Jump to content

ՏՏՀ/Մագնիտոֆոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱԳՆԻՏՈՖՈՆ, ձայնագրիչ, մագնիսական ժապավենի վրա ձայնի գրառման և վերարտադրման սարք։

Մ-ով կարելի է ձայնագրել միկրոֆոնով արտասանվող ելույթը, ռադիոընդունիչով կամ ռադիովերահաղորդման ցանցով տրվող հաղորդումը, հեռախոսային հաղորդագրությունը, վերաձայնագրել ձայնասկավառակից ևն։

Մ-ի հիմնական հանգույցներն են. մագնիսական գլխիկների (ջնջող, ձայնագրող և վերարտադրող) բլոկը, ձայնագրման և վերարտադրման ուժեղարարները, անդրաձայնային (գերձայնային) էլեկտրական տատանումների գեներատորը, ուղղիչը, ժապավենաձգիչ մեխանիզմը։ Անհրաժեշտ չափով ուժեղացված ձայնային հաճախության հոսանքը (միկրոֆոնից, ռադիոընդունիչից կամ այլ աղբյուրից) հասնում է ձայնագրող գլխիկին (հատուկ կառուցվածքի էլեկտրամագնիս), որը էլեկտրական տատանումներին համապատասխան մագնիսացնում է նրա աշխատանքային մակերևույթով սահող մագնիսական ժապավենը։ Ձայնի մագնիսական հետքը ժապավենի վրա (հնչյունագիր) կարող է երկար ժամանակ պահպանվել առանց փոփոխության։ Հնչյունագիրը վերարտադրելու ժամանակ մագնիսական ժապավենը վերարտադրող գլխիկին հպվելով, հարուցում է էլեկտրական տատանումներ, որոնք ճշգրտորեն կրկնում են գրառված տատանումները։ Այդ տատանումներն ուժեղացվում են վերարտադրման հատակ ուժեղարարի միջոցով և վերարտադրվում ձայնական համակարգով։

Ոչ պիտանի ձայնագրությունները ջնջելիս ժապավենն ապամագնիսացվում է ջնջող գլխիկի մագնիսական դաշտի ազդեցությամբ, որն ստեղծվում է հատուկ գեներատորից գլխիկին տրվող անդրադարձային տատանումներով։ Որպեսզի ձայնագրման ժամանակ հին ձայնագրությունը ջնջվի, ջնջող գլխիկը տեղակայվում է ձայնագրող գլխիկից առաջ և միացվում նրա հետ միաժամանակ։

Մ-ներում ձայնագրող և վերարտադրող գլխիկները հաճախ փոխարինվում են մեկ համապիտանի գլխիկով, որն, ըստ աշխատանքի բնույթի, կարող է միանալ մեկ կամ մյուս ուժեղարարին, ինչը, սակայն, բացառում է ձայնագրման ընթացքում ստուգիչ ունկնդրման հնարավորությունը։ Մ-ի հանգույցները և բլոկները սնվում են փոփոխական հոսանքի ցանցից Մ-ում եղած ուղղիչի միջոցով կամ հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրից տարրից կան կուտակիչներից։ Թողարկում են նաև փոփոխական հոսանքի ցանցից (սնման բլոկի միջոցով) և հաստատուն հոսանքի ինքնուրույն աղբյուրից սնվող Մ-ներ։

Ժապավենագրիչ մեխանիզմը էլեկտրաշարժիչների, փոխանցիչների համակարգի, տանող և ուղղորդիչ հոլովակների, արգելակների և այլ հարմարանքների օգնությամբ ապահովում է ժապավենի սահուն մեկնարկը և հավասարաչափ շարժումը գլխիկների աշխատանքային մակերևույթով, ժապավենի անհրաժեշտ ձգվածությունը և կոճերի համաձայնեցված արգելակումը։ Ձայնագրության պահանջվող տեղը փնտրելիս ժապավենագրիչ մեխանիզմը կարող է ժապավենն արագացված (1-2 րոպեում) փաթաթել ուղիղ և հակառակ ուղղություններով։ Գլխիկների մաշումից խուսափելու համար փաթաթման ժամանակ ժապավենն ավտոմատորեն հեռանում է գլխիկից։

Մ-ներն ունեն ձայնագրման մակարդակի կարգավորիչներ և ցուցիչներ, ցանցի անջատիչներ, միկրոֆոնի և ձայնահանի միացման վարդակներ։ Բարդ կառուցվածքի Մ-ներում կիրառվում են ծավալահնչական տպավորություն ստեղծող բարձրորակ ձայնական համակարգեր (ներկառուցված կամ դուրս բերված), ինքնականգ, ժապավենի մետրաքանակի հաշվիչ, բարձր և ցածր հաճախությունների տեմբրի կարգավորիչներ, հեռակառավարման հարմարանք։

Կենցաղային Մ-ներում ձայնագրությունն արվում է երկու կամ չորս շավիղների վրա։ Ծավալահնչական Մ-ում ձայնագրումն և վերարտադրումն կատարվում են միակցված գլխիկներով՝ միաժամանակ երկու շավղի օգտագործմամբ, առանձին միկրոֆոնների, ուժեղարարների և բարձրախոսների միջոցով։

Թողարկվում են նաև ռադիոընդունիչի կամ (և) էլեկտրանվագարկիչի հետ համակցված Մ-ներ (տես Մագնիտոլա և Մագնիտոռադիոլա):

Առանց ցածր հաճախության վերջամասային ուժեղարարի և բարձրախոսի Մ. կոչվում է մագնիտոֆոնային կցուրդ, որով ձայնագրություններ կարելի է ունկնդրել ականջակալներով կամ ձայնական համակարգի լրակազմի մեջ մտնող հաճախության առանձին ուժեղարարների միջոցով։

Կենցաղային Մ-ների դասակարգումը։ Ըստ մագնիսական ժապավենի տեղավորման եղանակի՝ տարբերում են տուփավոր և կոճավոր Մ-ներ։ Տուփավոր Մ-ում մագնիսական ժապավենը տեղավորված է փակ կոմպակտ տուփի մեջ։ Ժապավենի ծայրերն ամրացված են տուփի մեջ գտնվող երկու միջուկներին։ Աշխատանքի ընթացքում ժապավենը մի միջուկից մյուսին է փաթաթվում։ Երբ ձայնագրման կամ վերարտադրման ժամանակ ժապավենը վերջանում է՝ ժապավենաձգիչ մեխանիզմն ավտոմատորեն կանգ է առնում։ Տուփը հանում են, շրջում, կրկին տեղադրում Մ-ի մեջ, ապա ձայնագրում (կամ վերարտադրում) մյուս շավղի կամ ծավալահնչական զույգ շավիղների վրա։ Տուփավոր Մ-ներում մագնիսական ժապավենի շարժման հիմնական արագությունը 4,76 սմ/վ է, ստանդարտ տուփի հնչման տևողությունը՝ 60 ր (2x30 ր) կամ 90 ր (2x45 ր)։ Հազվադեպ հանդիպող 2,38 սմ/վ լրացուցիչ արագության դեպքում վերարտադրման տևողությունը կրկնապատկվում է։

Տուփավոր Մ-ները հարմար են ռեպորտաժների, բանավոր նամակների, դասախոսությունների և զեկուցումների ձայնագրման համար, հաճախ օգտագործվում են իբրև դիկտոֆոններ։

Կոճավոր Մ-ներում մագնիսական ժապավենը փաթաթված է կոճին։ Ժապավենի լայնությունը 6,25 մմ է, ձայնագրությունը՝ քառաշառավիղ (ծավալահնչական)։ Մագնիսական ժապավենի շարժման հիմնական արագությունը 19,5 սմ/վ է, լրացուցիչը՝ 9,53 սմ/վ։ Կոճավոր Մ-ներում անընդմեջ ձայնագրման կամ վերարտադրման տևողությունը հիմնական արագության դեպքում կախված է կոճի չափերից։ Լրացուցիչ արագության դեպքում հնչման տևողությունը կրկնապատկվում է։ Ըստ շահագործման պայմանների տարբերում են ստացիոնար և շարժական Մ-ներ։ Ստացիոնար Մ-ները լինում են տուփավոր և կոճավոր, իսկ շարժականները՝ միայն տուփավոր։

Լայն տարածում են գտել անհատական օգտագործման փոքրաչափ Մ-ները (տուփավոր նվագարկիչներ)։ Դրանք թեթև են և քիչ տեղ են զբաղեցնում, սակայն կարող են օգտագործվել միայն ձայնագրությունների վերարտադրման և ժապավենի փաթաթման համար։ Ձայնագրություններն ունկնդրում են թեթև փոքրաչափ ծավալահնչական ականջակալներով։ Նախատեսված է նաև երկու զույգ ականջակալներ միացնելու հնարավորություն։ Մ-ները զգայուն սարքեր են, ուստի դրանք պետք է զերծ պահել ցնցումներից, հարվածներից։

Մ-ի տեղադրելը և միացնելը։ Նախքան Մ. միացնելը, անհրաժեշտ է ուսումնասիրել կցվող բացատրագիրը և վահանակի ու իրանի վրա եղած մակագրությունները։ Ցուրտ եղանակին դրսից բերված Մ. հարկավոր է միացնելուց առաջ 3-4 ժամ պահել տաք սենյակում։ Մ. պետք է տեղադրել չոր տեղում՝ լուսամուտներից, արտաքին դռներից, ջեռուցիչ սարքերից, ինչպես նաև մագնիսական դաշտի աղբյուրներից (օրինակ, տրանսֆորմատորներից) հնարավորին չափ հեռու։ Մ. ցանցին միացնելուց առաջ պետք է համոզվել, որ ապահովիչը և ցանցի փոխարկիչի դիրքը համապատասխանում են ցանցի լարմանը։ Ժապավենի կարգաբերումը կատարվում է ժապավենաձգիչ մեխանիզմի դադարի պայմաններում։ Փաթաթելիս պետք է հետևել, որ ժապավենը չոլորվի և գլխիկներին հպվի աշխատանքային (նշաններ չունեցող) կողմով։

Մ-ից օգտվելը և նրա խնամքը։ Մ-ի ծառայության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել շահագործման բոլոր կանոններին։ Ձայնի բարձրության անհրաժեշտ մակարդակը հաստատվում է ըստ ցուցասարքի. չափից ավելի բարձր մակարդակի դեպքում ձայնագրությունը հնչում է աղավաղումներով։ Միկրոֆոնը պետք է հնարավորին չափ (լարի ամբողջ երկարությամբ) Մ-ից հեռացված լինի և ուղղվի հակառակ կողմով, այլապես ձայնագրման ժամանակ կառաջանա ուժեղ սուլոց կամ դռդռոց (ինքնագրգռում)։ Նույն պատճառով խորհուրդ չի տրվում միկրոֆոնն ու Մ. դնել նույն սեղանին։ Միկրոֆոնը պետք է ուղղված լինի դեպի ձայնի աղբյուրը և գտնվի նրանից առնվազն 0,2-0,3 մ հեռու (աղավաղումներից խուսափելու համար)։ Ռադիո- և հեռուստահաղորդումներ ձայնագրելու համար ռադիոընդունիչում և հեռուստացույցում նախատեսված է հատուկ բնիկ՝ միկրոֆոնը միացնելու համար։ Ձայնասկավառակից կամ մագնիսական ժապավենից ձայնագրելիս էլեկտրանվագարկիչի կամ երկրորդ Մ-ի միացման լարը հարկավոր է միացնել համապատասխան վարդակներին (բնիկներին)։

Կանոնավոր վերարտադրությունը հնարավոր է, եթե ժապավենի շարժման արագությունը նույնն է, ինչ ձայնագրման դեպքում։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել պատրաստի ձայնագրություններ գնելիս։ Ձայնագրությունը ջնջելիս վարվում են նույն կերպ, ինչ ձայնագրելիս՝ Մ-ի մուտքերը (միկրոֆոնի, ձայնահանի, ռադիոընդունիչի միացման վարդակները) թողնելով ազատ, իսկ ձայնագրման մակարդակը հասցնելով նվազագույնի։

Աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ ժապավենը կիպ հպվի գլխիկներին (դրանից կախված է ձայնի որակը և բարձրությունը)։ Վատ հպվելու պատճառներ կարող են լինել ժապավենի անբավարար ձգվածությունը (ժապավենաձգիչ մեխանիզմի կարգավորման խախտում), ժապավենի կամ սոսնձատեղերի անհարթությունները, գլխիկի խորդուբորդությունը։ Ձայնի խուլ հնչման պատճառը հաճախ գլխիկների մակերևույթների ախտոտումն է։

Մագնիսական ժապավենը հարկավոր է զգուշորեն սոսնձել՝ հետևելով, որ սոսնձի կաթիլները չթափվեն ժապավենափաթույթի և Մ-ի վահանակի վրա։

Բարձր հաճախությունների վերարտադրման վատացման հետ միաժամանակ աղմուկի աճը սովորաբար պայմանավորված է լինում գլխիկների մաշվածքով (անհրաժեշտ է դրանք փոխարինել)։ Աղմուկի անսպասելի ի հայտ գալու պատճառ կարող է լինել ժապավենի վատ որակը կամ գլխիկների պատահական մագնիսացումը (անթույլատրելի է դրանց մետաղե, առավել ևս մագնիսացված առարկաներով կպչելը)։ Գլխիկների և ժապավենի ապամագնիսացումը կատարվում է փոփոխական հոսանքի ցանցին միացված հատուկ էլեկտրամագնիսով, որը մոտեցվում է գլխիկներին ու ժապավենափաթույթին և դանդաղ հեռացվում։ Գլխիկներն ապամագնիսացնելիս Մ. պետք է անջատել և մագնիսաժապավենը հանել։ Ժապավենի լրիվ ապամագնիսացման համար անհրաժեշտ է էլեկտրամագնիսը մի քանի անգամ անցկացնել փաթույթի ամբողջ մակերևույթով։ Էլեկտրամագնիսը կարելի է միացնել կամ անջատել ապամագնիսացվող առարկայից առնվազն 1 մ հեռավորության վրա։ Գերտաքացումից խուսափելու համար էլեկտրամագնիսը միացված վիճակում կարելի է թողնել երեք րոպեից ոչ ավելի։ Խորհուրդ է տրվում մոտավորապես 2 ամիսը մեկ ապամագնիսացնել գլխիկները և Մ-ի ժապավենին հպվող պողպատե մասերը։

Ժապավենաձգիչ մեխանիզմի առավել տարածված անսարքություններն են ժապավենի տեղապտույտը և վատ փաթաթումը, որոնք սովորաբար առաջանում են տանող և ժապավենասեղմիչ հոլովակների կամ ձգափոկի վրա քսայուղի տարածման, ձգափոկի կամ սեղմիչ հոլովակի զսպանակի թուլացման պատճառով։ Քսայուղն անհրաժեշտ է հեռացնել սպիրտով թրջած փափուկ լաթով, իսկ թուլացած մասերը՝ ձգել ինչպես նշված է բացատրագրում։

Ժապավենաձգիչ մեխանիզմի արտաքին մասերը հարկավոր է պարբերաբար մաքրել փափուկ լաթով կամ թավշակաշվով, գլխիկների աշխատանքային մակերևույթները և արագությունների փոխարկման մեխանիզմի միջանկյալ հոլովակները՝ մաքուր սպիրտով թրջած շորով։ Անմատչելի մասերը սկզբում պետք է մաքրել վրձնով, ապա փչամաքրել ռետինե խողովակով կամ տանձիկով։ Ներքին մասերի կեղտը և մեքենայի բանեցված յուղը հարկավոր է հեռացնել բենզինով՝ հետևելով, որ այն չթափվի Մ-ի ռետինե մասերին։ Ժապավենաձգիչ մեխանիզմի գործարանային քսուքը պահպանվում է մոտավորապես 300 ժամ, որից հետո առնվազն տարին մեկ անգամ մեխանիզմն անհրաժեշտ է յուղել մեքենայի մաքուր յուղով։

Մ-ի ներքին հանգույցները քանդելը, գլխիկները փոխարինելը և կարգավորելը մասնագետի գործ է։

Մ-ի նորոգման գործիքները պետք է ապամագնիսացված լինեն։ Ապահովիչը փոխարինելուց, լարումը փոխելուց, Մ. պատյանից հանելուց առաջ անհրաժեշտ է անջատել սնման աղբյուրը։ Մ-ից երկար ժամանակ չօգտվելու դեպքում խորհուրդ է տրվում այն անջատել ցանցից։

Սնման լարման զգալի տատանումների հետևանքով առաջանում են ձայնագրության աղավաղումներ, կրճատվում է լամպերի ծառայության ժամկետը, գերտաքանում շարժիչը, Մ-ի ուժեղարարները շարքից դուրս են գալիս։ Պահանջվող լարումը հաստատուն պահելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կարգավորող տրանսֆորմատորներ, ավտոտրանսֆորմատորներ կամ համապատասխան հզորության ավտոմատ լարման կայունարարներ (տես Կայունարար լարման), որոնք աշխատանքն ավարտելուց հետո անհրաժեշտ է անջատել ցանցից։