Jump to content

ՏՏՀ/Մանիկյուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանիկյուր
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 315
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՄԱՆԻԿՅՈՒՐ, ձեռքի եղունգների խնամքը։ Խորհուրդ է տրվում Մ. անել 7-10 օրը մեկ, հետևյալ հաջորդականությամբ. լաքի հատուկ լուծիչով հանել հին լաքի մնացորդները, եղունգները կտրել մկրատով կամ փոքր ունելիով։ Կարճ, հաստ մատների դեպքում եղունգներին ցանկալի է տալ երկարավուն ձվաձև, բարակ մատների դեպքում՝ կլորավուն տեսք։ Եղունգները պետք է խարտել մի ուղղությամբ, այդ դեպքում դրանք չեն շերտավորվի։ Խարտելուց հետո եղունգների բարակ մաշկին պետք է քսել սնուցիչ քսուք և բութ թիակով մաշկն անջատել եղունգներից։ Մատները մի քանի րոպե հարկավոր է ընկղմել գոլ օճառաջրի մեջ, որպեսզի եղունգների վրայի բարակ մաշկը փափկի։ Այնուհետև, մատները հանել ջրից, չորացնել, փափկած մաշկը կտրել կլոր ծայրերով բարակ մկրատով։ Եղունգների անկյունների մաշկը պետք է կտրել ունելիով (վնասվելու դեպքում դնել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով թրջած բամբակ, ապա յոդ քսել)։ Այնուհետև, մատների ծայրերը պետք է լավ չորացնել և եղունգներին լաք քսել փոքր տափակ վրձնով՝ հիմքից դեպի ծայրը։ Լայն եղունգներն ավելի նուրբ տեսք կունենան, եթե լաքը քսվի նեղ շերտով։

Եղունգները կարելի է չպատել լաքով, այլ պարզապես փայլեցնել. թավշակաշվի կամ ֆլանելի կտորի վրա պետք է լցնել կավճափոշի և եղունգները շփել մինչև փայլելը, ձեռքերը լվանալուց հետո տրորել թավշակաշվի կամ ֆլանելի մաքուր լաթով։ Խորհուրդ չի տրվում եղունգները հաճախ փայլեցնել, քանի որ դրանք բարակում են և դառնում դյուրաբեկ։