելով կամ վերցնում անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա։
Առաջամաս։ Հավաքում են 154 հատ և 16 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Այնուհետև 1 շարքում ավելացնում են 10 հատ (ամեն 15 հատից հետո 1 հատ)։ Հաջորդ շարքում հատերը բաշխում են հետևյալ կերպ. 1 եզրահատ, 69 հատը հյուսում են 1x3 երիզահյուսքով (սկսում են շիտակ հատով), կենտրոնի 24 հատը՝ ոլորահյուսքով, ապա 69 հատ 1x3 երիզահյուսքով (սկսում են շիտակ հատով) և 1 եզրահատ։ 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը՝ եզրերից ամրացնելով 5, 4, 3 և 2 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքը ստանալու համար գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի և յուրաքանչյուրը հյուսում առանձին` անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնելով 10, 5, 4, 3, 2 հատ և 6 անգամ 1-ական հատ։ Միաժամանակ ուսագծի թեքությունը ստանալու համար 54-րդ սմ-ից անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնում են 3 անգամ 6-ական և 4 անգամ 5-ական հատ։ Մյուս կեսը հյուսում են նույն կերպ:
Թևքը հյուսելու համար հավաքում են 72 հատ։ Հյուսում են 7 սմ 1x1 երիզահյուսքով՝ ամեն 7-րդ շարքում եզրերից 1-ական հատ ավելացնելով։ Երիզահյուսքից հետո 1 շարքում ավելացնում են 8 հատ (ամեն 10 հատից հետո 2 հատ), ապա հատերը բաշխում հետևյալ կերպ. 1 եզրահատ, 2 հատ թարս, 29 հատը 1x3 երիզահյուսքով, կենտրոնական 24 հատը ոլորահյուսքով, հաջորդ 29 հատը 1x3 երիզահյուսքով, 2 թարս, 1 եզրահատ։ Հատերը բաշխելուց հետո հյուսում են 37 սմ` յուրաքանչյուր 7-րդ շարքում եզրերից 1-ական հատ ավելացնելով։ Այնուհետև, առանց փոփոխության հյուսում են 14 շարք։ Թևքագլուխը ձևավորելու համար 45-րդ սմ-ից եզրերից շարքընդմեջ ամրացնում են 5, 4, 2 հատ, 23 անգամ 1-ական հատ, 1 անգամ 2 հատ, 2 անգամ 3-ական և 4-ական հատ։ Ուսադիրի համար նախատեսված 28 հատը շարունակում են հյուսել ոլորահյուսքով։ 11,5 սմ հյուսում են առանց փոփոխության։ Վզի բացվածքը ստանալու համար առաջամասի կողմից լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնում են 6 անգամ 1-ական հատ, ապա 2 և 4 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կողքերը կարում են. ապա երկայնական և լայնական գործվածքների միացման կարով (տես Հյուսում մեքենայով) առաջամասի և թիկնամասի բաց հատերը միացնում ուսադիրներին։ Առաջամասի, թիկնամասի, ուսադիրների և վզի բացվածքի բաց հատերը վերցնում են կլոր շյուղերի վրա և հյուսում 4 սմ լայնության դրվագող զոլակը 1x1 երիզահյուսքով։
Ոլորահյուսքով ժակետ (նկ. 31)։ Չափսը՝ 46։ Թելի քանակը՝ 500 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղերը՝ №№ 2 և 3։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք և ոլորահյուսք։
Ոլորահյուսք։ Հատերի թիվը պետք է բաժանվի 43-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *6 հատ շիտակ, 13 հատ թարս, 5 հատ շիտակ, 13 հատ թարս, 6 հատ շիտակ*։
2-10-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։
11-րդ շարք. *6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում առջևում, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 12 հատ թարս, 5 հատ շիտակ, 12 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից*։
13-րդ շարք. *1 հատ թարս, 6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 11 հատ թարս, 5 հատ շիտակ, 11 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից, 1 հատ թարս*։
15-րդ շարք. *2 հատ թարս, 6 հատ շիտակ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 10 հատ թարս, 5 հատ շիտակ, 10 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 թարս հատ լրացուցիչ շյուղից, 2 հատ թարս*։
17-33-րդ շարքը ներառյալ հյուսում են փոխարինելով շիտակ և թարս հատերը, մինչև շիտակ զոլերի միջև մնա 1-ական թարս հատ, իսկ մնացած թարս հատերը տեղափոխվեն այդ զոլերից ղուրս։
35-րդ շարք. *12 հատ թարս, 6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 5 հատ շիտակ և 1 թարս հատերը անցկացնում են մեկ ուրիշ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս, 5 հատ շիտակ 2-րդ լրացուցիչ շյուղից, 6 հատ շիտակ 1-ին լրացուցիչ շյուղից, 12 հատ թարս*։
37-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
39-րդ շարք. *11 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից, 1 հատ թարս, 5 հատ շիտակ, 1 հատ թարս, 6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 11 հատ թարս*։
41-րդ շարք. *10 հատ թարս, 1 հատ թարս անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից, 2 հատ թարս, 5 հատ շիտակ, 2 հատ թարս, 6 հատ շիտակ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում առջևից. 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 10 հատ թարս*։
43-51-րդ շարքերը ներառյալ հյուսում են՝ փոխարինելով շիտակ և թարս հատերը, մինչև շիտակ զոլերի միջև մնա 8-ական հատ։ Շարունակում են հյուսել, նախշը կրկնելով հակառակ կարգով (մինչև 11-րդ շարքը)։
Հաշվարկ ուղիղ հյուսքի համար. 32 հատը = 10 սմ, 42 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ № 2 շյուղերի վրա հավաքում են 155 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 4,5 սմ։ Աշխատանքը շարունակում են ուղիղ հյուսքով (թարս հատերը շիտակ երեսից) № 3 շյուղերով, 40-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 1 անգամ 8-ական, 2 անգամ 2-ական և 1 անգամ 1-ական հատ։
Ուսագծի թեքությունը ստանալու համար 61-րդ սմ-ից սկսած յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնում են 1 անգամ 4-ական և 6 անգամ 3-ական հատ։ Ուսերիզը ձևավորելիս միաժամանակ հյուսում են նաև վզի բացվածքը։ Վզի բացվածքի կլորությունը ստանալու համար կենտրոնի 33 հատը վերցնում են անգլիական քորոցի վրա, որից հետո աջ և ձախ կեսերը հյուսում առանձին վզի բացվածքի կողմից անգլիական քորոցի վրա անցկացնելով 1 անգամ 6-ական և 1 անգամ 4-ական հատ, 5 անգամ 1-ակակ հատ։
Առաջամաս (ձախ կեսը)։ 2 շյուղերի վրա հավաքում են 98 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 4,5 սմ։ Շարունակում են ուղիղ հյուսքով № 3 շյուղերով։ Նույն շարքում, հավասարաչափ բաշխելով, ավելացնում են 10 լրացուցիչ հատ։ Նախշի հատերը բաշխում են հետևյալ կերպ. 38 հատ թարս, ապա նախշը 6 հատ շիտակ, 13 հատ թարս, 5 հատ շիտակ, 13 հատ թարս, 6 հատ շիտակ, 12 հատ թարս և 15 հատ 1x1 երիզահյուսքով զոլակի համար։ 40-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ ամրացնելով 1 անգամ 10 հատ, 2 անգամ 2-ական հատ և 1 անգամ 1 հատ։ 54-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը։ Անգլիական քորոցի վրա շարքընդմեջ անցկացնում են 15 հատ, ապա 5, 4, 3 հատ, 5 անգամ 2-ական և 9 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքի խորությունն ստանալու համար հյուսում են 8-10 շարք առանց փոփոխության։
Ուսագծի թեքությունը ստանալու համար 61-րդ սմ-ից սկսած ամրացնում են 6 անգամ 5-ական և 1 անգամ 6-ական հատ։
Գոտու համար օղակները հյուսում են առաջին ոլորքից հետևյալ կերպ. 1 թարս, 5 շիտակ և 1 թարս հատերն անցկացնում են անգլիական քորոցի վրա և թողնում գործքի առջևից։ Այդ հանած հատերի փոխարեն վերցնում են 7 հանգուցահատ և հյուսում ըստ հիմնական նախշի։ Հասնելով հաջորդ ոլորքին հյուսումը ժամանակավորապես թողնում են։ Անգլիական քորոցի վրայի հատերը վերցնում են լրացուցիչ շյուղի վրա և 1-ին շարքը հյուսում սնամեջ հյուսքով՝ ավելացնելով 4 հանգուցահատ։ Այդ 11 հատով սնամեջ հյուսքով հյուսում են օղակը 2 ոլորքների հեռավորությունից 1 սմ երկար։ Հյուսված քուղն անցկացնում են 2-րդ ոլորքի տակով և միասին հյուսում հիմնական նախշի 1 հատ թարս, 5 հատ շիտակ, 1 հատ թարս հատվածը, միասին հյուսում են նաև այդ կտորի հատերը հետևյալ կերպ. 4 անգամ 3-ական և 3 անգամ 2-ական հատ։ Այնուհետև շարունակում են հյուսել ըստ նախշի։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ՝ մերակների համար ճեղքեր թողնելով։ Ներքևի մերակը բացում են զոլակի կենտրոնում, իսկ վերևինը վզի բացվածքից 1 սմ ներքև։ Մնացած մերակները բաշխում են հավասարաչափ։
Թևքը հյուսելու համար №2 շյուղերի վրա հավաքում են 62 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 4,5 սմ։ Շարունակում են ուղիղ հյուսքով № 3 շյուղերով՝ ավելացնելով և հավասարաչափ բաշխելով 11 հատ։ Հատերը բաշխում են հետևյալ կերպ. 18 հատ թարս, ապա նախշի հատերը 6 հատ շիտակ, 11 հատ թարս, 5 հատ շիտակ, 11 հատ թարս, 6 հատ շիտակ, 18 հատ թարս, ապա հյուսում են ըստ նախշի։ Այնուհետև շիտակ զոլերի և թարս հատերի տեղերը փոխում են ըստ նախշի։ Երկու ոլորքից հետո հյուսում են շիտակ զոլերի և թարս հատերի տեղերը փոխելով մինչև 2 շիտակ զոլերի միջև մնա 14 թարս հատ։ Ապա 22 շարք հյուսում են ըստ նախշի։ Այնուհետև նախշը կրկնում են հակառակ կարգով։ Թևքը հյուսելիս ամեն 6-րդ շարքում 23 անգամ ավելացնում են 1-ական հատ։ Թևքագլուխը ստանալու համար 41-րդ սմ-ից սկսած հատերն ամրացնում են հետևյալ կերպ. 8 հատ, 2 անգամ 2-ական և 15 անգամ 1-ական հատ, ապա 2, 3, 4, 5, 6 և 7 հատ յուրաքանչյուր կողմից։ Մնացած 13 կենտրոնական հատերն ամրացնում են մեկ շարքում։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կարելի է 2 թևքը հյուսել միաժամանակ։ Գործվածքի պատրաստի մասերը խոնավ շորով արդուկում են և կարում ուսերիզները։ Վզի բացվածքի համար անգլիական քորոցի վրայի հատերն անցկացնում են № 3 շյուղի վրա և հյուսում 4,5 սմ դրվագող զոլակ (18 շարք)։ 10-րդ շարքում № 3 շյուղերը փոխարինում են № 2 շյուղերով։ Վերջին շարքի հատերը ձիգ ամրացնում են։
Անգլիական օձիքով ժակետ (նկ. 32)։ Չափսը՝ 50։ Բրդե թելի քանակը՝ 500 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղերը՝ № 2,5։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, ոլորահյուսք։
Ոլորահյուսք։ Հատերի թիվը պետք է բաժանվի 12-ի, գամարած 6 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *6 հատ թարս, 6 հատ շիտակ*, 6 հատ թարս։
2-րդ և մնացած զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։
3-րդ շարք. *6 հատ թարս, 6 հատ շիտակ*, 6 հատ թարս։
5-րդ շարք. *6 հատ թարս, 4 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ*, 6 հատ թարս։
7-րդ շարք. *6 հատ թարս, 3 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 1 հատ շիտակ*, 6 հատ թարս։
9-րդ շարք. *6 հատ թարս, 2 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 2 հատ շիտակ*, 6 հատ թարս։
11-րդ շարք. *6 հատ թարս, 1 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 3 հատ շիտակ*. 6 հատ թարս։
13-րդ շարք. 6 հատ թարս, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 2 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, *6 հատ թարս։
15-րդ շարք. *6 հատ թարս, 3 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 1 հատ շիտակ*, 6 հատ թարս։
17-րդ շարք. *6 հատ թարս, 2 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 2 հատ շիտակ*, 6 հատ թարս։
19-րդ շարք. *6 հատ թարս, 1 հատ շիտակ, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 3 հատ շիտակ*, 6 հատ թարս։
21-րդ շարք. *6 հատ թարս, 2 հատ շիտակ միասին (աջից ձախ), շիտակ հավելահատ, 4 հատ շիտակ*, 6 հատ թարս։
23-րդ շարք. *6 հատ թարս, 6 հատ շիտակ*, 6 հատ թարս։
25-րդ շարքը հյուսում են ինչպես 23–րդը։
27-րդ շարք. *6 հատ թարս, 3 հատ շիտակ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում առջևից, 3 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 3 հատ շիտակ*, 6 հատ թարս։
29-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսած նախշը։
Ծանոթագրություն. այն հատերը, որոնք առաջանում են 2 հատը միասին հյուսելով, հակառակ երեսից վերցնում են առանց հյուսելու (թելը առջևից)։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսքի համար). 30 հատը = 10 սմ, 46 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 152 հատ, մի քանի շարք հյուսում, ապա շարունակում են հյուսել հիմնական թելով։ Հյուսում են 6 սմ, ապա կարում բամբակե թելը, հիմնական հատերն անցկացնում լրացուցիչ շյուղի վրա, հյուսված կտորը ծալում հակառակ երեսը դեպի ներս և 1 շարք հյուսում զույգ հատերով (1 հատը հիմնական և 1 հատը լրացուցիչ շյուղից)։ Հյուսում են 30 սմ։ Թևքատեղը ձևավորելու համար 34-րդ սմ-ից սկսած երկու կողմից շարքընդմեջ անցկացնում են 6, 4, 3, 2, 1-ական հատ։ Ուսագծի թեքությունն ստանալու համար 55-րդ սմ-ից սկսած յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնում են 6 անգամ 7–ական հատ։ Վզի բացվածքի համար կենտրոնում մնացած 36 հատն ամրացնում են միանգամից։
Առաջամաս (ձախ կեսը)։ Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 85 հատ։ Ծալվող երիզը հյուսում են այնպես, ինչպես թիկնամասի դեպքում։ Առաջամասի կենտրոնի կողմից բամբակե թելով լրացուցիչ հավաքում են 16 հատ զոլակի հակառակ երեսը հյուսելու համար։ Բամբակե թելով հյուսում են 2 շարք, ապա հատերը բաշխում հետևյալ կերպ. 16 հատ շիտակ (զոլակի հակառակ երեսը), ուղղաձիգ ծալատեղ ստանալու համար 1 ձգած հատ, 16 հատ շիտակ (զոլակի շիտակ երեսի համար), ապա նախշի համար 6 հատ թարս, 6 հատ շիտակ, 6 հատ թարս, 6 հատ շիտակ, 6 հատ թարս և մնացած 38 հատը շիտակ։ Հատերը բաշխելուց հետո հյուսում են 3 սմ, ապա բամբակե թելը կտրում։ Հիմնական թելի հատերն անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և 1 շարք հյուսում, ինչպես նկարագրված է թիկնամասի համար։ Թևքատեղը ձևավորելու համար շարքընդմեջ ամրացնում են 6, 5, 3, 2, 1-ական հատ։ 34–րդ սմ-ից սկսած լանջեզրատակը լայնացնելու համար զոլակի հակառակ երեսի եզրից ամեն 5-րդ շարքում ավելացնում են 1 հատ (ընդամենը 14 հատ)։ 50-րդ սմ-ի վրա առաջամասի կենտրոնից անգլիական քորոցի վրա վերցնում են 46 հատ։ Վզի բացվածքն ստանալու համար շարքընդմեջ ամրացնում են 4, 3, 2, և 4 անգամ 1-ական հատ, ապա հյուսում առանց փոփոխության։ 55-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը շարքընդմեջ ամրացնելով 3 անգամ 7-ական, 3 անգամ 6-ական հատ։
Աջ կեսը հյուսում են նույն կերպ՝ զոլակի և լանջեզրի զոլակի երկարությամբ մերակների համար ճեղքեր թողնելով։ Առաջին մերակը բացում են ներքևի եզրից 4 սմ վերև։
Թևք։ Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 62 հատ և հյուսում ծալվող երիզը։ Թևքը լայնացնելու համար յուրաքանչյուր կողմից ավելացնում են 27-ական հանգուցահատ հետևյալ կերպ. 13 անգամ՝ յուրաքանչյուր 7-րդ շարքում և 14 անգամ յուրաքանչյուր 6-րդ շարքում։ Մինչև 44-րդ սմ-ը հյուսում են առանց փոփոխության, ապա թևքագլուխը ձևավորելու համար յուրաքանչյուր կողմից ամրացնում են 6, 4, 3, 2 հատ, ապա 23 անգամ 1-ական հատ և վերջում 2, 3, 4, 5, 6 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կարելի է նաև 2 թևքը հյուսել միաժամանակ։
Օձիք։ Բամբակե թելով հավաքում են 55 հատ և հյուսում մի քանի շարք, ապա շարունակում հիմնական թելով։ Հատերի թիվը բաժանում են երկուսի և կենտրոնի հատը հյուսում ձգած՝ ծալատեղը ստանալու համար։ 37 սմ հյուսելուց հետո մի քանի շարք հյուսում են բամբակե թելով։
Պատրաստի մասերը խոնավ շորով ծածկելով արդուկում են, ապա կարելով միացնում և բամբակե թելը կտրում։ Զոլակի շիտակ և հակառակ կողմերի բաց հատերը ներքևի մասում միացնում են տրիկոտաժի կարով։ Մերակների եզրերն ամրակարում են, վզի լանջեզրատակի բաց հատերը կարում են տրիկոտաժի կարով մինչև առաջամասի կենտրոնը, օձիքը ներկարում են, կարերը արդուկում։
Ռեգլան. հյուսում են 2 եղանակով․ ա. առանց ձևվածքի, հատերի հաշվարկով վերևից ներքև և բ. ըստ ձևվածքի ներքևից վերև։ Ռեգլանի գծի համար օգտագործում են ցանկացած նախշ (երիզահյուսք, ցանցահյուսք, ոլորահյուսը ևն)։ Առաջին եղանակով հյուսելիս նախընտրելի են կլոր շյուղերը։ Այս եղանակով հյուսելիս մինչև ռեգլանի գծի ավարտը, այսինքն մինչև թիկնամասի, առաջամասի և թևքերի անհրաժեշտ լայնության ստացումը, բոլոր մասերը հյուսում են միաժամանակ։ Հատերի հաշվարկը և բաշխումը ըստ տարբեր մասերի սկսում են վզի բացվածքից։ Ռեգլանի միացման գծերը 4-ն են։ Հատերն ավելացնում են յուրաքանչյուր գծի երկու կողմից, այսինքն՝ յուրաքանչյուր շարքում ավելացնում են 8 հատ (ռեգլանի յուրաքանչյուր գծի մոտ՝ 2-ական)։ Թիկնամասի անհրաժեշտ լայնությունը ստանալուց հետո մասերը հյուսում են առանձին։ Ռեգլանի գծին մոտ հատերը կարելի է ավելացնել մի քանի եղանակով.
I եղանակ (նկ. 33, ա)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, որը և՛ ճիշտ, և՛ հակառակ երեսից հյուսում են շիտակ։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 11)։ 1 շարք հյուսում են շիտակ։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն կենտրոնի հատը (տվյալ դեպքում 6-րդը՝ նկատի ունենալով նաև եզրահատը)։
1-ին շարք (շիտակ երեսը). 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հավելահատ (շյուղը թելի տակից), 1 հատ շիտակ, 1 հավելահատ, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։
2-րդ շարք (հակառակ երեսը). 1 եզրահատ, 4 հատ թարս, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 1 հատ շիտակ, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 4 հատ թարս, 1 եզրահատ։
3-րդ շարք. 1 եզրահատ, 5 հատ շիտակ, 1 հավելահատ, 1 հատ շիտակ, 1 հավելահատ, 5 հատ շիտակ, 1 եզրահատ։
Շարունակում են հյուսել՝ յուրաքանչյուր շիտակ շարքում ռեգլանի գծի 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ Հակառակ երեսից հւսվելահատերը հյուսում են շիտակ (աջից ձախ)՝ անցքերն աննկատ դարձնելու համար։ Հատերի ավելացման այս պարզ եղանակից օգտվում են նաև բարդ նախշերով ռեգլան հյուսելիս։
II եղանակ (նկ. 33, բ)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, որը շիտակ երեսից հյուսում են թարս, իսկ հակառակ երեսից՝ շիտակ։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 11)։ 1 շարք հյուսում են շիտակ։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն՝ մեջտեղի հատը (տվյալ դեպքում 6-րդը՝ ի նկատի ունենալով նաև եզրահատը)։
1-ին շարք. 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հատ թարս, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։
2-րդ շարք. 1 եզրահատ, 4 հատ թարս, 1 հավելահատ (շյուղը թելի վրայով), 1 հատ շիտակ, 1 հավելահատ (շյուղը թելի տակով), 4 հատ թարս, 1 եզրահատ։
3-րդ շարք. 1 եզրահատ, 4 հատ շիտակ, հավելահատը հյուսում են շիտակ (աջից ձախ), 1 հատ թարս, հավելահատը հյուսում են շիտակ (ձախից աջ), 4 հատ շիտակ, 1 եզրահատ։
4-րդ շարքը հյուսում են ինչպես 2-րդը՝ հաշվի առնելով, որ ավելացումից հետո թարս հատերի թիվը աճում է 4, 5, 6, 7 ևն։ Շարունակում են հյուսել՝ յուրաքանչյուր թարս շարքում հատեր ավելացնելով, ինչպես նկարագրված է վերևում։
III եղանակ (նկ. 33, գ)։ Ուղիղ հյուսք։ Ռեգլանի գիծը բաղկացած է 3 հատից, որոնք շիտակ երեսից հյուսում են շիտակ, իսկ հակառակ երեսից՝ թարս։ Նմուշը հյուսելու համար հավաքում են կենտ թվով հատեր (դիցուք 15) և հյուսում շիտակ հատերով։ Գունավոր թելով նշում են ռեգլանի գծի սկիզբը, այսինքն՝ մեջտեղի 3 հատը։
1-ին շարք (շիտակ երես). 1 եզրահատ, 4 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ հետևյալ կերպ. 1 հատ շիտակ (աջից ձախ), 1 հավելահատ (շյուղը թելի տակով), 1 հատ շիտակ (աջից ձախ), ապա 3 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ վերը նկարագրված եղանակով, 4 հատ շիտակ, 1 եզրահատ։
2-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են թարս (այդ թվում նաև հավելահատերը)։
3-րդ շարք․ բոլոր հատերը շիտակ։
5-րդ շարք. 1 եզրահատ, 6 հատ շիտակ, 1 հատից՝ 3 հատ վերը նկարագրված եղանակով, 3 հատ շիտակ, 1 հատից 3 հատ վերը նկարագրված եղանակով, 6 հատ շիտակ, 1 եզրահատ։ Յուրաքանչյուր 4-րդ շարքում շիտակ երեսից հատերն ավելացնում են։ Ավելացման այս մեթոդը խորհուրդ է տրվում միայն ուղիղ հյուսքի դեպքում։
Կոճկովի բլուզ (նկ.34)։ Չափսը՝ 48։ Շյուղերը՝ № 2,5։
Հատերի հաշվարկը։ Հյուսում են նախշի նմուշը և հաշվում հյուսքի խտությունը. 2,5 հատը = 1 սմ։ Վզի շրջագիծը՝ 36 սմ, 2,5 x36 = 90 հատ։ Այս թվից հանում են ռեգլանի 4 գծերի հատերի թիվը։ Եթե ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, ապա 90-4=86 հատ, այս թիվը բաժանում են 3 մասի (86:3=28 և մնացորդը՝ 2) և յուրաքանչյուր մասի համար հատերը բաշխում են հետևյալ կերպ. 28 հատ թիկնամասին, 28 հատ թևքերին (14-ական հատ յուրաքանչյուրի համար), 28 հատ՝ առաջամասին։ Մնացորդի դեպքում հատերն ավելացնում են առաջամասին (տվյալ դեպքում 28+2=30 հատ)։
Թևքի վզի շրջագծի հատվածը նեղացնում են 1,5 սմ-ով (1,5 սմ = 4 հատ) և համապատասխան թվով հատեր ավելացնում առաջամասին։ Այսպիսով, առաջամասի հատերի թիվը կդառնա 30+8=38 հատ։ 1 զոլակի հատերի թիվը ավելացնում են սկզբնական թվին (90), օրինակ, եթե զոլակի հատերի թիվը 10 է, ապա 90+10=100 հատ։ Այս դեպքում առաջամասի յուրաքանչյուր կեսը բաղկացած կլինի 24 հատից (38:2=19, գումարած զոլակի հատերի կեսը. 10:2=5)։
Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 100 հատ և 2 շարք հյուսում շիտակ հատերով։ Հատերը բաշխելիս գունավոր թելով նշում են ռեգլանի գծերի և զոլակի հատերը։ Ապա հիմնական թելով 1 շարք հյուսում են թարս հատերով (հակառակ երեսը)։ Շարունակում են հյուսել հիմնական նախշով կիրառելով մասնակի հյուսում (հյուսում են թիկնամասի հատերի որոշակի մասը), որպեսզի թիկնամասի վզի մասն ավելի բարձր լինի, քան առաջամասինը։ Թևքի հատերը բաժանում են 4 մասի, իսկ առաջամասի հատերը՝ 6-8 մասի (զոլակի հատերը չհաշված)։ Հյուսում են հիմնական նախշի 1-ին շարքը, ձախ զոլակը 1x1 երիզահյուսքով (10 հատ), ապա առաջամասի ձախ կեսը, հետո թևքը, ապա թիկնամասը և աջ թևքի քառորդ մասը (տվյալ դեպքում թիկնամասին մոտ գտնվող 3 հատը, ասինքն մինչև թևքի առաջին նշումը)։ Հակառակ երեսը հյուսում են մինչև ձախ թևքի առաջին նշումը (առաջին քառորդը)։ Հյուսվածքը շրջում են և 3-րդ շարքը հյուսում մինչև աջ թևքի վրայի երկրորդ նշումը։ Այսպիսով, անընդհատ ամբողջությամբ հյուսվում ու միայն թիկնամասը, իսկ թևքերը և առաջամասը՝ մասնակիորեն։ Միաժամանակ հատեր են ավելացնում նաև ռեգլանի գծի երկայնքով։ Հյուսում են այնքան, մինչև թիկնամասի ռեգլանի գծի երկարությունը դառնա 30-32 սմ, իսկ առաջամասինը՝ 28-30 սմ։ Այնուհետև բոլոր մասերը հյուսում են անջատ, ապա խոնավ շորով արդուկում և կարելով միացնում։ Բամբակե թելը դուրս են քաշում, բաց հատերն անցկացնում շյուղի վրա և հյուսում օձիքը։
Թաթման (նկ. 35)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ։ Շյուղերը՝ № 4։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, շորտիք, 1x1 երիզահյուսք։
Հատերի հաշվարկը. 15 հատ = 10 սմ, 22 շարք = 10 սմ։ Թաթման հյուսելու համար ընտրում են հյուսքի այնպիսի տեսակ, որով հնարավոր է կլոր հյուսել։ Հյուսում են 5 շյուղով։ Երկկողմանի նախշի դեպքում թաթմանը հյուսում են բացված տեսքով և կարում շիտակ երեսից տրիկոտաժի ուղղաձիգ կարով։
Հաշվարկ կատարելու համար ձեռքը դնում են թղթի վրա, շրջագծում, նշում բթամատի տեղը և չափում դաստակի շրջագիծը։
Շյուղի վրա հավաքում են 40 հատ, բաժանում 4 հավասար մասերի և 6 սմ (15 շարք) հյուսում 1x1 երիզահյուսքով։ Հաջորդ 4 շարքը հյուսում են շիտակ հատերով, ապա հաջորդաբար 8 շարք շորտիք և 4 շարք շիտակ (կրկնում են 5 անգամ)։ Կլոր հյուսքի դեպքում շորտիք ստանալու համար 1-ին շարքը հյուսում են թարս հատերով, իսկ 2-րդը՝ շիտակ։ Վերջում 5 սմ հյուսում են 1x1 երիզահյուսքով, ապա 1 շարքում հատերի թիվը պակասեցնում 2 անգամ, այսինքն հյուսում են 2-ական հատ միասին (1 հատ շիտակ և 1 հատ թարս) այնպես, որ շիտակ հատը լինի թարս հատի վրա։ Մնացած հատերը կարում են և թելը ձգելով ամրացնում հակառակ երեսից։
14-րդ սմ-ից բթամատի համար ճեղք են բացում։ Հատերի թիվը կիսում են, թաթմանի արտաքին կողմի հատերին ավելացնում են 2 հատ ներսի կողմի հատերից։ Հաջորդ 8 հատը թողնում են բթամատի համար։ Հյուսում են թաթմանի արտաքին մասի 22 հատը՝ հիմնական թելը ժամանակավորապես թողնելով։ Բամբակե թելով հյուսում են 8 հատ բթամատի համար։ Այնուհետև բամբակե թելը կտրում են և հիմնական թելով հյուսում բթամատի հատերը։ Հյուսում են թաթմանի ներսի կողմի 10 հատը և շարունակում աշխատանքը։ Թաթմանի հյուսումն ավարտելուց հետո բամբակե թելը դուրս են քաշում։ Բաց հատերը հավաքում են 2 շյուղի վրա (հավասարաչափ բաշխելով)։ Շյուղերի ծայրերով բթամատի եզրահատերին կից հատերի արանքից մեկական հատ են վերցնում և հյուսում մինչև բթամատի եղունգի կեսը։ Վերջին 4-5 շարքը հյուսելիս յուրաքանչյուր շյուղով սկզբի և վերջի 2 հատը միասին են հյուսում։ Մնացած հատերը կարում են և թելը ձգելով ամրացնում հակառակ երեսից։
Գլանաձև գլխարկ (նկ. 36)։ Չափսը՝ 54-58։ Բրդե թելի քանակը՝ 300 գ (երկտակ հաստ թել)։ Շյուղերը՝ №№ 5 և 6։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, շորտիք, անգլիական երիզահյոսք։
Հատերի հաշվարկը. երիզահյուսք. 8 հատը = 10 սմ, 16 շարքը = 10 սմ. հիմնական նախշ. 12 հատը = 10 սմ, 24 շարքը = 10 սմ։
5 շյուղի վրա հավաքում են (թույլ) 48 հատ և երկու ուղղություններով հյուսում 9 սմ անգլիական երիզահյուսքով։ 4 սմ (կամ 12 շարք) № 6 շյուղերով հյուսում են կլոր շորտիք նախշով (կենտ շարքերը շիտակ, զույգերը՝ թարս)։
3 սմ (կամ 6 շարք) հյուսում են շիտակ։ Այսպիսով, ստացվում են իրար հաջորդող շորտիք նախշով և շիտակ հատերով զոլեր։ Այս մասի հյուսումն ավարտում են շորտիք հյուսքով։ Այնուհետև 5 շյուղերով երկու ուղղություններով 9 սմ հյուսում են անգլիական երիզահյուսքով։ Վերջին շարքի հատերը թույլ ամրացնում են։ Գլխարկի բաց եզրերը միացնում են տրիկոտաժի ուղղաձիգ կարով։
Վեցտապականի կիսաշրջազգեստ (նկ. 37)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ (№ 32/2, 4 տակ) և 100 գ բամբակե կոշտ թել։ Շյուղերը՝ № 2, հելունը՝ № 2,5։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, երկգույն քառակուսիներ։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 25 հատը = 10 սմ, 45 շարքը = 10 սմ։
Կիսաշրջազգեստը բաղկացած է 3 մասից։ Վերևի և ներքևի մասերը հյուսում են լայնակի և միացնում տրիկոտաժի կարով, իսկ միջին մասը հյուսում են հելունով։
Վերևի մասը։ Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 127 հատ, հյուսում 4-6 շարք և շարունակում հիմնական թելով։ Մի կտորի ուղիղ մասը ստանալու համար 60 շարք հյուսում են ուղիղ հյուսքով, իսկ եզրերի թեքության համար կիրառում են մասնակի հյուսում. շարքերը երկարացնում են ներքևից վերև՝ 10 շարքում հյուսելով 5 անգամ 9-ական հատ և 8 շարքում 4 անգամ 20-ական հատ։ Երկու շարք հյուսում են ամբողջությամբ, որից հետո 2-րդ կողմի թեքությունը ստանալու համար հյուսում են. 8 շարքում 4 անգամ 20-ական հատ և 10 շարքում 5 անգամ 9-ական հատ (այս դեպքում շարքերը երկարացվում են վերևից ներքև)։ Երկրորդ տապակը սկսում են ուղիղ մասից։ Այսպես կրկնում են 5 անգամ՝ բոլոր 6 տապակների հյուսումն ավարտելով բամբակե թելով։ 4-6 շարք հյուսելուց հետո բամբակե թելը հեռացնում են և եզրերը միացնում տրիկոտաժի հորիզոնական կարով։ Ներքևի եզրից 9 սմ վերև շրջանագծով հելունակար են անում կոշտ թելով։ Ներքևի եզրից 19 սմ վերև շիտակ հատի մի թելը բռնելով շրջանագծով 1 շարք հյուսում են առանց հավելահատի սյունակներ՝ սյունակընդմեջ հյուսելով 4 հանգույցից բաղկացած օղիկներ (աղեղները դեպի ներքև)։ Նույն հատի ուղղությամբ կոշտ թելով հելունակար են անում։
Գոտու համար շյուղի վրա բամբակե թելով հավաքում են 200 հատ և հյուսում 4-6 շարք, այնուհետև հիմնական թելով՝ 6 շարք, ապա՝ բամբակե թելով 1 շարք և կրկին 6 շարք հիմնական թելով։ Հեռացնում են եզրի բամբակե թելը, բաց հատերն անցկացնում լրացուցիչ շյուղի վրա և հյուսում 1 շարք զույգ հատերով։ Այնուհետև հյուսում են 3 սմ ուղիղ հյուսքով, 1 շարք թարս հատերով շիտակ երեսից (գոտու ծալատեղի համար) և ևս 3 սմ՝ ուղիղ հյուսքով։ Վերջին 2 շարքը հյուսում են բամբակե թելով, խոնավ շորով արդուկում են, հեռացնում մեջտեղի բամբակե թելը։ Կիսաշրջազգեստի եզրը դնում են առաջացած բացվածքի մեջ և բաց հատերը հատակցումով միացնում (տես Հյուսում մեքենայով): Գոտին ծալում են հակառակ երեսը դեպի դուրս, բամբակե թելը հեռացնում են և բաց հատերն ամրացնում հակառակ երեսից։ Գոտու մեջ անցկացնում են լայն ռետինաքուղ։
Միջին մասը։ Հելունով հյուսում են 17 քառակուսի (ըստ սխեմայի)։ Յուրաքանչյուր քառակուսին սկսում են հյուսել կենտրոնից։ 4 շարք հյուսում են հիմնական թելով, ապա 1 շարք կոշտ թելով։ Հյուսելու ընթացքում քառակուսիները միացնում են օղակաձև (կիսաշրջազգեստի վերևի մասի ստորին եզրի շրջագծին համապատասխան)։ Օղակի վերին և ստորին եզրերը շրջահյուսում են 5 հանգույցից բաղկացած օղիկների 1 շարքով, ապա առանց հավելահատի սյունակների 1 շարքով՝ յուրաքանչյուր 2-րդ սյունակի վրա 4 հանգույցից բաղկացած օղիկ հյուսելով։
Ներքևի մասը։ Շյուղի վրա բամբակե թելով հավաքում են 27 հատ և հյուսում 4-6 շարք, ապա հիմնական թելով 825 շարք՝ ուղիղ հյուսքով։ Վերջին 4-6 շարքը հյուսում են բամբակե թելով։ Գործվածքի վրա խոնավ շոր փռելով արդուկում են, հեռացնում բամբակե թելը և եզրերը միացնում տրիկոտաժի հորիզոնական կարով։ Մի եզրը շրջահյուսում են առանց հավելահատի սյունակների 1 շարքով՝ յուրաքանչյուր 2-րդ սյունակի վրա 4 հանգույցից բաղկացած օղիկ հյուսելով։ Նույն հատի և ներքևի հատի ուղղությամբ կոշտ թելով հելունակար են անում։ Ներքևի եզրից 4 սմ վերև շիտակ հատի մի թելը բռնելով շրջահյուսում են առանց հավելահատի սյունակների 1 շարքով՝ յուրաքանչյուր 2-րդ սյունակի վրա 4 հանգույցից բաղկացած օղիկ հյուսելով։ Նույն հատի ուղղությամբ կոշտ թելով հելունակար են անում։ Քառակուսիներից բաղկացած օղակը հակառակ երեսից ամրացնում են սյունակներին։ Այսպես միացնում են կիսաշրջազգեստի երեք մասերը։
Ծալազարդ սվիտեր (նկ. 38)։ Չափսը՝ 46-48։ Բրդե թելի քանակը՝ 500 գ։ Շյուղերը №№ 1 1/2 և 6։
Հյուսքի տեսակները. խիստ տարբեր տրամագծի շյուղերով ուղիղ հյուսքը ծալազարդ գործվածքի տպավորություն է ստեղծում, 1x1 երիզահյուսք։
Հատերի հաշվարկը. 40 հատը = 10 սմ, 34 շարքը = 10 սմ։ Սվիտերը հյուսում են մի թևքից դեպի մյուսը։ Թեզանիքը հյուսելու համար 1 1/2 շյուղի վրա բամբակե թելով հավաքում են անհրաժեշտ թվով հատեր և հյուսում 4 շարք։ Ապա հիմնական թելով 4-6 շարք հյուսում են ուղիղ։ Խոնավ շորով արդուկելուց հետո բամբակե թելը հեռացնում են և բաց հատերը հավաքում լրացուցիչ շյուղի վրա։ Հյուսված շերտերը ծալում են հակառակ երեսը դեպի ներս։ 1 շարք հյուսում են զույգ հատերով (1 հատը հիմնական, մյուսը լրացուցիչ շյուղից), ստանում սկզբնական հատերի թիվը՝ միաժամանակ հատերը բաշխելով 1x1 երիզահյուսքի։ Երիզահյուսքով հյուսում են 6 սմ, ապա անցնում թևքի հյուսմանը № 6 շյուղերով։ Թևքի երկարությամբ № 6 շյուղերով հյուսում են 4 լայն զոլեր՝ յուրաքանչյուրը բաղկացած 22 շարքից, և № 1 1/2 շյուղերով՝ 4 նեղ զոլը, յուրաքանչյուրը բաղկացած 12 շարքից։ Հյուսելու ընթացքում եզրերից հատեր ավելացնելով թևքը լայնացնում են մինչև 50 սմ։ Թևքի 4-րդ նեղ զոլը պետք է համընկնի ենթադրվող թևքատեղի գծի հետ։ Թևքի հյուսումն ավարտելուց հետո 2 կողմից հատեր են ավելացնում առաջամասի և թիկնամասի երկարությունը լրացնելու համար։ Առաջամասի և թիկնամասի լայնությամբ բաշխելով 6 լայն և 5 նեղ զոլեր՝ բոլոր մասերը հյուսում են միասին։ Վզի բացվածքը ձևավորելու համար 17-րդ սմ-ից սկսած առաջամասը և թիկնամասը հյուսում են անջատ։ 24 սմ հյուսելուց հետո միացնում են սվիտերի 2 կեսերը և հյուսում ևս 17 սմ մինչև 2-րդ թևքի սկիզբը, ապա ամրացնում առաջամասի և թիկնամասի հատերը և շարունակում թևքի հյուսումը։ 2-րդ թևքը հյուսելիս հատերը պակասեցնում են նույն կարգով, ինչ կարգով ավելացրել են։
Երկրորդ թեզանիքը հյուսում են առանձին՝ նույն ընթացքով, ինչպես առաջինը։ Հյուսում են նաև ներքևի երիզահյուսքը։ Թեզանիքը և երիզահյուսքերը միացնում են տրիկոտաժի հորիզոնական կարով և երկայնական ու լայնական կտորները միացնող կարով (տես Հյուսում մեքենայով):
Վզի բացվածքը վերջնամշակելու համար ուղիղ հյուսքով հյուսում են 12 սմ լայնության և բացվածքի շրջագծի երկարության մի կտոր, որը հակառակ երեսով դեպի դուրս կարում են սվիտերի վզի բացվածքին և գլանաձև ոլորում։
Տղամարդու ժակետ (նկ. 39)։ Չափսը՝ 48-50։ Բրդե թելի քանակը՝ 700 գ (№ 32/2, 4 տակ)։ Շյուղերը՝ № 4։
Հյուսքի տեսակները. 1x1 երիզահյուսք, ուղիղ հյուսք և դրվագող զոլակ։
Դրվագող զոլակ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 24-ի, գումարած 2 եզրահատ։
1-ին շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը պահել գործքի հետևից), 6 հատ թարս, 6 հատ շիտակ, 6 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու, 2 հատ թարս*։
2-րդ շարք. *2 հատ շիտակ, 1 հատ թարս, 6 հատ շիտակ, 6 հատ թարս, 6 հատ շիտակ, 1 հատ թարս. 2 հատ շիտակ*։
3-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 5 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 4 հատ շիտակ, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 5 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
4-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
5-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 4 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 1 հատ թարս, 4 հատ շիտակ, 1 հատ թարս, 1 հատ շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 4 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
6-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
7-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 3 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 2 հատ թարս, 4 հատ շիտակ, 2 հատ թարս. 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 3 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
8-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
9-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 3 հատ թարս, 4 հատ շիտակ. 3 հատ թարս, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
10-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
11-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 3 հատ թարս, 4 հատ շիտակ, 3 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
12-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
13-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 3 հատ թարս, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 2 հատ թարս, 4 հատ շիտակ, 2 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 3 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
14-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
15-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 4 հատ թարս, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 1 հատ թարս, 4 հատ շիտակ, 1 հատ թարս, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 4 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
16-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
17-րդ շարք. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 5 հատ թարս, 1 շիտակ և 1 թարս հատերը խաչում են դեպի ձախ, 4 հատ շիտակ, 1 թարս և 1 շիտակ հատերը խաչում են դեպի աջ, 5 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
18-րդ շարքը հյուսում են ըստ նախշի։
19-րդ շարքը. *2 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 6 հատ թարս, 2 հատ միասին թարս, 2 հատ թարս, 2 հատ միասին թարս, 6 հատ թարս, 1 հատ վերցնում են առանց հյուսելու (թելը հետևից), 2 հատ թարս*։
20-րդ շարք. *2 հատ շիտակ, 1 հատ թարս, 6 հատ շիտակ, 1 հանգուցահատ (ձախ շյուղով վերցնում են 2 հատերի միջև ընկած հորիզոնական թելը, շրջում և հյուսում շիտակ), 4 հատ շիտակ, 1 հանգուցահատ, 6 հատ շիտակ, 1 հատ թարս, 2 հատ շիտակ։
21-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսած նախշը։
Հատերի հաշվարկը. 20 հատը = 10 սմ, 26 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Շյուղի վրա հավաքում են 100 հատ և 6 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Այնուհետև մինչև թևքատեղը հյուսում են ուղիղ հյուսքով՝ յուրաքանչյուր 10-րդ սմ-ի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ 51-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից ամրացնելով 1 անգամ 3-ական, 2 անգամ 2-ական, 2 անգամ 1-ական հատ։ Առանց փոփոխության հյուսում են 23 սմ մինչև ուսերիզը։ 73-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 3 անգամ 6-ական և 2 անգամ 5-ական հատ։ Վզի բացվածքի մնացած հատերն ամրացնում են 1 շարքում։
Առաջամաս (աջ կեսը)։ Շյուղի վրա հավաքում են 56 հատ և 1x1 երիզահյուսքով հյուսում 6 սմ։ Այնուհետև հատերը բաշխում են հետևյալ կերպ. առաջին 12 հատը (զոլակի համար) շարունակում են հյուսել 1x1 երիզահյուսքով, 5 հատը ուղիղ, 24 հատը՝ դրվագող զոլակի համար, 15 հատը՝ ուղիղ հյուսքով։ Մինչև թևքատեղը 44 սմ հյուսում են՝ յուրաքանչյուր 10-րդ սմ-ի վրա կողքից 1-ական հատ ավելացնելով։ 51-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ շարքընդմեջ ամրացնելով 1 անգամ 3-ական հատ, 2 անգամ 2-ական հատ և 2 անգամ 1-ական հատ։ Միաժամանակ ձևավորում են նաև վզի բացվածքը՝ յուրաքանչյուր 2 սմ-ը մեկ 1-ական հատ (ընդամենը 13 հատ) պակասեցնելով։ Զոլակի 12-րդ հատը հյուսում են շիտակ կողքի հատի հետ (ձախից աջ)։ 72-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ ամրացնելով 2 անգամ 6-ական, 2 անգամ 5-ական և 1 անգամ 4 հատ։ Շյուղի վրա կմնա զոլակի 12 հատը, որոնց ուսի կողմից ավելացնում են 1 հատ կարաբաժնի համար։ Այս 13 հատը 8 սմ հյուսում են 1x1 երիզահյուսքով և անցկացնում անգլիական քորոցի վրա։
Ձախ կեսը հյուսում են ինչպես աջը՝ այն տարբերությամբ, որ ձախ կեսի վրա կոճակների համար մերակներ են բացում։ Առաջին մերակը տեղադրում են ներքևի եզրից 3 սմ վերև (երիզահյուսքի վրա), իսկ վերջինը՝ կրծքի գծի վրա, վզի բացվածքը ձևավորելուց առաջ։ Մնացած մերակները բաշխում են հավասար հեռավորությամբ։ Վզի բացվածքի ձևավորման համար 2 հատը միասին հյուսում են շիտակ (աջից ձախ)։
Թևք։ Շյուղի վրա հավաքում են 50 հատ և 6 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով; Այնուհետև հատերը բաշխում են հետևյալ կերպ. 12 հատ շիտակ, 24 հատ նախշի համար (դրվագող զոլակ), 14 հատ շիտակ (աջ թևքի համար), 14 հատ շիտակ, 24 հատ նախշի համար (դրվագող զոլակ) և 12 հատ շիտակ (ձախ թևքի համար)։ Հյուսում են 49 սմ՝ յուրաքանչյուր 4-րդ սմ-ի վրա երկու կողմից 1-ական հատ ավելացնելով։ 56-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 1 անգամ 3–ական, 2 անգամ 2-ական, 9 անգամ 1–ական, 2 անգամ 2-ական, 1 անգամ 3-ական, 1 անգամ 4-ական, 1 անգամ 5–ական և 1 անգամ 8-ական հատ։ Մյուս թևքը հյուսում են նույնությամբ։
Պատրաստի մասերն արդուկում են խոնավ շորով և կարում։ Զոլակը միացնում են տրիկոտաժի հորիզոնական կարով։ Բոլոր կարերն արդուկում են խոնավ շորով։
Տղայի սվիտեր (նկ. 40)։ Չափսը՝ 44-46։ Բրդե թելի քանակը՝ 700 գ (№ 32/2, 5 տակ)։ Շյուղերը՝ №№ 4, 4,5, 5, 5,5
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք և ոլորահյուսք։
Հատերի հաշվարկը. ուղիղ հյուսք՝ 16 հատը = 10 սմ, 21 շարքը = 10 սմ, ոլորահյուսք՝ 21 հատը = 10 սմ, 21 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Շյուղի վրա հավաքում են 76 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, այնուհետև յուրաքանչյուր 11-րդ սմ-ի վրա 2 կողմից ավելացնում 1-ական հատ։ 41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, 2-ական և 1-ական հատ։ Այնուհետև հյուսում են առանց փոփոխության։ 62-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 7-ական և 1 անգամ 6-ական հատ։ Ուսագծի 6 հատն ամրացնելու հետ միաժամանակ ձևավորում են վզի բացվածքը, հատերի թիվը կիսում են և հյուսում առանձին՝ շարքընդմեջ ամրացնելով 8 և 3 հատ։
Առաջամաս։ Շյուղի վրա հավաքում են 76 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, ապա 1 շարքում ավելացնում 21 հատ. 10 անգամ՝ յուրաքանչյուր 4 հատը մեկ և 11 անգամ՝ յուրաքանչյուր 3 հատը մեկ (հաջորդաբար)։ Հյուսելը շարունակում են՝ յուրաքանչյուր 11-րդ սմ-ի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ 41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 5–ական, 4-ական, 3-ական և 1-ական հատ։ 59-րդ սմ-ը հյուսելիս կենտրոնի 7 հատն ամրացնում են, հատերի թիվը կիսում և հյուսում առանձին։ Վզի բացվածքը ձևավորում են առաջամասի կենտրոնից շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 5 անգամ 1-ական հատ, ապա հյուսում առանց փոփոխության։ 62-րդ սմ-ից սկսած ձևավորում են նաև ուսագծի թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 8-ական և 1 անգամ 9 հատ։
Թևք։ Շյուղի վրա հավաքում են 37 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Շարունակում են ուղիղ հյուսքով յուրաքանչյուր 3-րդ սմ-ի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով (ընդամենը 26 հատ)։ Թևքի ուսագլուխը ձևավորելու համար 2 կողմից շարքընդմեջ ամրացնում են 5, 4, 3 և 8 անգամ 1-ական հատ, ապա 2, 3, 4 հատ։ Մնացած հատերն ամրացնում են 1 շարքում։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կարելի է 2 թևքը հյուսել միաժամանակ։ Հյուսված մասերը միացնում են։ Վզի շրջագծով հավաքում են 100 հատ և 12 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Հյուսելու ընթացքում 3 անգամ փոխում են շյուղերի տրամագիծը, իսկ վերջին 7 սմ-ը հյուսում № 5,5 շյուղերով։
Տղայի բաճկոն (8-9 տարեկանի, նկ. 41)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղերը՝ № 3։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, 1x1 երիզահյուսք, հյուսակ շորտիքի ֆոնի վրա (նկ. 28)։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 23 հատը = 10 սմ, 40 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Շյուղի վրա հավաքում են 80 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, ապա շարունակում ուղիղ հյուսքով՝ յուրաքանչյուր 13-րդ սմի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ 31-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 2 անգամ 1-ական հատ։ Մինչև ուսագիծը հյուսում են առանց փոփոխության։ 47-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 5-ական և 2 անգամ 6-ական հատ (հաջորդաբար)։ Կենտրոնում մնացած 22 հատն անցկացնում են անգլիական քորոցի վրա։
Առաջամաս (ձախ կեսը)։ Շյուղի վրա հավաքում են 41 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Այնուհետև 10 հատը շարունակում են հյուսել 1x1 երիզահյուսքով որպես դրվագող զոլակ։ Մնացած հատերը հյուսում են ըստ նախշի՝ յուրաքանչյուր 13-րդ սմ-ի վրա կողքից 1-ական հատ ավելացնելով (2-ական հատ յուրաքանչյուր կողմից)։ 31 սմ հյուսելուց հետո թևքատեղը ձևավորելու համար շարքընդմեջ ամրացնում են 3, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 43-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը հետևյալ կերպ. անգլիական քորոցի վրա շարքընդմեջ վերցնում են 5, 3 և 4 անգամ 1-ական հատ։ Մինչև ուսագիծը հյուսում են անփոփոխ։ 47-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 4 անգամ 5-ական հատ։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ։ Կարելի է նաև աջ և ձախ կեսերը հյուսել միաժամանակ։
Թևք։ Շյուղի վրա հավաքում են 42 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ 37 սմ հյուսում են ուղիղ հյուսքով՝ յուրաքանչյուր 10-րդ շարքում 2 կողմից 14 անգամ 1-ական հատ ավելացնելով։ Թևքագլուխը ձևավորելու համար յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնում են 3, 2 և 14 անգամ 1-ական հատ, ապա 2, 3, 4 և 7 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։
Հյուսված մասերը արդուկում են խոնավ շորով և կարելով միացնում։ Շյուղի վրա հավաքում են վզի բացվածքի շրջագծով բոլոր հատերը և 1x1 երիզահյուսքով հյուսում 5-7 սմ (կանգուն օձիք), ապա օձիքի հատերը ամրացնում։ Առաջամասի դրվագող զոլակներին շղթա են կարում։
Զարդանախշով գլխարկ (նկ. 42)։ Բրդե թելի քանակը՝ 120 գ (սև թելը՝ 50 գ, մոխրագույնը՝ 50 գ, մուգ կարմիրը՝ 20 գ)։ Շյուղերը՝ № 5։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, շորտիք, զարդանախշ։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 14 հատը = 10 սմ, 12 շարքը = 10 սմ։
Շյուղի վրա սև թելով հավաքում են 83 հատ։ Որպեսզի գլխարկի եզրը ոլորված լինի, 9 սմ հյուսում են ուղիղ հյուսքով, 10-րդ սմ-ից անցնում են շորտիք հյուսքի։ Հյուսում են 1,5 սմ մոխրագույն և 2 շարք մուգ կարմիր թելով։ Զարդանախշը հյուսելու համար անցնում են ուղիղ հյուսքի։ Զարդանախշը հյուսում են մուգ կարմիր թելով, մոխրագույն ֆոնի վրա (ըստ սխեմայի)։ Հյուսում են 21 սմ, ապա անցնում շորտիք հյուսքի։ Երկու շարք հյուսում են մուգ կարմիր և 1,5 սմ մոխրագույն թելերով։ Մոխրագույն թելի անցնելիս՝ մի շարքը հյուսում են զույգ հատերով։ 24-րդ սմ-ից անցնում են սև թելի, 36-րդ սմ-ից կրկին մեկ շարք հյուսում են զույգ հատերով, 3 սմ հյուսելուց հետո բաց հատերն ասեղով անցկացնում են թելի վրա և ձգում։ Գլխարկը կարում են, եզրը ոլորում դեպի դուրս։ Ոլորած մասում դնում են կապրոնե գուլպաներից կարած գլանիկ։ Գլխարկի եզրը կարում են հակառակ երեսից։
Կարճագուլպա (նկ. 43)։ Սովորաբար հյուսում են 5 շյուղով՝ ուղիղ հյուսքով։ Սկզբից հյուսում են դրվագող թեզանիքը կամ երիզահյուսք։ Կանացի մի զույգ գուլպայի համար անհրաժեշտ է միջին հաշվով 100-120 գ թել, տղամարդու գուլպայի համար՝ 120-150 գ, մանկականի համար՝ 70-80 գ (զարդանախշի դեպքում թելի ծախսը մի քիչ ավելանում է)։
Հատերի հաշվարկը։ Չափում են ոտքի կոճի մասի շրջագիծը (նկ. 43, ա. տվյալ դեպքում՝ 23 սմ)։ Այնուհետև ըստ կարճագուլպայի հիմնական նախշի նմուշի որոշում են հյուսքի խտությունը (օրինակ, 3 հատը = 1 սմ, շյուղերը՝ № 2,5), ապա հաշվում սկզբնական հատերի թիվը։
Տվյալ դեպքում 3 հատ x 23 սմ = 69 հատ։ Ստացված թիվը (69) կլորացնում են մինչև զույգ թիվը մեծացնելով, և քանի որ հատերը բաշխվում են 4 շյուղի վրա, ապա հարմար է, որ այդ թիվն առանց մնացորդի բաժանվի 4-ի։ Տվյալ դեպքում հավաքում են 72 հատ՝ յուրաքանչյուր շյուղի վրա 12 հատ (այս կարճագուլպայի չափսը 36-37 է)։
Վարժվելու համար հյուսում են մի փոքրիկ գուլպա։ Երկու միասին վերցրած շյուղերի վրա հավաքում են 40 հատ։ Շյուղերից մեկը հանում են հատերի միջից և 1 շարք ձիգ հյուսում 1x1 երիզահյուսքով՝ միաժամանակ հատերը բաշխելով 4 շյուղի վրա հետևյալ կերպ. 10 հատ հյուսում են 1-ին շյուղով, հաջորդ 10-ը՝ 2-րդ շյուղով, հաջորդ 10-ը՝ 3-րդ շյուղով և վերջին 10-ը՝ 4-րդ շյուղով։ Հետագայում 1-ին շյուղի հատերը տարբերելու համար հատերին ամրացնում են անգլիական քորոց կամ գունավոր թել կարում։ Եզրահատերը միացնում են, հյուսում 4-5 սմ 1x1 երիզահյուսքով, այնուհետև 5 սմ ուղիղ, ապա անցնում կրնկամասի հյուսմանը։
Գուլպայի կրնկամասի հյուսումը (նկ. 43, բ)։ Գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի և հյուսումը շարունակում 2 շյուղով (3-րդ և 4-րդ)։
Այն հատերը, որոնք գտնվում են 1-ին և 2-րդ շյուղերի վրա, կրնկամասի ձևավորմանը չեն մասնակցում։ Աշխատանքը հեշտացնելու համար խորհուրդ է տրվում 3-րդ և 4-րդ շյուղերի հատերը հավաքել մեկ շյուղի վրա և ուղիղ հյուսել կրնկամասի բարձրությանը, որը որոշվում է հետևյալ կերպ. հյուսված կտորի մի կողմի եզրի ծամիկների թիվը պետք է հավասար լինի 1 շյուղի վրայի հատերի թվին (տվյալ դեպքում՝ 10)։ 1 շարք շիտակ հյուսելուց հետո կրնկամասը ձևավորելու համար հատերի թիվը բաժանում են 3 հավասար մասերի (եթե բաժանելուց մնացորդ է ստացվում, ապա այն ավելացնում են միջին մասին) և բաշխում հետևյալ կերպ. կողքի մասերի համար 6-ական հատ և 8 հատ միջին մասի համար։
1-ին շարք (հյուսվող մասի հակառակ երեսը)՝ թարս հատեր. հյուսում են մի կողքի 6 հատը, ապա միջին մասի բոլոր հատերը, բացի վերջին հատից, որը հյուսում են մյուս կողքի 1-ին հատի հետ միասին (2-րդ կողքի 5 հատը չեն հյուսում)։ Ապա հյուսվածքը շրջում են։
2-րդ շարք (հյուսվող մասի շիտակ երեսը)՝ շիտակ հատեր. եզրահատը վերցնում են և ձգում, ապա հյուսում միջին մասի բոլոր հատերը, բացի վերջին հատից, որը նույնպես հյուսում են 1-ին կողքի 1-ին հատի հետ միասին (աջից ձախ)։ Հյուսվածքը շրջում են։
1-ին և 2-րդ շարքերը կրկնում են այնքան, մինչև 2 կողքերի բոլոր հատերը հյուսվեն միջին մասի եզրահատերի հետ։ Աշխատանքն ավարտում են շիտակ երեսի շարքով՝ շյուղի վրա թողնելով միայն միջին մասի հատերը (8 հատ)։
Ծանոթագրություն. կրնկամասը հյուսելիս կարելի է բրդե թելին միացնել կապրոնե կամ որևէ այլ ամուր թել։ Կրնկամասը հյուսելուց հետո այդ թելը կտրել և շարունակել բրդե թելով։
Մինչև թաթի վերջնամասը հյուսում են կլոր շիտակ հատերով։ Այն շյուղով, որի վրա գտնվում են միջնամասի հատերը, հյուսվածքի եզրերից, շիտակ երեսից նոր հատեր են վերցնում (յուրաքանչյուր եզրահատից 1-ական հատ, ընդամենը 10 հատ)։ Ազատ շյուղով հյուսում են 1-ին շյուղի 10 հատը, ապա մյուս շյուղով 2-րդ շյուղի վրայի 10 հատը։ Հյուսած մասի մյուս եզրից ազատ շյուղով նոր հատեր են վերցնում (նույնքան, որքան մյուս եզրից) և այդ շյուղի վրա հյուսում միջին մասի հատերի կեսը (4 հատ)։ Այսպիսով, շյուղերի թիվը կրկին դառնում է 4, ընդ որում 3-րդ և 4-րդ շյուղերի վրայի հատերի թիվը պետք է ավելի լինի, քան 1-ին և 2-րդ շյուղերինը (որպեսզի գուլպան ոտնաթմբի մասում չսեղմի)։ Հյուսում են կլոր՝ 3-րդ և 4-րդ շյուղերի ավելորդ հատերը պակասեցնելով հետևյալ կերպ. 2 շարքը մեկ 2 հատ հյուսում են միասին թարս։ Որպեսզի պակասեցումից առաջացած հաստացումները քայլելիս չխանգարեն, հատերը պակասեցնում են 3-րդ շյուղի սկզբից և 4-րդ շյուղի վերջից, այսինքն՝ ոտնաթաթի եզրերից։ 3-րդ և 4-րդ շյուղերի վրա 10-ական հատ ստանալուն պես պակասեցումը դադարեցնում են և հյուսում մինչև ճկույթի ծայրը (տվյալ դեպքում 6 սմ)։ Գուլպայի քթամասի հյուսումն ավարտում են հետևյալ կերպ. 1-ին շյուղի սկզբի 2 հատը հյուսում են միասին շիտակ (աջից ձախ), 2-րդ շյուղի վերջի 2 հատը՝ միասին շիտակ (ձախից աջ), 3-րդ շյուղի սկզբի 2 հատը՝ միասին շիտակ և 4-րդ շյուղի վերջին 2 հատը՝ միասին շիտակ (աջից ձախ)։ Պակասեցնում են այնքան, մինչև շյուղերի վրա մնա 1-ական հատ։ Թելը կտրում են, անցկացնում հատերի միջով, ձգում և հակառակ երեսից հելունով ամրացնում։
Բերետը հյուսում են կլոր, 7 շյուղով, կենտրոնից (կարելի է հյուսել նաև եզրից)։ Քանի որ սկզբում 6 շյուղով անհնար է աշխատել, ապա 3 շյուղի վրա հավաքում են 6 հատ (յուրաքանչյուրի վրա 2-ական)։ Պայմանականորեն ընդունում են, որ յուրաքանչյուր հատը գտնվում է առանձին շյուղի վրա։ Այնուհետև եզրահատերը միացնում են։ Առաջին շարքը հյուսելիս՝ յուրաքանչյուր հատից հետո 1 հավելահատ են վերցնում։ Երկրորդ շարքում հավելահատեր են վերցնում յուրաքանչյուր 2-րդ հատից հետո, 3-րդ շարքում՝ 3-րդից հետո ևն։ Այսպես հյուսում են 8-9 սմ տրամագծով շրջան։ Այնուհետև բոլոր հատերը բաշխում են 6 շյուղի վրա և յուրաքանչյուր շյուղի վերջում շարքընդմեջ 1-ական հատ ավելացնում։ Հաշիվը չխառնելու համար 1-ին շյուղի 1-ին հավելահատը նշում են այլ գույնի թելով։ Այսպես հյուսում են 28-30 սմ, ապա 4-6 շարք, առանց ավելացնելու։ Բերետի խորությունը ստանալու համար հյուսումը շարունակում են շյուղերի սկզբի հատերը պակասեցնելով (հատերը զույգ հյուսելով)։ 8-9 սմ հյուսելուց հետո 4 շարք հյուսում են առանց պակասեցնելու, որպեսզի հնարավոր լինի եզրը ծալել և կարել։ Վերջին շարքի հատերն ամրացնում են շատ թույլ։