ՏՏՀ/Նազվարդ
ՆԱԶՎԱՐԴ, մշտադալար թուփ կամ ցածրաբուն ծառ՝ բարակ ճյուղերով, մանր տերևներով և խոշոր, պարզ կամ բազմաթերթ բազմերանգ ծաղիկներով։ Կոկոնած բույսը (խանութից կամ ջերմոցից ձեռք բերած) պետք է դնել լուսավոր զով սենյակում, պատուհանի մոտ։ Ցանկալի է ջրել ձյան, սառնարանի սառույցի, հալոցքաջրով կամ էլ հողի մակերեսը պատել սառցալեզվակներով։ Դա նպաստում է կոկոնների համաչափ բացվելուն և ծաղկման տևողությունը երկարաձգվում է։ Ծաղկաթափ Ն-ի նախորդ տարվա բոլոր ընձյուղները պետք է լավ ծերատել, հեռացնել թույլ և շատ խիտ աճած ճյուղերը, այնուհետև բույսը տեղափոխել թարմ հողով լցված ավելի խոշոր թաղարի մեջ։ Հողախառնուրդը պատրաստել տորֆից և տերևային հովղից (1 մաս հավամրգի տերևներ և 1/2 մաս փշատերևներ)։ Անհրաժեշտ է նաև խեցեփշուրի ու գետի ավազի ցամաքուրդ։ Տեղափոխելիս բույսի արմատավզիկը պետք չէ հողով ծածկել, եղանակները տաքանալուց հետո հարկավոր է այն դնել պատուհանի գոգին կամ պատշգամբում՝ ստվերելով արևի ուժեղ ճառագայթներից, հավասարաչափ ջրել (ցանկալի է անձրևաջրով) և ցողել։ Պետք է Էտել Ն-ի ուժեղ ձգված ընձյուղները, որպեսզի բույսը կողքերից ճյուղավորվի։ Հուլիս-օգոստոսին, երբ առաջանում են ծաղկային բողբոջները, խորհուրդ է տրվում բույսը սնուցել (երկու շաբաթը մեկ) օրգանական կամ հանքային պարարտանյութերով։ Աշնանը Ն. անհրաժեշտ է տեղադրել որքան հնարավոր է պատուհանին մոտ, որպեսզի ջերմաստիճանը 12-14 °C–ից բարձր չլինի, և ավելի սակավ ջրել, բայց այնպես, որ հողի գնդիկները չչորանան։ Ցանկալի ժամանակին ծաղկած բույս ունենալու համար, դրանից երկու ամիս առաջ, Ն. պետք է տեղափոխել ավելի տաք տեղ և վերսկսել կանոնավոր ջրցողել (հեղուկացիրով) և ջրել գոլ ջրով։