Jump to content

ՏՏՀ/Մանկական հագուստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ, պետք է առաջին հերթին լինի հիգիենիկ և հարմարավետ։ Մ. հ-ի համար նախընտրելի են վառ, պայծառ, մաքուր գույները։

Ժամանակակից Մ. հ-ի շատ տեսակներ ընդհանուր են թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար։ Տաբատները, բաճկոնները, վերնաշապիկները, բաճկոնակները, գլխարկները հաճախ տարբերիչ հատկանիշ չեն ունենում։ Որպես կանոն, այդպիսի «համապիտանի» հագուստն ամենօրյա է։

Բրդե գործվածքից շրջազգեստը (նկ. 1) առաջամասում փոթավորված է, ունի ձևավոր կցակտոր, կոճկվում է թիկնամասում։ Օձիքն ու թեզանիքներն այլ կտորից են։

Գործվածքի ծախսը. 80 սմ (հիմնական) և 15 սմ (լրացուցիչ)՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-60։

Բամբակե գործվածքից գոգնոցի (նկ. 2) եզրերը մշակված են ժապավենաքուղով։ Ունի երկու վրադիր գրպան։

Գործվածքի ծախսը. 55 սմ՝ 98 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-60։

Մետաքսե գործվածքից շրջազգեստը (նկ. 3) գոտկատեղում կտրված է, կոճկվում է թիկնամասում։ Կուրծքը զարդարված է սեղմակներով և ժանյակով։ «Թիթեռնիկ» թևքերի և փեշի եզրերին ժանյակ է դրված։

Գործվածքի ծախսը. 1 մ 60 սմ՝ 110 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 134-68։

Բամբակե գործվածքից շրջազգեստի (նկ. 4) թևքերը ներկարված են։ Առաջամասն ու թիկնամասը փոթավորված են կցակտորի տակից։ Ունի կանգուն օձիք։ Առաջամասի իրար վրա եկող կեսերն ամրացված են լայնակի թակալակարով, որից սկսվում է միակողմանի դարսը։ Կիսաշրջազգեստի վրա մեծ վրադիր գրպաններ կան։

Գործվածքի ծախսը. 3 մ 10 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 152-76։

Բրդե գործվածքից լայն կիսաշրջազգեստը (նկ. 5) ունի կցակարված գոտի, կարամիջի գրպաններ, ձախ կարի մեջ՝ շղթա։

Գործվածքի ծախսը. 1 մ 45 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 152-76։

Բամբակե գործվածքից դարսերով կիսաշրջազգեստը (նկ. 6) լայն վրաբերվածքով է և կոճակներով։ Կարելի է հագնել նաև գոտուն կոճկվող ուսակապերով։

Գործվածքի ծախսը. 1 մ 35 սմ՝ 76 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 152-76։

Բամբակե գործվածքից տղայի կոստյում (նկ. 7)։ Բաճկոնը կցակարված գոտիով է, կոճկվում է առջևից կոճակներով։ Ունի վրադիր ձևավոր գրպաններ (կարելի է դրվագել) և կցակարված թեզանիքներ։ Օձիքը, զոլակը, թեզանիքները և գրպաններն այլ կտորից են։

Գործվածքի ծախսը. 1 մ (հիմնական), 40 սմ (լրացուցիչ)՝ 102 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։

Աղջկա վերնաշապիկ և տաբատ (նկ. 8)։ Կարված է երկու գույնի բամբակե գործվածքից։ Վերնաշապիկն ուղիղ է, ամբողջաձևված։ Առաջամասը և թիկնամասը փոթավորված են կցակտորի տակից։ Ներքևի եզրը, կտրվածքները, թևքաբերանները, կցակտորի և վզի փորվածքի եզրերը մշակված են ժապավենաքուղով։ Կարճ տաբատը գոտկատեղի մասում հավաքված է ռետինաքուղով, ունի գրպաններ։

Գործվածքի ծախսը. 1 մ 05 սմ (հիմնական) և 60 սմ (լրացուցիչ)՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։

Բամբակե գործվածքից ուսակապերով շրջազգեստի (նկ. 9) գոտկագիծը փոքր-ինչ բարձր է, կիսաշրջազգեստը փոթավորված է։ Բոլորածալի եզրերը նախապես մշակված են ժապավենաքուղով։ Կուրծքն ասեղնագործված է կամ դրվագված։

Գործվածքի ծախսը. 1 մ 45 սմ (հիմնական) և 25 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։

Բամբակե գործվածքից ամառային շրջազգեստի (նկ. 10) վզի շրջագծով և կոճկելատեղի բացվածքի գծով ժապավենաքուղ է դրված։ Ներկարված կարճ թևքի ուսագլուխը փոթավորված է։ Թևքը թեզանիքով է։ Առաջամասը և փեշը զարդարված են բոլորածալով (եզրերը ժապավենաքուղով մշակված)։ Շրջազգեստը կտրված է կոնքի գծով, ներքևի մասը փոթավորված է։

Գործվածքի ծախսը. 1 մ 30 սմ (հիմնական) և 30 սմ (լրացուցիչ)՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։

Բամբակե գործվածքից ամառային շրջազգեստը (նկ. 11) գոտկատեղում կտրված է։ Վզի բացվածքը և թևքատեղի գիծը երիզված են ժապավենաքուղով։ Առաջամասի կողքի հատվածների միացման գծերով բոլորածալ է դրված։ Փեշի մասում լայն դարս է արված։ Կուրծքը զարդարված է դրվագանախշով։

Գործվածքի ծախսը. 1 մ 20 սմ (հիմնական) և 75 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։

Բամբակե գործվածքից տղայի կոմբինեզոնը (նկ. 12) ունի կողքի կարի մեջ մտնող մեծ վրադիր գրպան։ Ուսակապերը կոճկվում են առջևից։ Տաբատի ներքևի եզրերը ծալված են։ Գոտկատեղին կարված են օղակներ՝ գոտին անցկացնելու համար։

Գործվածքի ծախսը. 1 մ 20 սմ (հիմնական) և 20 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։

Բրդե թեթև գործվածքից աղջկա բլուզը (նկ. 13) կոճկվում է առջևից։ Թևքն ավարտվում է թեզանիքով: Թիկնամասի հանդիպական դարսի ծայրն ամրակարված է։ Օձիքը կանգնակին է ամրացվում կոճակներով։

Գործվածքի ծախսը. 1 մ 10 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 134-68։

Մետաքսե կամ բամբակե բարակ գործվածքից բլուզը (նկ. 14) ունի կանգուն օձիք։ Կոճկելատեղը մշակված է զոլակով։ Թևքն ավարտվում է թեզանիքով, ունի ռեգլան ձևվածք։ Կցակտորի շրջագծով բոլորածալ է դրված։

Գործվածքի ծախսը. 1 մ 70 սմ՝ 110 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-88։

Խառնագործվածքից աշնանային բաճկոնը (նկ. 15) նախատեսված է 10–12 տարեկան տղաների և աղջիկների համար։ Առաջամասում ունի մեծ գրպաններ՝ կոճկվող կափույրներով։ Թևքերը ռեգլան ձևվածքի են։ Բաճկոնը կարող է կոճկվել թե՛ աջից ձախ, թե՛ ձախից աջ։ Առաջամասի, թիկնամասի, ուսահատվածների շրջոնքի կողմից բամբակե կամ այլ կտոր է դրվում և մգդակվում։

Գործվածքի ծախսը. 1 մ 55 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-76։