ՏՏՀ/Մանկական սպիտակեղեն
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՊԻՏԱԿԵՂԵՆ, պետք է լինի թեթև, հարմար, հիգիենիկ (օդանցիկ, խոնավածուծ)։ Այն չպետք է խանգարի շնչառությանը, արյան շրջանառությանը, կաշկանդի երեխայի շարժումները։ Նորածնի սպիտակեղենը (շապիկներ, թեթև կոֆտաներ, կապագլխարկներ և ծրարներ) պետք է ունենա հնարավորին չափ քիչ կարեր։ Արձակ շապիկների վզի բացվածքը երիզում են շեղ կամ ուղիղ կտորաշերտով, ծալում շիտակ երեսի վրա կամ էլ շրջահյուսում հելունով։ Խորհուրդ չի տրվում կրծքի երեխաներին հագուստը գլխից հագցնել, այդ պատճառով էլ շապիկները կարում են առաջամասում կամ թիկնամասում կտրված, առանց կոճկվածքի կամ ժապավենակապով։
Մ. ս. կարում են տարբեր գործվածքներից (բատիստ, մադապոլամ, ֆլանել, բյազ ևն)։
Նորածնի ծրար (նկ. 1). երկարությունը՝ 130 սմ, լայնությունը՝ 75 սմ։
Կապագլխարկ (նկ. 2). երկարությունը (ճակատի մեջտեղից մինչև պարանոցի ողը)՝ 20 սմ, գլխի շրջագիծը ճակատամասում՝ 18 սմ։
Արձակ շապիկ (նկ. 3). երկարությունը՝ 26 սմ, լայնությունը՝ 28 սմ։
Չոչաշոր (նկ. 4). գոտկատեղի կիսաշրջագիծը՝ 32 սմ։
Տղայի կիսավարտիք (նկ. 5). երկարությունը՝ 26 սմ, կոնքի կիսաշրջագիծը՝ 32 սմ։ Աղջկա կիսավարտիք (նկ. 6). կոնքի կիսաշրջագիծը՝ 36 սմ։
Աղջկա գիշերանոց (նկ. 7). երկարությունը՝ 100 սմ, վզի կիսաշրջագիծը՝ 14 սմ, կրծքի կիսաշրջագիծը՝ 32 սմ։