Jump to content

ՏՏՀ/Մեխակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԵԽԱԿ, մեխակազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 270 բազմամյա, երկամյա և միամյա խոտաբույսեր։ ՀՀ Շիրակի, Ապարանի, Զանգեզուրի, Լոռիի, Իջևանի քարքարոտ լեռնալանջերում, նոսր անտառներում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում աճում է Մ-ի 18 տեսակ (գեղագլուխ, խավավոր, ալեհեր, ծոպապսակաթերթավոր, անհրապույր և այլն)։

ՀՀ-ում մշակվում է Մ-ի «Սիմ» խմբի 30 սորտ, որոնք աչքի են ընկնում արագ աճով և առատ ծաղկմամբ։ Դրանցից են Վիլյամ Սիմ, Սկանիա, Դոն Դիաբլո և այլն (ունեն կարմիր ծաղիկներ), Լինդա, Լեդի, Կիֆարս Սիմ և այլն (վարդագույն), Ուայթ Սիմ, Ուայթ Սկանիա (սպիտակ), Տանգերինե՝ նարնջագույն, ՍԷր Արթուր Սիմ՝ կարմրաբծավոր, Աննե Մարի՝ կարմրասպիտակավուն. Օր կիդ-Սիմ՝ մանուշակագույն և այլն։ Ջերմոցներում մշակվում են նաև տաջիկական, շաբո, թուրքական, չինական և այլ Մ-ները։ Մշակության մեջ լայն կիրառություն ունի նաև չինական Մ-ի Հեդևիգա այլատեսակը ամենատարբեր գունավորմամբ, պսակաթերթիկների բազմազան նախշերով։ Մշակվում է որպես միամյա, չնայած կարող է ձմեռել և հաջորդ տարի ծաղկել։

Մշակության մեջ լայնորեն օգտագործվում են.

Գրենադին Մ. բազմամյա բույս է, մշակվում է որպես երկամյա, պարտեզային Մ-ի տարատեսակ է։ Բարձրությունը՝ 40-60 սմ, տերևները՝ նեղ, թխակապույտ փառով։ Ծաղիկները ոչ լիաթերթ են, կիսալիաթերթ ու լիաթերթ, հոտավետ, սպիտակ, վարդագույն, դեղին, կարմիր։ Օգտագործում են ծաղկային ձևավորումների և կտրած ծաղիկներ ունենալու համար։

Մ. գերադասում է բաց, արևոտ վայրեր, թեթև, կավավազային, նախորդ տարին օրգանական պարարտանյութերով պարարտացված հողեր։ Խոնավ վայրերում ախտահարվում է հիվանդություններով։ Մշակության մեջ պահանջկոտ չէ, ցրտադիմացկուն է և չորադիմացկուն։ Զգայուն է պարարտանյութերի նկատմամբ, սեզոնի ընթացքում 1-2 անգամ կարելի է սնուցել հանքային պարարտանյութերով։

Բազմացնում են սերմերով, որոնք խորհուրդ է տրվում ցանել մայիսի կեսերին կամ վերջերին, մարգերում կամ սառը ջերմոցում։ Ծիլերը դուրս են գալիս 7-10 օր հետո։ Ցանելու տարում ձևավորվում է տերևավարդակը։ Ձմռանը երիտասարդ բույսերը պետք է ծածկել չոր ճյուղերի ու տերևների փուխր շերտով, մկներից պաշտպանելու համար տեղադրել թակարդներ, բույսերի մոտ ձյունը տրորել։ Սածիլները ծաղկանոցում տնկել հաջորդ տարվա մայիս-հունիսին։ Սերմերի լավ վարսանդառաջացման համար խորհուրդ է տրվում կատարել արհեստական փոշոտում։ Սերմերը հասունանում են հուլիսի վերջերին-օգոստոսին։ Դրանք պետք է հավաքել տուփիկների հասունացմանը զուգընթաց։

Չինական Մ. բազմամյա է, բայց օգտագործվում է որպես միամյա։ Մշակության մեջ առավել տարածված է պարտեզային տարատեսակը՝ Հեդևիգա Մ.։ Բարձրությունը՝ 30 սմ, ծաղիկները՝ պարզ կամ լիաթերթ, միագույն կամ խայտաբղետ, բազմազան գունավորմամբ։ Օգտագործում են ծաղկանոցների, պատշգամբների ձևավորումների, կտրած ծաղիկներ ունենալու համար։

Ջերմա-, լուսասեր բույս է, լավ է աճում արևոտ, սառը քամիներից պաշտպանված տեղերում։ Գերադասելի են թեթև և կավավազային, բերրի, ցամաքուրդված, կրացված հողերը։ Խորհուրդ է տրվում աճեցնել սածիլման եղանակով։ Սերմերը ցանում են մարտի սկզբներին, շարքերով։ Ծիլերը հայտնվում են 5-8-րդ օրը։ Մայիսի կեսերին սածիլները կարելի է տնկել հիմնական տեղում՝ 20-30 սմ հեռավորությամբ։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Սերմերը կարելի է ցանել նաև բաց գրունտում (մայիսի սկզբներին), բայց այդ դեպքում ծաղկումը հապաղում է և առատ չի լինում։ Բույսերի խնամքը սովորական է։ Սերմերը հասունանում են ծաղկաթափից 30 օր հետո, և երբ տուփիկները դառնում են դարչնագույն, դրանք պետք է կտրել։

Փետրաձև Մ. բազմամյա է, հավաք, ճմապատ թուփ է, բարձրությունը՝ 15-25 սմ։ Տերևները նեղ գծային են, բազմաթիվ, ցողունները պառկած կամ ուղղաձիգ, ծաղիկները՝ կիսալիաթերթ և լիաթերթ, սպիտակ, բաց վարդագույն, ծիրանագույն, կարմիր (3-4 սմ տրամագծով)։ Բույսն օգտագործում են ծաղկանոցներում՝ եզրաշերտերի համար, ալպիական բլրակներում և այլուր։

Լավ է աճում արևոտ տեղերում, կավավազային, լավ պարարտացված, կրացված հողերում։ Ավելորդ խոնավությունից նեխում է։ Միևնույն տեղում կարող է աճել 4-5 տարի։ Հատուկ խնամք չի պահանջում։ Կարելի է բազմացնել թփի բաժանմամբ, կտրոնավորմամբ, սերմերով։ Հասուն թփերը պետք է բաժանել վաղ գարնանը (մինչև ընձյուղների աճելը) կամ սեպտեմբերին։ Կանաչ կտրոններով բազմացնելիս ստորին կտրվածքը պետք է անել հանգույցի տակ, որը նպաստում է կտրոնների լավ արմատակալմանը։ Սերմերով բազմացնելիս ցանքը կատարել ապրիլ-մայիսին, մեկ անգամ սածիլել և օգոստոսին վերատնկել հիմնական տեղում։ Ձմռանը երիտասարդ բույսերը ծածկել տերևներով կամ տորֆով։

Թուրքական, մորուքավոր Մ. բազմամյա է, բայց օգտագործվում է որպես երկամյա։ Բարձրությունը՝ 15-50 սմ։ Ունի բազմաթիվ ընձյուղներ, որոնք վերջանում են բազմաթիվ ծաղիկներ ունեցող վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկում է հունիսի 2-րդ կեսին (3-4 շաբաթ)։ Ծաղիկները կարմիր են, վարդագույն, սպիտակ, խայտաբղետ։ Օգտագործում են ծաղկային տարբեր ձևավորումներում և կտրած ծաղիկներ ունենալու համար։ Ծաղկած վիճակում բույսը կարելի է վերատնկել թաղարներում և պահել սենյակում։

Ցրտադիմացկուն է և ստվերադիմացկուն։ Առանձնապես լավ է աճում բերրի, կավավազային և ավազակավային հողերում։ Օրգանական պարարտանյութերով պարարտացված հողերում ծաղկում է առատ և երկարատև։

Պահանջկոտ չէ։ Բազմացնում են տարբեր եղանակներով, հիմնականում սերմերով, որոնք պետք է ցանել մայիս-հունիսին՝ շարամարգերում։ Այդ եղանակով ստացվում են լավ զարգացած թփիկներ (ցանելու տարին առաջանում է տերևավարդակ, 2-րդ տարում առատ ծաղկում է)։ Ծիլերն առաջանում են 10-12-րդ օրը։ Մի քանի օր հետո դրանք պետք է սածիլել կամ ուղղակի նոսրացնել։ Հիմնական տեղում տնկում են օգոստոսին։ Միջբուսային հեռավորությունը՝ 20-25 սմ։ Ձմռանը խորհուրդ է տրվում ծածկել չոր ճյուղերով։

Բազմացնում են նաև վեգետատիվ եղանակով կանաչ կտրոններով կամ թփի բաժանմամբ։ Կտրոնները (արմատակալում են 3 շաբաթից հետո) պետք է վերցնել հունիսին՝ երկամյա բույսերից։ Աշնանը կարելի է վերատնկել հիմնական տեղում։ Թփի բաժանմամբ գերադասելի է բազմացնել բույսերի կյանքի 2-րդ տարվա աշնանը կամ 3-րդ տարվա գարնանը։

Շաբո Մ. պարտեզային Մ-ի տարատեսակ է. մշակվում է որպես միամյա։ Բարձրությունը՝ 30-50 սմ, առաջացնում է շատ ընձյուղներ, որոնց գագաթներում կան խոշոր, տարբեր գունավորման ծաղիկներ։ Վերջիններս լինում են ոչ լիաթերթ, կիսալիաթերթ, լիաթերթ ծաղկապատի ծալքավոր, ամբողջական կամ եզրերում կտրտված տերևներով։ Հիմնականում օգտագործում են կտրած ծաղիկներ ունենալու համար։

Աճեցվում է միայն սածիլման եղանակով, քանի որ բույսը զարգանում է դանդաղ և ծաղկում է ցանելուց 5-6 ամիս հետո միայն։ Սերմերը պետք է ցանել հունվար-փետրվարին, ճմահողի, բուսանողի, տորֆի և ավազի (2։2։2։1) թարմ պատրաստված, չեզոք ռեակցիայով խառնուրդում ու տեղադրել 16-18 °C ջերմաստիճան ունեցող շինությունում։ Ծիլերը հայտնվում են 4-5-րդ օրը, որից հետո սածիլները կարելի է տեղափոխել լույսին մոտ և պահել 15-12 °C–ի պայմաններում։ Հողում տնկելուց առաջ պետք է երկու անգամ սածիլել, առաջին զույգ իսկական տերևների փուլում (հեռավորությունը 4x4 սմ) և մարտի 2-րդ կեսին, ջերմոցում (10-12 °C), հողային կամ տորֆաբուսահողային թաղարներում։ Ոչ սառնամանիքային օրերին խորհուրդ է տրվում փեղկերը բաց անել։ Հինգ զույգ տերևների փուլում բույսերը ծերատել, որը ուժեղացնում է թփակալումը։ Բաց գրունտում սածիլները տնկել ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին, սնուցման մակերեսը՝ 25x25 սմ։

Շաբո Մ. գերադասում է լուսավոր, դեպի հարավ թեքված վայրեր։ Լավ է աճում բերրի, կավավազային, լավ ցամաքուրդված, չեզոք ռեակցիայով հողերում։ Աշնանը հողը նախապատրաստելիս 1 մ²–ին տալ 1 դույլ բուսահող (կոմպոստ) և 30-50 գ սուպերֆոսֆատ, գարնանը՝ կալիումի սուլֆատ (100 գ)։ Վեգետացիայի շրջանում մի քանի անգամ սնուցել։ 1-ին սնուցումը՝ 0,1 %-անոց բորակի լուծույթ (1 մ²–ին՝ 5-6 լ), 2-րդը՝ սածիլները հողում տնկելուց հետո, երբ բույսերը սկսեն աճել (40-50 գ բորակ)։ 3-րդը՝ թփակալման շրջանում, կոկոնակալման սկզբում (25-30 գ բորակ, 30-40 գ կալիումի սուլֆատ) և 4-րդը՝ ծաղկման փուլում (30-40 գ կալիումի սուլֆատ)։ Անհրաժեշտության դեպքում պարարտացնել նաև ֆոսֆորական պարարտանյութերով։ Չոր եղանակին ամիսը 2-3 անգամ ջրել (հողը թրջել առնվազն 20 սմ խորությամբ)։

Սերմերը հասունանում են ծաղկման սկզբից 30-40 օր հետո։ Տուփիկները հավաքել, երբ կգորշանան և թեթևակի կբացվեն։

Հիվանդությունները. Մ. ախտահարվում է սնկային և վիրուսային հիվանդություններով։

Ֆուզարիոզով հիվանդանում է աճման բոլոր փուլերում։ Բույսերը հանկարծակի թառամում են, տերևները դառնում են դեղնահարդագույն։

Ռիզոկտոնիոզն ախտահարում է կտրոններն ու երիտասարդ բույսերը։ Բնորոշ հատկանիշ է նաև ցողունի կոտրվելուց (հողի մակերևույթից վեր առաջին հանգույցի մոտ) հետո երիտասարդ բույսերի պառկելը։

Առավել տարածված է ժանգը, որի դեպքում վեգետատիվ օրգանների վրա հայտնվում են ժանգադարչնագույն, անհարթ բծեր։ Բույսերը լավ չեն աճում, տերևները մահանում են։

Պայքարի միջոցները. սերմերի նախացանքային ախտահանում ՏՄԴՏ-ով (փոշեպատում), հիվանդ բույսերը սրսկել պղնձի քլորօքսիդի լուծույթով (0,5 %-անոց) կամ պղնձաօճառային պատրաստուկներով (երեք անգամ, 10 օրը մեկ)։

Բծավորությունը հարուցում են տարբեր վիրուսները, որոնց փոխանցողները լվիճներն են։ Հիվանդ բույսերի տերևների և ցողունների վրա առաջանում են մեռուկացված բծեր կամ օղակներ, բույսերը ընկճվում են։

Պայքարի միջոցները. ախտահարված բույսերի ոչնչացում, պայքար լվիճների դեմ։

Վնասատուները. լվիճները ախտահարում են երիտասարդ տերևներն ու ընձյուղները և ձևախախտում դրանք։ Ոստայնատիզն ապրում է տերևների ստորին կողմի և ծաղիկների վրա։ Բույսերի աճը դանդաղում է, ծաղկումը՝ վատանում։ Տրիպսները վնասում են ծաղկաթերթիկները՝ առաջացնելով դժգույն բծեր։

Պայքարի միջոցները. վնասատուներով վարակված բույսերը սրսկել համակարգային թույներով՝ ռոգորի, ֆոսֆամիդի 0,1-0,2 %-անոց լուծույթով կամ եռագույն մանուշակի լվիճների դեմ պայքարի համար հանձնարարված պատրաստուկներով։