Jump to content

ՏՏՀ/Ճակնդեղ սեղանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱԿՆԴԵՂ սեղանի, բանջարային Ճ., կարմիր Ճ., Հայաստանում աճեցնում են գրեթե ամենուր։ Տարածված են Բորդո 137, Նեսրավնեննայա Ա-463, Եգիպտական հարթ ևն սորտերը։

Սննդի մեջ օգտագործում են մատղաշ բույսերի տերևները, կոթունները և արմատապտուղները, հասունացածների միայն արմատապտուղները։ Ճ. պարունակում է շաքար, սպիտակուցներ, օրգանական թթուներ, թաղանթանյութ, P (37-41 մգ %), C (տերևներում մինչև 60 մգ %) վիտամիններ և հանքային աղեր։ Տերևները տապակում են, օգտագործում տարբեր կերակուրների մեջ, արմատապտուղները՝ կերակուրների, վինեգրետի, խորտիկների, խավիարի, սալաթների, սոուսների մեջ, դրանք կարելի է նաև թթու դնել և չորացնել։

Եփած Ճ. օժտված է բուժիչ հատկություններով։ Խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի հիվանդությամբ, հիպերտոնիայով, փորկապությամբ տառապող մարդկանց։

Ճ. ուշ է եփվում (2-3 ժամ)։ Եփն արագացնելու համար, կարելի է Ճ. եփել 1 ժամ, այնուհետև վերցնել կրակի վրայից, դատարկել ջուրը և 10 րոպե դնել սառը ջրի շիթի տակ։ Սալաթների և վինեգրետների համար նպատակահարմար է Ճ. եփել կամ խորովել կեղևով (նախապես խոզանակով լվանալ հոսող ջրի տակ)։ Որպեսզի եփելիս Ճ. չկորցնի գույնը՝ կարելի է ջրին ավելացնել շաքար (1/2 թեյի գդալ շաքարավազ՝ 2 լ ջրին)։

Ճ-ով սալաթ. Ճ. լվանալ, եփել, հեռացնել կեղևը, քերիչով քերել, վրան ավելացնել ծեծած կամ մանր կտրտած ընկույզ, մանրած սխտոր, աղ, թթվասեր (կամ մայոնեզ)։ Լավ խառնել, լցնել սալաթամանի մեջ։ Կարելի է զարդարել նռան հատիկներով։

200 գ Ճ-ին՝ 2 պճեղ սխտոր, 2 ճաշի գդալ ծեծած ընկույզ, 2-3 ճաշի գդալ թթվասեր (մայոնեզ). աղը և շաքարավազը՝ ըստ ճաշակի։

Ճ-ի մարինադ. Ճ. լվանալ, եփել, թողնել հովանա, մաքրել, կտրտել ոչ մեծ քառակուսի (ձողիկաձև ևն) կտորներով, տեղավորել ապակե ամանների մեջ և վրան մարինադ լցնել։

Մարինադի պատրաստումը. 1 բաժակ քացախին՝ 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ շաքարավազ, 0,5 թեյի գդալ աղ, քիչ պղպեղ, մեխակ, դափնու տերև։ Այս ամենը խառնել, եփել, հովանալուց հետո օգտագործել։

Խորոված կամ եփած Ճ-ի սալաթ. Ճ. լվանալ, եփել կամ խորովել ջեռոցում, մաքրել, ձողիկաձև կտրտել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել ձեթ, քացախ (կամ կիտրոնի հյութ) և խառնել։ Մատուցելիս վրան կտրտել սամիթ կամ մաղադանոս։

Ճ-ի խավիար. Ճ. եփել, աղալ մսաղացով, ավելացնել շաքարավազ, ձեթ, կիտրոնի կեղև (քերած) և կիտրոնահյութ, խառնել, լցնել կաթսայի մեջ և եփել (5-10 րոպե) անընդհատ խառնելով։

500 գ Ճ-ին՝ 2-3 գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ ձեթ, 1/2 կիտրոնի հյութ, աղը՝ ըստ ճաշակի։

Ճ-ի խավիար սոխով և սխտորով. Ճ. եփել, մաքրել, աղալ մսաղացով։ Սոխը տապակել ձեթով, խառնել Ճ-ին և նորից աղալ մսաղացով։ Թեթևակի տապակել տոմատի մածուկը, վրան ճզմել կիտրոնի հյութ, ավելացնել սխտոր (քերած), շաքարավազ։ Բոլորը խառնել, լցնել կաթսայի մեջ և եփել (5-10 րոպե) անընդհատ խառնելով։

500 գ Ճ-ին՝ 2 խոշոր գլուխ սոխ, 2-3 ճաշի գդալ ձեթ, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 2-3 պճեղ սխտոր, 1/2 կիտրոնի հյութ, շաքարը և աղը՝ ըստ ճաշակի։

Ճ. թթվասերով շոգեխաշած. Ճ. լվանալ, եփել, մաքրել, մանր կտրտել և լցնել կաթսայի մեջ։ Ավելացնել մանր կտրտած և թեթևակի տապակած սոխ, թթվասեր, ծածկել կափարիչով և շոգեխաշել 20-25 րոպե (ժամանակ առ ժամանակ խառնել), որից հետո համեմել աղով և շաքարավազով։

500 գ Ճ-ին՝ 1 1/2 ճաշի գդալ ձեթ, 1 գլուխ սոխ, 3/4 բաժակ թթվասեր, աղը, շաքարը՝ ըստ ճաշակի։