Jump to content

ՏՏՀ/Մրջյուններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՐՋՅՈՒՆՆԵՐ, բնակարաններում ապրում են տնային Մ., որոնք ՀՀ-ում բնական պայմաններում չեն հանդիպում։ Մ., որպես կանոն, բնակվում են միջհարկային ծածկերում և այլ դժվարամատչելի տաք տեղերում, որտեղից սնունդ հայթայթելու համար թափանցում են բնակարանները և աղտոտում մթերքը։

Մ-ի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել բորաքս (բուրա) պարունակող խայծեր։ Չոր խայծ կարելի է պատրաստել բորաքսի և շաքարավազի հավասարաչափ խառնուրդով և լցնել այն մասերում, որտեղ Մ. կան։ Հեղուկ խայծ պատրաստելու համար անհրաժեշտ է 1-2 բաժակ տաք ջրին ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ բորաքս և 2 ճաշի գդալ մեղր։ Այնուհետև ստացված խառնուրդով թրջել սպիտակ հացի կտորները կամ լցնել պնակի մեջ ու դնել մրջնաշատ տեղերում։

Խայծն ավելի երկարատև ազդեցություն է ունենում, եթե պատրաստվում է հետևյալ բաղադրությամբ. 1 ճաշի գդալ տաք ջուր, 2 թեյի գդալ գլիցերին, 1 1/2 ճաշի գդալ շաքարավազ, 1/3 թեյի գդալ բորաքս և 1 գդալ մեղր։ Ստացված խառնուրդը պետք է խառնելով տաքացնել թույլ կրակի վրա մինչև լրիվ լուծվի։ Այն կարելի է պահել մի քանի ամիս։

Կարելի է պատրաստել նաև մսային խայծ, դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ աղացած մսին ավելացնել 1/2 գդալ մանրացրած բորաքս և լավ խառնել։ Վերջինս բավարար է, որպեսզի աշխատող Մ. սատկեն խայծը բույն հասցնելուց և «ընտանիքը» կերակրելուց հետո միայն։ Անհրաժեշտ է, որ խայծի ամանը օքսիդացող չլինի և կողմնակի հոտ չունենա, քանի որ Մ. դրանց նկատմամբ շատ զգայուն են։ Խայծով ամանը պետք է դնել հիմնականում խոհանոցում, լողասենյակում և զուգարանում։

Երբեմն, բնակարան են թափանցում սև կամ շիկակարմիր Մ., որոնց դեմ նույնպես կարելի է պայքարել վերը նշված խայծերով։ Տես նաև Բորաքս և Միջատասպաններ: