Jump to content

ՏՏՀ/Ձնծաղիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՆԾԱՂԻԿ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր վաղ-գարնանային բույսերի ցեղ։ Ընդգրկում է 18 տեսակ։ Ձ. կարելի է օգտագործել ճանապարհների եզրերի, ալպյան բլրակների ձևավորման, սիզամարգերում ծաղկային նախշերի ստեղծման համար և այլն։

Ձյունային Ձ., 9-12 սմ բարձրության, փոքր սոխուկով բույս է, տերևները գծային են։ Ծաղիկները մեկական են, խոնարհված, սպիտակ, ծաղկապատի տերևների ծայրերում կանաչ բծերով։ Ծաղկում է գարնան կեսերին, ցուրտ եղանակին՝ մեկ ամսվա ընթացքում։ Հայտնի է 50 տարատեսակ (նաև լիաթերթ ծաղիկներով)։

Ծալքավոր Ձ., ունի ավելի խոշոր սոխուկ և բարձր ծաղկակիր (12-16 սմ)։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկապատի թերթիկների գագաթներում կանաչ բծերով։ Ծաղկում է մարտին։ Հայտնի է 10 տարատեսակ։

Ձ. լավ է աճում կիսաստվերում, սակայն կարող է աճել նաև բաց տեղերում։ Լավ զարգանում է թեթև, սննդարար հողերում։ Ցրտադիմացկուն է։ Վերատնկել կարելի է ծաղկումից հետո կամ վեգետացիայի վերջում։ Հեշտորեն բազմանում է ինքնացանքսով (թափվող սերմերով)։ Սերմնաբույսերը ծաղկում են 3-4-րդ տարում։ Բույսը կարելի է բազմացնել սոխուկ-սոխիկներով։ Խոշոր սոխուկները տնկում են 8-10 սմ խորությամբ. սնուցման մակերեսը՝ 5x10 սմ։ Միևնույն վայրում Ձ-ները կարող են աճել 5-6 տարի։ Հատուկ խնամք չեն պահանջում։

Ձ. ախտահարում են ժանգը, մոխրագույն և սպիտակ փտումը։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերի դեպքում։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ (ալպիական և անդրկովկասյան), որոնք էնդեմիկ են, աճում են Իջևանում, Զանգեզուրում և Նոյեմբերյանում։ Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

ՀՀ-ում սովորաբար Ձ. են անվանում շուշանազգիների ընտանիքի ներկայացուցիչներին, որոնց սոխուկը ձվաձև է, տերևները՝ նշտարաձև։ Ծաղիկները 1-4 հատ են, վարդագույն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում են փետրվար-ապրիլին։ Հայտնի է 5 տեսակ՝ տարածված նախալեռնային, լեռնային և ալպյան գոտիներում։ Բոլոր տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։