Jump to content

ՏՏՀ/Ճագար (միսը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱԳԱՐ (միսը), օգտագործում են զանազան կերակրատեսակներ (տապակած, ծեծած ու աղացած կոտլետ ևն) պատրաստելու համար։

Նախնական մշակում։ Ճ-ի լյարդութոքը և բկանցքը հեռացնում են, առջևի և հետևի թաթերի, ինչպես նաև եզրային վզաողնի ոսկորները հատում։ Մսեղիքը գոտկաողնի ուղղությամբ բաժանում են 2 մասի՝ առջևի և հետևի, այնուհետև դրանք կտրատում։

Խորհուրդ է տրվում նոր մորթած Ճ-ի մսեղիքը 1-2 օր թողնել սառը տեղում։ Հաճախ Ճ-ի միսը նախապես բաստուրմա են դնում (տես Նապաստակ հոդվածում)։ Երբեմն Ճ-ի մսեղիքը գիրուցում են խոզի ճարպով։

Ճ. տապակած. միսը լվանում են, ջրքամում, գիրուցում, պատում թթվասերով, աղ ցանում և (տաքացրած խոզի ճարպով կամ յուղով) տապակում ջեռոցում։ Ճ. կարմրելուց հետո տապակի մեջ դնում են կտրտած գազար և սպիտակ արմտիք (մաղադանոս, ստեպղին, նեխուր), խոշոր կտրտած կարտոֆիլ, քիչ ջուր ավելացնում և շարունակում տապակել՝ ժամանակ առ ժամանակ գոյացած հյութը վրան լցնելով։ Պատրաստի Ճ. կտրտում են, մատուցում բանջարեղենի հետ։

1 կգ Ճ-ին՝ 150 գ գիրուց, 1 ճաշի գդալ թթվասեր, 1 ճաշի գդալ խոզի հալած ճարպ կամ յուղ, 1-ական գազար, մաղադանոս, ստեպղին, նեխուր, միջին չափի 10 կարտոֆիլ. աղը՝ ըստ ճաշակի։