Jump to content

ՏՏՀ/Ճանճեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՃԱՆՃԵՐ, մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ ևն) հարուցիչների տարածողներ են, ինչպես նաև որդերի ձվերի փոխանցողներ։

Սենյակային Ճ. շատ բեղուն են և տաք շինություններում կարող են բազմանալ ամբողջ տարին։ Ճ-ի դեմ պայքարի հիմնական պայմանը տներում, բակերում և ընդհանուր օգտագործման վայրերում մաքրության պահպանումն է։ Բնակարաններում Ճ-ի ձվադրումը կանխելու համար, անհրաժեշտ է սննդամթերքը փակ պահել, սննդի մնացորդները հավաքել կափարիչներով դույլերում, ամեն օր այն թափել և դույլերը լվանալ, իսկ բակերում աղբը հավաքել մետաղե բաքերում կամ առանց ճեղքերի կիպ փակվող կափարիչով արկղերում։ Անհրաժեշտ է հետևել ընտանի կենդանիներին կամ թռչուններին հատկացված շինությունների մաքրությանը՝ աղբը ժամանակին թափել, կենդանիներին կերակրելու համար հավաքած սննդի մնացորդները պահել փակ ամանների մեջ։ Ճ-ի թրթուրները և հարսնյակները ոչնչացնելու համար պետք է աղբարկղի տակ և շուրջը գտնվող հողը 10 օրը մեկ մշակել կարբոլաթթվով (1 մ²–ին 1,5 լ) կամ քլորոֆոսի 3 %-անոց ջրային լուծույթով, իսկ զուգարանահորերի, աղբահորերի մակերևույթին չոր քլորակիր (1 մ²–ին՝ 1 կգ) շաղ տալ կամ քլորոֆոսի 3 %-անոց ջրային լուծույթ լցնել։ Թռչող Ճ-ի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել քլորոֆոսի հաբեր կամ փոշի։ Մինչև 1 գ-անոց հաբը դնել ափսեի մեջ և 1 ճաշի գդալ ջուր լցնել (կարելի է նաև մի քիչ շաքարավազ ավելացնել), գոլորշիանալուն զուգընթաց ջուրը ավելացնել։ Հաբերի ազդման ժամկետը 10-12 օր է։ Ճ. ոչնչացնելու համար կարելի է օգտագործել ժապավենանման կպչուն թուղթ՝ «Ճանճորս», ինչպես նաև կպչուն զանգված՝ «Ճանճորս» և «Սուկսիդ», որոնք թողարկվում են ալյումինե պարկուճներով և ապակե փոքրիկ բանկաներով։ Պատրաստուկը բարակ շերտով քսում են թղթի վրա և դնում Ճ-ի կուտակումների տեղերում։ Ճ-ի դեմ պայքարելու համար օգտագործվում են նաև աերոզոլային հեղուկ կամ փոշի պատրաստուկներ, դուստեր։ Ճ-ի և կրետների դեմ պայքարելու համար բնակելի, ծառայողական, հասարակական և ստորգետնյա շինություններում կարելի է օգտագործել խայծով թակարդ։

Շինությունները Ճ-ից պաշտպանելու համար կարելի է պատուհաններին մետաղե մանրանցք ցանց կամ թանզիֆ ամրացնել, իսկ օդանցքներին՝ շերտավոր կտրտած թղթից պաշտպանիչ վարագույր։