Jump to content

ՏՏՀ/Հողեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԵՐ, երկրի կեղևի մակերեսային շերտը, որ բերրիության շնորհիվ դառնում է աշխատանքի առարկա, նյութական բարիքների արտադրության աղբյուր։ Բաղկացած է պինդ, հեղուկ և գազանման մասերից։ Պինդ մասը կազմված է կավային մասնիկներից, փոշուց, ավազից և օրգանական նյութերից (գերակշռող մասը հումուսն է)։ Հեղուկ մասը պարունակում է իոններ, մոլեկուլներ, կոլոիդներ։ Գազանման մասը կամ օդը գտնվում է ջրից ազատ ծակոտիներում, որի կազմը (պարունակում է ազոտ, թթվածին, ածխաթթու գազ) հաստատուն չէ և որոշվում է դրա մեջ ընթացող կենսաքիմիական գործընթացների բնույթով։ Արտադրական արժեքի տեսակետից կարևոր են հողի ֆիզիկական հատկությունները՝ տեսակարար և ծավալային կշիռները, ծակոտկենությունը։

Գոտիական հողատիպերից ՀՀ-ում առավել զարգացած են հրաբխային բարձրավանդակի տարածքում՝ կիսաանապատային գորշ, շագանակագույն, սևահողային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային, դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գերխոնավացման և մարդու գործունեության հետևանքով զարգացել են նաև ոչ գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի, մարգագետասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ ալկալի, լճամերձ թույլ Հ.։

ՀՀ-ում այգեգործական հողամասեր հատկացված են հիմնականում նախալեռնային, հարթավայրային և որոշ չափով լեռնային շրջաններում, որտեղ հիմնականում տարածված են կիսաանապատային, լեռնաշագանակագույն, լեռնակարբոնատային, լեռնատափաստանային, շագանակագույն, քարքարոտ, աղուտ-ալկալի, մարգագետնային, չոր տափաստանային Հ.։ Այդ հողատարածություններում կիրառվում են ագրոտեխնիկական և հողաբարելավման միջոցառումներ։ Գերխոնավացած Հ. բարելավում են չորացնելով (բաց ջրանցքների և ցամաքուրդների շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծում հողի ջրաջերմային ռեժիմի բարելավման ու օրգանական նյութերի քայքայմանը նպաստող աերոբ գործընթացների խթանման համար)։ Կլիմայական չոր պայմաններում (երբ գոլորշիացումը գերակշռում է տեղումների քանակին) հողի խոնավության պաշարները լրացվում են արհեստական ոռոգմամբ՝ բաց և փակ ոռոգման համակարգերով, ինչպես նաև ջրամբարների և մի շարք հիդրոտեխնիկական կառույցների օգնությամբ հավաքված գետերի և տեղումների ջրով։ Ագրոֆիզիկական և ֆիզիկաքիմիական աննպաստ հատկանիշներով Հ-ի համար կիրառվում է ագրոտեխնիկական և քիմիական մելիորացում։ Անապատատափաստանային գոտում զարգացող աղուտ-ալկալի Հ. բարելավում են լվացումներով և մի շարք քիմիական միացությունների (գիպս, կալցիումի քլորիդ, երկաթի սուլֆատ, ծծմբական թթու և այլն) օգտագործմամբ, որոնք նպաստում են հողից սոդայի հեռացմանը։ Թթու Հ-ի բերրիությունը բարձրացնում են կրացումով։ Ամրացած ենթավարելաշերտով Հ-ում ավելացնում են վարի խորությունը։ Էրոզիայի ենթակա Հ. բարելավում են մակերեսային ջրերի ու քամու միջոցով Հ-ի ողողման և տարման կանխարգելիչ, ինչպես նաև սորուն ավազի, փլուզումների, հեղեղատների առաջացման դեմ պայքարի միջոցառումներով։ Էրոզացված Հ. բարելավելու նպատակով կրճատում են մակերեսային հոսքերի քանակն ու արագությունը, մեծացնում հողի դիմադրողականությունը, ստեղծում խոչընդոտներ ջրի ու քամու ազդեցության դեմ։ Հողատարումը կանխարգելող աշխատանքներում կարևոր են անտառաբարելավման և մարգագետնաբարելավման միջոցառումները։