ՏՏՀ/Մանկական կահույք
ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ, սովորական կահույքից տարբերվում է ոչ միայն չափերով, այլև արտաքին տեսքով։ Մ.կ-ին բնորոշ է բազմապիտանիությունը (նույն իրը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով)։ Մ.կ. անհրաժեշտ է ընտրել երեխայի հասակին համապատասխան։ Որոշ մոդելների չափերը կարելի է փոխել երեխայի մեծանալուն զուգընթաց, ինչը հնարավորություն է տալիս երկարացնել կահույքի օգտագործման ժամկետը։
Ամենափոքրերի կահույքը մանկական ճաղափակոցները և մահճակալներն են։ Մանկական որոշ ճաղափակոցների հիմքը պլաստմասսայե խողովակավոր տարրերից բաղկացած կմախքն է, որի վրա ձգվում է սահմանների դեր կատարող ճկուն ցանցը։ Այդ ճաղափակոցները կարող են հեշտությամբ տեղափոխվել, հավաքվել և չեն ծանրաբեռնում սենյակը։ Նկարչության, ուշադրություն պահանջող խաղերի (օրինակ, մանկական կոնստրուկտոր հավաքելու) համար նախադպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ են փոքր սեղան և աթոռ։ Այդ նպատակների համար շատ հարմար է նկարում պատկերված սեղանը, որի կափարիչն օգտագործվում է որպես գրատախտակ։ Կափարիչի տակ կան բաժանմունքներ փոքր խաղալիքների, մատիտների, ներկերի, պլաստիլինի համար։ Սեղանի տակ տեղավորվում են երկու անվավոր արկղ մեծ խաղալիքների համար։
Կարելի է օգտագործել Մ. կ-ի հավաքածուներ, որոնք բաղկացած են տարբեր զուգակցությամբ հավաքվող իրերից (պահարաններ, խաղալիքների արկղեր, նստարաններ)։ Դա բազմազանություն է մտցնում մանկական սենյակի կահավորանքի մեջ և խաղի բնույթ հաղորդում այդ աշխատանքին։
Միջին և բարձր տարիքի երեխաների Մ. կ-ի հավաքածուն սովորաբար բաղկացած է մահճակալ-բազմոցից, գրքերի, զգեստների և սպիտակեղենի համակցված պահարանից, գրասեղանից կամ սեկրետերից։ Առավել հարմար են կազմովի հավաքածուները, որոնց բաժանմունքների խորությունն ու բարձրությունն ավելի փոքր պետք է լինեն, քան սովորական կահույքինը։ Մ. կ-ի հիգիենիկ հատկությունները բարելավելու նպատակով այն պատում են նիտրաարծնաներկով կամ անգույն լաքով։ Շատ կարևոր է նաև Մ. կ-ի հարդարանքի գույնը։