ՏՏՀ/Մանկական վարակիչ հիվանդություններ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սուր վարակիչ հիվանդություններ, որոնք փոխանցվում են օդի միջոցով և առավելապես հանդիպում են մանկական տարիքում։ Դրանցից են ջրծաղիկը, դիֆթերիան, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, ուղեղապատյանների բորբոքումը (մենինգիտ), քութեշը, խոզուկը։ Հարուցիչները հիվանդների կամ վարակակրի արտազատած բակտերիաներն են և վիրուսները (տես նաև Բակտերիակրություն)։ Հիվանդը վարակիչ է հիվանդության սկզբում կամ դրան նախորդող մի քանի օրերին։ Հարուցիչը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն թքի, լորձի, խորխի մանր կաթիլների միջոցով, որոնք հազալիս, փռշտալիս, խոսելիս, բղավելիս ընկնում են օդի մեջ 1-3 մ տարածության վրա։ Միկրոօրգանիզմներն օդի հետ ընկնում են հիվանդի շրջապատի անձանց քիթը, շնչառական ուղիները և վարակում նրանց։ Կաթիլներն աստիճանաբար նստում են ու չորանում, և արտաքին միջավայրում անկայուն մանրէներն արագ ոչնչանում են։ Սակայն դիֆթերիայի և քութեշի հարուցիչներն արտաքին միջավայրի ազդակների հանդեպ որոշակի կայունություն ունեն, ուստի վարակումը հնարավոր է նաև հիվանդի օգտագործած առարկաների (խաղալիքներ, ամանեղեն, սպիտակեղեն, սրբիչ, գրքեր), նրա հետ շփված անձանց միջոցով։ Հիվանդությունից հետո առաջանում է տվյալ հիվանդության հանդեպ կայուն վարակամերժություն (իմունիտետ), և կրկնակի հիվանդանում են հազվադեպ։ Հիմնականում հիվանդանում են երեխաները։ Հիվանդությունն առաջանում է վարակումից որոշ ժամանակ անց (տես Հիվանդության գաղտնի շրջան): Այն սովորաբար սկսվում է բազմաթիվ հիվանդությունների համար ընդհանուր ախտանշաններով. գլխացավ, մկանացավ, ախորժակի բացակայություն, դող, ընկճվածություն։ Երեխան դառնում է քմահաճ, կամակոր։ Նախանշանների այդ շրջանը տևում է 1-2 օր։ Շատ կարևոր է սկսված հիվանդությունը վաղ նկատելը և ժամանակին բժշկի դիմելը։ Մ. վ. հ-ի մեծամասնությանը բնորոշ է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը և մաշկի ու լորձաթաղանթների վրա ցանի առաջացումը, որոնց տեղադրությունն ու բնույթը կախված է տվյալ հիվանդությունից։ Վարակիչ հիվանդություններից շատերին բնորոշ են շնչառական ուղիների և աչքի շաղկապենու բորբոքային (կատառային) երևույթները, որոնք ուղեկցվում են հազով, հարբուխով, փռշտոցով, արցունքահոսությամբ և ձայնի խռպոտությամբ։ Քութեշի և դիֆթերիայի ժամանակ բորբոքվում է բկանցքը (կարմրություն և փառ), խոզուկի դեպքում ուռչում են հարականջային թքագեղձերը։ Ուղեղապատյանների բորբոքումը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարման ախտանշաններով, ծոծրակային մկանների լարվածություն (երեխան չի կարող գլուխը խոնարհել), ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ Մ. վ. հ. կարող են ուղեկցվել թոքերի, սրտի, երիկամների, ականջների ախտահարմամբ։ Բարդություններն առավել հաճախ առաջանում են հիվանդության ծանր ընթացքի ժամանակ, բժշկին ուշ դիմելիս կամ անկողնային ռեժիմ չպահպանելիս։ Հիվանդության վաղ ախտորոշումը և ժամանակին բուժումը կարող են կանխել բարդությունների առաջացումը։
Շատ կարևոր է հիվանդ երեխայի խնամքը։ Կրծքի երեխաների տակաշորերը և կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է ժամանակին փոխել, այնուհետև երեխային լվանալ տաք ջրով։ Հիվանդին պետք է հաճախ ջուր խմեցնել։ Շրթունքները չորանալիս հարկավոր է քսել բորավազելին, փոքր երեխայի բերանը պետք է թացացնել եռացրած գոլ ջրով կամ սառը թեյով։ Հարկավոր է հետևել քթի մաքրությանը։ Երեխան պետք է ունենա չոր թաշկինակ, ավելի փոքրերի քթանցքները պետք է մաքրել վարակազերծ վազելինով կամ արևածաղկի եռացրած ձեթով թրջած բամբակե պատրույգով։ Պետք է մշտապես օդափոխել բնակարանը (ցուրտ եղանակին տաք ծածկել երեխային, որ չմրսի)։ Որոշ հիվանդությունների (կապույտ հազ, ջրծաղիկ) ժամանակ մարմնի ջերմաստիճանն իջնելուց հետո օգտակար են մաքուր օդում զբոսանքները։ Հարկավոր է մյուս երեխաներին զերծ պահել հիվանդ երեխայի հետ շփվելուց։
Մեծ նշանակություն ունի ճիշտ սնվելը։ Սնունդը պետք է լինի դյուրամարս, լիարժեք, վիտամիններով հարուստ, պետք է օգտագործել թարմ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ։ Բերանի, բկանցքի և կոկորդի ախտահարման ժամանակ, որպեսզի բորբոքված լորձաթաղանթները չգրգռվեն, հիվանդին պետք է կերակրել առավելապես հեղուկ և կիսահեղուկ սննդով. Մ.վ.հ–ի մեծամասնության դեպքում, հաշվի առնելով հարուցիչների անկայունությունը, վարակազերծում չեն անցկացնում, այլ սահմանափակվում են խոնավ մաքրումով և բնակարանի օդափոխությամբ։ Հատկապես պետք է օդափոխել հիվանդի ներքնակը, բարձը, վերմակը։ Դիֆթերիայի ժամանակ անցկացվում է եզրափակիչ վարակազերծում։ Եթե երեխան չի հոսպիտալացվում, հարկավոր է կիրառել շրջապատի անձանց վարակումը կանխարգելող միջոցառումներ. հիվանդին տեղավորել առանձին սենյակում կամ մեկուսացնել վարագույրով (սավանով), առանձնացնել ամանեղենը, սրբիչը, խաղալիքները։ Ամանեղենն օգտագործելուց հետո անհրաժեշտ է լվանալ առանձին և եռացնել։ Հիվանդի հետ շփված երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություն։ Մ.վ.հ-ի կանխարգելման համար կարևոր դեր են կատարում կանխարգելիչ պատվաստումները: (Տես նաև Հակահամաճարակային միջոցառումներ, Կարանտին և վարակիչ հիվանդությունների վերաբերյալ առանձին հոդվածները)։