Jump to content

ՏՏՀ/Ձմերուկ (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմերուկ (աճեցումը)
Այգեգործական հողամաս

ՁՄԵՐՈՒԿ (աճեցումը), պահանջկոտ է ջերմության, օդի չորության և լույսի նկատմամբ։ Սերմերը ծլում են 12-13°C-ում, 0,5-1 °C-ում՝ ոչնչանում։ Լավ է աճում խամ ու խոպան ավազախառը բերրի հողերում։ ՀՀ-ում շրջանացված են հետևյալ սորտերը. Մելիտոպոլյան 142. միջահաս լավագույն սորտ է, շատ քաղցր, հյութալի, խոշոր պտուղներով, Կրիմսկի պոբեդիտել. միջահաս է, պտուղը՝ գնդաձև, փոխադրունակությունը՝ լավ, պահունակությունը՝ միջակ, Չիթ. ուշահաս տեղական լավագույն սորտերից է, տարածված Արարատի և Արմավիրի մարզերում։ Պտուղը խոշոր է, գնդաձև, բերքատվությունը, փոխադրունակությունը և պահունակությունը՝ բարձր։ Տարածված է նաև Արարատի վաղահաս սորտը։ Ձ-ի համար լավ նախորդ է բազմամյա խոտաբույսերի ճմաշերտը և շուռ տված ճմաշերտը, որի դեպքում հողը չեն պարարտացնում։ Այլ նախորդների դեպքում հողը պարարտացնում են. մեկ փոսիկի մեջ լցնում մեկ դույլ (6-8 կգ) փտած գոմաղբ, 8-10 գ ամոնիակային բորակ, 40-60 գ սուպերֆոսֆատ, 10 գ կալիումի քլորիդ կամ 60-70 գ բանջարանոցային խառնուրդ։ Միջշարային հեռավորությունը 1,5-2,0 մ է, միջբուսայինը՝ 0,75-1,0 մ։ Արարատյան դաշտում Ձ-ի սերմերը ցանում են ապրիլի վերջին տասնօրյակից մինչև մայիսի առաջին կեսը։ Ցանքը կատարում են չոր կամ թրջած սերմերով, յուրաքանչյուր բնում՝ 3-4 սերմ։ Ցանքից 5-6 օր հետո սերմերը ծլում են։ Առաջին իսկական տերևներն առաջանալիս պետք է կատարել առաջին նոսրացումը՝ թողնելով բների մեջ երկուական բույս, հետագայում խոր բուկլիցի ժամանակ՝ վերջին նոսրացումը՝ թողնելով յուրաքանչյուր բնում մեկ բույս։ Հետագա խնամքը քաղհանն է, փխրեցումը, սնուցումը և ջրային ռեժիմի պահպանումը։ Մինչև ծաղկելը Ձ. հաճախակի չպետք է ջրել։ Ջրում են ըստ անհրաժեշտության, առավոտյան հով ժամերին։ Քաղհանում են 2-3, իսկ բուկլիցը՝ մեկ անգամ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս-օգոստոս ամիսներին։ Բերքը հավաքում են պարբերաբար։