ՏՏՀ/Մանուշակ ուզամբարական
ՄԱՆՈՒՇԱԿ ուզամբարական, գեսներազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Հայրենիքն արևադարձային Աֆրիկան է։ Կլորավուն թավշանման տերևները հավաքված են արմատամերձ վարդակում։ Ծաղիկները (կապույտ, երկնագույն, մանուշակագույն) նման են մանուշակի ծաղիկներին (այստեղից՝ անվանումը)։ Կան պարզ և բազմաթերթ սպիտակ, վարդագույն, կարմիր և մոռագույն ծաղիկներով ձևեր։ Սենյակում բույսը խորհուրդ է տրվում դնել արևելյան կամ արևմտյան ուղղության պատուհանագոգերին և պաշտպանել ուժեղ արևից։ Պետք է ջրել գոլ ջրով, ցողել չի կարելի։ Մ. ծաղկում է համարյա անընղմեջ, բացառությամբ ձմռան ամիսների։ Բույսի ծաղկումը կարելի է երկարաձգել ցերեկային լույսի լամպով լուսավորելով։ Վերատնկել կարելի է երկու տարին մեկ՝ 4 մաս տերևային, 1 մաս տորֆի, 1 մաս ավազի հողախառնուրդում։ Մ. բազմացվում է տերևային կտրոններով, թփերի բաժանումով, հազվադեպ՝ սերմերով (հունվարին)։ Կտրոններով կարելի է աճեցնել ցանկացած ժամանակ՝ տորֆի և ավազի խառնուրդում կամ ջրում։ Երիտասարդ բույսը կարելի է տնկել 5-7 սմ տրամագծով թաղարում, ծաղկում է 6-10 ամիս հետո։ Ցամաքուրդի շերտը՝ խեցեփշուր կամ ավազ, պետք է զբաղեցնի թաղարի բարձրության մեկ քառորդ մասը։ Հասուն բույսերը խմբերով լավ են աճում տափակ լայն ամաններում, իսկ առանձին թուփը խորհուրդ է տրվում աճեցնել նեղ ամանում և հաճախակի սնուցել օրգանական կամ անօրգանական պարարտանյութերով։