ՏՏՀ/Յուղաներկեր
ՅՈՒՂԱՆԵՐԿԵՐ, օգտագործվում են ներսի և դրսի աշխատանքների համար, լայնորեն կիրառվում են հատկապես հարդարման և նորոգման աշխատանքներում՝ սվաղած պատերի, փայտե, մետաղե և այլ մակերևույթներ ներկելու համար։ Յու. քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով։ Լավ որակի ներկածածկույթ ստանալու համար խորհուրդ է տրվում մակերևույթը ներկել երկու անգամ (երկրորդ անգամ առաջին շերտի լրիվ չորանալաց հետո)։ Թանձր Յու. կարելի է նոսրացնել օլիֆով կամ ձիթալաքով։ Ներկը լուծիչով նոսրացնելը ցանկալի չէ, քանի որ այդ դեպքում ներկաթաղանթը լավ չի փայլում։ Ներկի ծախսը 1 մ²–ի համար 80-160 գ է՝ կախված Յու-ի գույնից։ Մթնոլորտային ներգործությունից պաշտպանելու և դիմացկունությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում ներկած մակերևույթը պատել ձիթալաքով։ Տարբեր գույնի ներկեր կարելի է խառնել իրար, բայց չի կարելի պատրաստի Յու-ին չոր գունանյութ ավելացնել։