Jump to content

ՏՏՀ/Հողակցում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱԿՑՈՒՄ, նախատեսված է ռադիոընդունիչների ու հեռուստացույցների արտաքին անտենաները, ինչպես նաև դրսում կամ հողե, բետոնե, աղյուսե հատակ ունեցող շինություններում բանեցվող կենցաղային էլեկտրասարքերը (լվացքի մեքենաներ, էլեկտրասալեր, ջրային պոմպեր ևն), էլեկտրագործիքները (գայլիկոններ, հեսաններ, ռանդաներ ևն) էլեկտրականորեն հողին միացնելու համար։

Հ. թուլացնում է հպման լարումը և քայլային լարումը, որոնց հարվածի տակ կարող է ընկնել մարդը էլեկտրական կայանքի մեջ կարճ միացում առաջանալու դեպքում, պահպանում է ռադիոընդունիչները և հեռուստացույցները ամպրոպի ժամանակ վնասվելուց (արտաքին անտենային կայծակի ուղղակի հարվածի դեպքում)։ Սենյակի անտենաներով աշխատող ռադիոընդունիչների և հեռուստացույցների համար ևս Հ. ցանկալի է, քանի որ, որպես կանոն, այն միացնում է ընդունման հեռավորությունը և նվազեցնում խանգարումները։ Հ. կազմված է հողակցիչից, որն ապահովում է անմիջական հպումը գետնին, և հողակցող հաղորդալարից։ Գյուղական վայրերում հուսալի հողակցիչ կարող են ծառայել մինչև 1-2 մ կամ ավելի մեծ խորությամբ (մինչև խոնավ հողաշերտին հասնելը) թաղված մետաղաթերթը, ցինկապատ գուռը, դույլը, տաշտակը, որոնց զոդված է հողակցող հաղորդալարը։ Կարելի է նաև մինչև 2,5-3 մ խորությամբ գետնի մեջ խրել 30-70 մմ տրամագծով պողպատե (երկաթե) խողովակ։ Եթե հողն ավազոտ կամ քարքարոտ է, ապա հարկ է դնել երկու հողակցիչ միմյանցից 5-6 մ հեռավորությամբ։ Չափազանց չոր գրունտի և խորը գետնաջրերի դեպքում անհրաժեշտ է գրունտը արհեստական մշակման ենթարկել (օրինակ, աղ ցանել) էլեկտրահաղորդականությունը մեծացնելու համար։ Հողակցող հաղորդալարը հողակցիչին միացվում է եռակցման կամ զոդման եղանակով։ Եռակցման (զոդման) տեղը հարկավոր է ներկել ասֆալտի լաքով։ Իբրև հողակցող հաղորդալար օգտագործվում է 4-5 մմ տրամագծով պողպատալարը։ Իբրև հողակցիչ կենտրոնական ջեռուցման կամ գազամուղի խողովակների օգտագործումը խստիվ արգելվում է, քանի որ անտենայի կայծակնահարման կամ էլեկտրասարքի մեջ կարճ միացման ժամանակ կարող է առաջանալ հրդեհ հողի հետ գազի կամ ջեռուցման ցանցի վատ հպման հետևանքով և, բացի այդ, դա ուժեղացնում է խողովակների կոռոզիան (ժանգոտումը)։