Jump to content

ՏՏՀ/Մանկական անկյուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, բնակարանի ընդհանուր սենյակում կամ մեկ սենյականոց բնակարանում երեխաներին անհրաժեշտ է հատկացնել առանձին անկյուն, որտեղ նրանք կարող են խաղալ, պարապել, պահել խաղալիքներ և գրքեր։ Մ.ա. կահավորում են՝ ելնելով երեխաների տարիքից։

Դպրոցականի անկյունում դրվում են սեղան, աթոռ, ոչ մեծ չափի պահարան կամ դարակաշար։ Դրանք պետք է համապատասխանեն երեխայի հասակին, որպեսզի խաղալու և պարապելու ժամանակ պահպանվի կանոնավոր կեցվածքը, և երեխան կարողանա ձեռքը պարզելով ազատ վերցնել անհրաժեշտ իրը։ Եթե Մ.ա–ի մակերեսը փոքր է, ցանկալի է ձեռք բերել համակցված կահույք, ծալովի կամ բացվող սեղան, իսկ խաղալիքները և գրքերը պետք է պահել կախովի դարակներում կամ պահարաններում: Խաղերի և պարապմունքների սեղանը պետք է լինի ուղղանկյունաձև, քանի որ կլոր սեղանի մոտ պարապելիս երեխաները անընդհատ կրծքավանդակով հենվում են սեղանի կողքին, իսկ նկարելիս և պլաստիլինով աշխատելիս արմունկները կախ են ընկնում։

Մկրատ, ասեղներ և այլ սուր իրեր չի կարելի թողնել նախադպրոցականի անկյունում, դրանք պետք է տալ երեխային անհրաժեշտության դեպքում և հետևել, որ զգուշորեն օգտագործի։

Քանի որ փոքր երեխաները հաճախ խաղում են հատակին, խորհուրդ է տրվում հատակին փոքր գորգ կամ խսիր փռել։

Երեխաները պետք է սովորեն խնամքով վերաբերվել իրերին, կարգուկանոն պահպանել իրենց անկյունում, սենյակում։ Քանի դեռ երեխաները փոքր են (2-3 տարեկան), Մ.ա. կարգի են բերում մեծահասակները, ավելի ինքնուրույն դառնալուց հետո երեխաները պետք է իրենք հետևեն կարգուկանոնին։ Ժամանակ առ ժամանակ մեծահասակները երեխաների հետ պետք է հիմնովին կարգի բերեն Մ.ա., խնամքով լվանան որոշ խաղալիքներ (օրինակ, պլաստմասսայե), տիկնիկների հագուստը, մաքրեն փոշին։ Երեխաներին սովորեցնում են կատարել ոչ բարդ գործեր, սոսնձել սեղանի խաղերի տուփերը, նորոգել խաղալիքները, տիկնիկների հագուստը ևն։ Երեխաներն արագ են ձեռք բերում իրերը խնամելու հմտություն։ 5-6 տարեկաններին կարելի է հանձնարարել սենյակի բույսերի և կենդանիների խնամքը, որը դաստիարակում է սեր բնության նկատմամբ, զարգացնում պատասխանատվության զգացում, վարժեցնում աշխատանքի։

Դպրոցական ցածր տարիքի երեխաների անկյունը: Այդ տարիքում երեխան պետք է ունենա ոչ միայն պարապելու, այլև խաղալու և խաղալիքները պահելու տեղ։ Խորհուրդ է տրվում գնել ոչ մեծ չափերի գրասեղան՝ գրենական պիտույքների գզրոցներով։ Գրասեղանը (կամ աշխատասեղանը) պետք է դրվի պատուհանի մոտ, այնպես, որպեսզի լույսն ընկնի ուղիղ կամ ձախից (տես Լուսավորություն): Սեղանի երեսը պետք է պատած լինի հեշտ մաքրվող ամուր նյութով։ Սեղանին կարելի բաց գույնի թուղթ փռել։ Պետք է խստիվ հետևել, որ երեխան նստի առանց կորանալու և գլուխը խոնարհելու։ Սխալ դիրքը կարող է դառնալ կարճատեսության, ողնաշարի և կրծքավանդակի կորացման պատճառ (տես Կեցվածք): Պարապելու ժամանակ սեղանին ավելորդ իրեր չպետք է լինեն, որպեսզի երեխայի ուշադրությունը չշեղվի։

Գրասեղանին անհրաժեշտ է ունենալ գրչաման և գրքերի հենակալ։ Դպրոցականը հաճախ է գրքից արտագրում, և որպեսզի տեքստը լավ երևա, ցանկալի է օգտվել սեղանի մակերևույթի նկատմամբ 45°-ով թեքված հատուկ հենակալից։ Այն կարելի օգտագործել նաև կարդալիս։ Շատ կարևոր է, որ դպրոցականի սեղանին դրված լինեն ուսումնական նյութի լավ յուրացմանը նպաստող անհրաժեշտ պիտույքներ (գլխատառերի և փոքրատառերի գրության նմուշներ, բազմապատկման, չափերի աղյուսակներ, աշխարհագրական քարտեզներ ևն)։ Դրանք պետք է պարբերաբար փոխարինվեն նորերով։

Դպրոցականը պետք է ինքը կարգի բերի իր սեղանը, փոխի թուղթը, հետևի որ սեղանին ավելորդ իրեր չլինեն։ Տետրերը, գրքերը, դպրոցական պայուսակը և մյուս իրերը պետք է պահվեն իրենց տեղում։ Երեխային բնորոշ է սեփական ձեռքով որևէ իր պատրաստելու ցանկությունը, որն ամեն կերպ պետք է խրախուսել։ Դպրոցականի տրամադրության տակ պետք է լինեն թուղթ, ստվարաթուղթ, տախտակներ, մեխեր, լաթեր, թելեր, սոսինձ, որոնք պետք է պահվեն փակ արկղում կամ դարակում։ 8-10 տարեկան տղաների համար ցանկալի է ձեռք բերել ատաղձագործական գործիքների հավաքածու։