Jump to content

ՏՏՀ/Մոտոցիկլետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՏՈՑԻԿԼԵՏ, կան ճամփորդական, մարզական և հատուկ Մ-ներ։

Մ-ի հիմնական պարամետրերից է շարժիչի աշխատանքային ծավալը, որով պայմանավորված են մեքենայի հզորությունը, արագությունը, վառելիքի ծախսը, զանգվածը ևն։ Մ-ները բաժանում են երեք դասի՝ թեթև, միջին և ծանր։

Թեթև Մ-ներն առավել պարզ են շահագործման տեսակետից։ Իբրև հոսանքի աղբյուր է ծառայում փոփոխական հոսանքի գեներատորը, որն աշխատում է առանց լրացուցիչ կուտակիչ մարտկոցի։ Վառոցքի էլեկտրոնային համակարգն ապահովում է հուսալի կայծագոյացում ծնկավոր լիսեռի պտտման հաճախության մեծ ընդգրկույթում (250-7500 պտ/ր)։ Միագլան շարժիչի բավարար հզորության, ամուր հենոցի և փոքր զանգվածի շնորհիվ Մ. կարելի է շահագործել տարբեր պայմաններում, մասնավորապես գյուղական վայրերում։

Միջին դասի Մ-ներն ունեն ավելի հզոր շարժիչ և կարող են զարգացնել զգալի արագություն, սակայն դրանք ավելի դժվար է վարել, քան թեթև Մ-ները։ Միջին դասի Մ-ները սարքավորված են հաստատուն հոսանքի գեներատորով, կուտակիչ մարտկոցով և կարգավորիչ ռելեով, որոնք ապահովում են լուսազդանշանային և լուսավորման սարքերի բավարար սնուցում։ Միջին դասի Մ-ները կարելի է շահագործել կողակցանքով:

Ծանր Մ-ներն ունեն քառատակտ երկգլան շարժիչ, 12 Վ-անոց էլեկտրասարքավորման համակարգ՝ փոփոխական հոսանքի գեներատորով և նախատեսված են կողակցանքով շահագործելու համար (բոլոր տեսակի ճանապարհներին)։

Որպեսզի Մ. անխափան աշխատի և երկար ծառայի, անհրաժեշտ է խստորեն կատարել շահագործման պահանջները (շարժիչի կոնսերվացում ձմռան ամիսներին, շղթայի ձգվածության պարբերական ստուգում ևն)։ Մ-ով երթևեկող վարորդը և ուղևորները պարտադիր պետք է հագնեն պաշտպանական սաղավարտ, կոշտ կոշիկներ ևն։

Մ-ի տարատեսակներից են մոպեդը (շարժիչավոր հեծանիվ) և մոտոռոլլերը։ Մոպեդներն ունեն մինչև 50 սմ³ աշխատանքային ծավալով շարժիչ և զարգացնում են 40 կմ/ժ առավելագույն արագություն։ Մոպեդ վարելու համար վարորդական իրավունք չի պահանջվում։ Ժամանակակից մոպեդներն ոտնակներ չունեն, շարժիչը գործարկվում է հարվածովի մեկնասարքով։ Այդպիսի մոպեդները կոչվում են մոկիկներ և, ըստ էության, շատ թեթև Մ-ներ են։