ՏՏՀ/Մարգարտածաղիկ
ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ, զատկածաղիկ, աստղածաղկազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 80 տեսակ, մշակության մեջ հայտնի է մեկ տեսակը՝ բազմամյա Մ., որն օգտագործվում է որպես երկամյա։ Կիրառվում է սիզամարգերում, գորգային ձևավորումներում, եզրաշերտերում, պատուհանների, պատշգամբների, սենյակների զարդարման և կտրած ծաղիկներ ստանալու համար։ Բազմամյա Մ. մինչև 30 սմ բարձրության բույս է։ Տերևները խմբված են տերևավարդակում, որտեղից աճում է մի քանի ծաղկակիր՝ զամբյուղ-ծաղկաբույլերով։ Առատորեն ծաղկում է վաղ գարնանը, որը տևում է ավելի քան մեկ ամիս։ Շոգ ամռանը ծաղկաբույլերը մանրանում են, ծաղիկները՝ պակասում, իսկ սառը, խոնավ աշնանային եղանակին ծաղկաբույլերը խոշորանում են, վերականգնվում է առատ ծաղկումը։ Սերմերը հասունանում են ամռան կեսերին–վերջերին։ Պարտեզային Մ-ի սորտերը տարբերվում են չափերով, լիաթերթությամբ, ծաղկաբույլերի ձևով, ծաղկման ժամկետներով։
Տեղի ընտրությունը և հողը. Մ-ի համար պետք է ընտրել հարթ, առանց փոսերի վայր, որպեսզի ջրի կանգ չառաջանա։ Շատ խոնավ հողերում բույսերը նեխում են և սառչում։ Աճում են արևոտ վայրերում և կիսաստվերում, կավավազային, բերրի հողերում։
Սերմերի ցանքը և տնկումը. առաջին տարում ծաղկելու համար սերմերը պետք է ցանել մարտին, պաշտպանված հողում, այնուհետև սածիլել ջերմոցներում։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Վաղ գարնանից սկսած առատ ծաղկող բույսեր ունենալու նպատակով սերմերը պետք է ցանել նախորդ տարվա հուլիս-օգոստոսին, այն հաշվով, որ դրանք աշնանը չծաղկեն։ Ցանել շարքերով արված մարգերում։ Ծիլերը հայտնվում են 5-7-րդ օրը։ Դրանք պետք է վերասածիլել (10x10 սմ)։ Օգոստոսին աճած սածիլները կարելի է տնկել ձմեռելու համար նախատեսված տեղում կամ անմիջապես ծաղկանոցում, սնուցման մակերեսը՝ 20x20 սմ։ Աշնանը զարգանում է հավաք, կարճ կոթուններով տերևավարդակ, հաջորդ տարում՝ 15-20 սմ բարձրության ծաղկակիրներ։ Մ. լավ է դիմանում ծաղկած վիճակում տեղափոխությանը։
Խնամքի համար անհրաժեշտ է քաղհանել, բույսերի շուրջը հողը փխրեցնել, կանոնավոր ջրել (խոնավության անբավարարության դեպքում ծաղկաբույլերը մանրանում են և կորցնում լիաթերթությունը)։ Լավ աճին և ծաղկմանը նպաստում են հանքային պարարտանյութերը (1 մ²–ին՝ 15 գ բորակ, 25-30 գ սուպերֆոսֆատ, 10-15 գ կալիումի սուլֆատ)։ Անհրաժեշտ է մշտապես հեռացնել ծաղկաթափ ծաղկաբույլերը, որն ապահովում է առավել տևական և առատ ծաղկումը։ Մ. ցրտադիմացկուն է (առանձնապես ոչ լիաթերթ և կիսալիաթերթ ձևերը), բայց քանի որ ձմռանը տերևներն ու կոկոնները պահպանվում են, խորհուրդ է տրվում բույսերը ծածկել տերևներով և ձյունով։
Բազմացումը կարելի է կատարել ոչ միայն սերմերով, այլև թփերի բաժանմամբ և կտրոնավորմամբ։ Լավ է բաժանել երկամյա թփերը, մոտավորապես հուլիսին։ Մեծ թուփը ինքն է հեշտությամբ բաժանվում մի քանի մասերի։ Երիտասարդացած մասերն արագ արմատակալում են և շարունակում ծաղկել։ Բաժանված թփիկներն ավելի պակաս ցրտադիմացկուն են, և ձմռանը պետք է բույսերը պարտադիր ծածկել։ Կտրոնավորումը կատարել մայիս-հունիսին։ Երկամյա բույսերի մանր, կողմնային ընձյուղները մի քանի տերևներով պետք է առանձնացնել և տնկել ստվերոտ մարգերում։ Կտրոններն արմատակալում են երկու շաբաթվա ընթացքում։ Աշնանն արդեն դրանք պիտանի են ծաղկանոցներում տնկելու համար, իսկ հաջորդ տարվա գարնանն առատ ծաղկում են։
Հիվանդություններն ու վնասատուները. Մ. հիվանդությունների քիչ է ենթակա։ Երբեմն ախտահարվում է բոտրիտիոզով, սեպտորիոզով, սկլերոտինոզով (կարծրացումով) և այլն։ Վնասատուներից վտանգավոր են բվիկները։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։