Jump to content

ՏՏՀ/Մաղադանոս (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մաղադանոս (աճեցումը)
Այգեգործական հողամաս

ՄԱՂԱԴԱՆՈՍ (աճեցումը), կա Մ-ի 2 ենթատեսակ՝ արմատապտղային և տերևային։ ՀՀ-ում հիմնականում մշակում են տերևային Մ., որն օգտագործում են թարմ և չորացրած, որպես համեմունք կերակուրների և թթուների մեջ։ Արմատապտղայինի տերևներից բացի սննդի մեջ օգտագործվում են նաև մսալի արմատապտուղները։ Մ. երկամյա, ցրտակայուն բույս է, դիմանում է մինչև -5°C ցրտերին։ Մ-ի հողը պետք է լինի բերրի։ Խոնավության ավելցուկը և ստորգետնյա ջրերի բարձր մակարդակը առաջացնում են բույսերի հիվանդություններ։ Հողը նախապատրաստում և պարարտացնում են ինչպես գազարի համար։ Ծլումն արագացնելու նպատակով պետք է սերմերը նախօրոք թրջել և ծլեցնել։ Մ. կարելի է ցանել վաղ գարնանը կամ ձմեռնամուտին՝ 18-20 սմ միջշարային և 10-15 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սերմերը ցանում են 1-2 սմ խորությամբ։ Ձմեռնամուտի ցանքը մուլչապատում են տորֆի կամ բուսահողի 2-3 սմ-անոց շերտով։ Ծլումն արագացնելու նպատակով գարնանը Մ-ի ցանքերը ծածկում են լուսաթափանց թաղանթով, որը հանում են ծիլերը երևալուն պես (12-15-րդ օրը)։ Մ-ի ծլելուց 20-25 օր հետո կատարում են նոսրացում, որը շարունակում են ամբողջ ամառվա ընթացքում։ Բոլոր փուլերի ժամանակ Մ. կարելի է օգտագործել սննդի մեջ։ Վերջնական միջբուսային հեռավորությունը շարքում պետք է լինի 5-7 սմ։ Մ. կարող է ձմեռել բաց դաշտում և հաջորդ գարնանը տալ վաղ մատղաշ կանաչի և պիտանի արմատապտուղ։ Ձնածածկոցի բացակայության դեպքում Մ-ի հողամասն անհրաժեշտ է ծածկել տորֆով կամ բուսահողով (7-10 սմ-անոց շերտով)։ Կանաչին հավաքում են ըստ անհրաժեշտության, արմատապտուղները մինչև հողի ցրտահարությունները։