ՏՏՀ/Մագնիսական ժապավեն
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆ, տեղեկության (ինֆորմացիայի) կրող, որը կիրառվում է մագնիսական գրառումներում (օրինակ, մագնիտոֆոններում, տեսամագնիտոֆոններում)։
Օգտագործվում են բազմաշերտ Մ.ժ–ներ, որոնց ամուր, ճկուն, չհրկիզվող հիմքին քսված է մագնիսական շերտ, վերջինս կարող է ծածկված լինել բարակ հոսանահաղորդ շերտով էլեկտրաստատիկ պարպումների նվազեցման համար։ Հիմքի հակառակ երեսին երբեմն քսում են հատուկ շփական շերտ՝ ժապավենի փաթաթումը բարելավելու համար։ Ժապավենային գրառումը փոփոխական ինտեսիվությամբ (գրառվող տատանումներին համապատասխան) մագնիսացված շավիղ է։ Ժապավենի վրա գրառվում է 2,4 կամ 8 շավիղ։ Մագնիսական գրառման որակի ցուցանիշները բնորոշվում են հիմնականում մագնիսական շերտի հատկություններով։ Արդի Մ.ժ–ների մագնիսական շերտը բաղկացած է երկաթի (III) օքսիդի, քրոմի երկօքսիդի կամ մետաղների համահալվածքների (օրինակ, Co-Ni) մանրագույն ասեղնաձև մասնիկներից։
Սարքին մագնիտոֆոնները չեն կարող պատռել ժապավենը, իսկ գրառումների սիրողական մոնտաժում գործնականում չի կատարվում։ Այդ պատճառով Մ.ժ–ի սոսնձման անհրաժեշտություն հազվադեպ է առաջանում։ Ժապավենի պատահական պատռման կամ վնասվածքի դեպքում այն կարելի է կպցնել կպչուն ժապավենով (լավսանային հիմքով ժապավենները սոսնձել չի կարելի)։ Կպցնելու համար (եթե պատռվածքի տեղը ճմրթված է կամ կտորը կորսված է) անհրաժեշտ է խնամքով կտրել ժապավենի երկու ծայրերն էլ, դրանք մոտեցնել միմյանց (եզրը եզրին) և հիմքի կողմից դնել կպչուն ժապավեն։ Եթե կցվածքը կիպ չլինի, հնարավոր է, որ ժապավենը կպչի մագնիտոֆոնի տանող լիսեռին, ապա նաև փաթաթվի դրան ու ճմրթվի, և ձայնագրությունը անդառնալիորեն փչանա։
Մ ժ-ները հարկավոր է պահել տուփերում, ուղղաձիգ դիրքով, ցանկալի է 20±5 °C ջերմաստիճանի և 60±5 % հարաբերական խոնավության պայմաններում։ Ժապավենը պետք է կիպ փաթաթված լինի, անթույլատրելի է ժապավենի առանձին գալարների դուրս ընկնելը ընդհանուր փաթթոցից, մի բան, որ կարող է առաջանալ մագնիտոֆոնի աշխատանքային ռեժիմի փոփոխության ժամանակ (այդ պատճառով էլ ունկնդրելուց հետո օգտակար է ժապավենը վերափաթաթել սկզբից մինչև վերջ)։ Ժապավենով կոճերը նախքան տուփերի մեջ տեղավորելն անհրաժեշտ է անպայման դնել պոլիէթիլենի ծրարների մեջ։ Կոմպակտ-կասետներն անհրաժեշտ է դնել հատուկ պլաստմասսայե տուփերի մեջ և պահել դարակներում կամ կասետակալներում։ Ձմռանն օգտակար է ձայնադարանի մոտակայքում դնել բաց ջրաման՝ անհրաժեշտ խոնավություն պահպանելու համար։
Եթե հիմքի մեխանիկական ամրությունը թույլ է տալիս, ապա Մ.ժ–ի ձայնագրությունը կարելի է շատ (հազարավոր) անգամ նվագարկել։ Հիմքը հնանում է հիմնականում չորանալու դեպքում։ Հնացած արժեքավոր ձայնագրությունը կարելի է վերագրառել. ժապավենի ճկունությունը ժամանակավորապես վերականգնելու համար կոճը նախապես թեթևակի խոնավացնում են՝ մի քանի ժամ թաց լաթի մեջ փաթաթելով։
Ձայնագրության համար կործանարար են արտաքին մագնիսական դաշտերը, ուստի ժապավենը պետք է հեռու պահել դրանց աղբյուրներից (էլեկտրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, կայունարարներ ևն): Անթույլատրելի է նաև գրառումով ժապավենը դնել ձայնական համակարգերի վրա և միկրոֆոնների մոտ, որովհետև վերարտադրելիս կառաջանա ուժգին աղմուկ։