ՏՏՀ/Ձայնադարան տնային
ՁԱՅՆԱԴԱՐԱՆ տնային (գրամոֆոնային և մագնիտոֆոնային ձայնագրությունների հավաքածու), կազմվում է ընտանիքի անդամների երաժշտական հետաքրքրություններին համապատասխան, նպաստում է մտահորիզոնի ընդարձակմանը և գեղագիտական դաստիարակությանը, օգնում ընտանեկան ժամանցի կազմակերպմանը։
Ձ. կազմելիս նպատակահարմար է ծանոթանալ թողարկված և խանութներում եղած ձայնագրությունների համահավաք ցուցակներին։
Ձ. իր բնույթով կարող է լինել համընդհանուր կամ մասնագիտացված (սիմֆոնիկ, գործիքային երաժշտության, օպերաների, ռոմանսների, ժողովրդական երգերի, թատերական ներկայացումների, որևէ գրողի, կոմպոզիտորի ստեղծագործությունների, սիրելի դերասանի կատարումների ձայնագրություններ)։
Ձ-ի անբաժան մասն է ձայնագրությունների քարտացուցակը, որը դյուրացնում է դրանց համակարգումը, օգնում արագ գտնել անհրաժեշտ ձայնագրությունը և խուսափել դրա կրկնակը ձեռք բերելուց։ Քարտացուցակը բաղկացած է յուրաքանչյուր ձայնագրությունը բնութագրող քարտերից, որոնցում նշվում է ձայնագրության հերթական համարը (ըստ քարտացուցակի), տիպը (սովորական 78՝ պտ/րոպ, տևանվագ՝ 33 պտ/րոպ կամ 45 պտ/րոպ), սկավառակի տրամագիծը (175, 250 կամ 300 մմ), ձայնագրության տեսակը (միահունչ կամ ծավալահունչ), թողարկման տարեթիվը և վայրը, ձայնագրված ստեղծագործությունների անվանումները և հերթականությունը, հեղինակները և կատարողները։ Քարտացուցակում քարտերը համակարգում են ըստ Ձ-ի բաժինների։
Սկավառակները պահում են պոլիէթիլենե, ցելոֆանե կամ թղթե միջադիրներով ծրարներում, որոնք տեղավորում են հատուկ այդ նպատակի համար թողարկվող ալբոմներում կամ ստվարաթղթե տուփերում։ Ալբոմի յուրաքանչյուր գրպանիկում պետք է դնել միայն մեկ սկավառակ։ Ծրարի վրա նշվում է ձայնասկավառակի հերթական համարը և նրանում եղած ձայնագրությունների ցուցակը։ Տուփի (կամ ալբոմի) կողքին ամրացնում են պիտակ նրանում պահվող ձայնասկավառակների համարներով։ Ձ-ի բաժինները կարելի է նշել տարբեր գույնի պիտակներով։
Մագնիսական ժապավենում ժամանակի ընթացքում տեղի է ունենում պատճենի աղավաղում (հնչյունագրերի շավիղների փոխադարձ մագնիսականացում), խորհուրդ է տրվում ձայնագրությունները պարբերաբար նորացնել։
Ձայնասկավառակները և մագնիսական ժապավենները պետք է պահել ջեռուցման սարքերից և արևի ճառագայթներից հնարավորին չափ հեռու, գործածել խնամքով՝ պահպանելով բոլոր կանոնները։
Անհրաժեշտ է հետևել մագնիտոֆոնների և նվագարկիչների անձնագրերում բերված բոլոր կանոններին։ Ձայնասկավառակը պետք է բռնել եզրերից և պիտակից, որպեսզի մատները չդիպչեն ձայնագրված մասերին և չկեղտոտեն։ Խազեր ունեցող և մաքուր ձայնասկավառակները անհրաժեշտ է նվագարկել տարբեր ասեղներով։ Վնասված ասեղն անպայման պետք է փոխել, որպեսզի ձայնասկավառակի վրա խազեր չառաջանան։ Խորհուրդ է տրվում ձայնասկավառակի փոշին մաքրել ֆլանելե գործվածքով կամ հատուկ խոզանակով։